Լրահոս
Օրվա լրահոսը

Ընթացք են տրվում վկաների բոլոր հայտարարություններին

Մայիս 29,2009 00:00

Զանգվածային անկարգությունները կազմակերպելու համար ամբաստանվող Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Սասուն Միքայելյանի, Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի քրեական գործերով դատական նիստերում վկաների կողմից՝ իրենց նկատմամբ կիրառված, կիրառվող ճնշումների վերաբերյալ հնչեցված հայտարարությունների վերաբերյալ հարուցվել է 5 քրեական գործ: 4 քրեական գործի հիմք է հանդիսացել դատարանների միջնորդությունը՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին՝ նախաքննության ժամանակ վկաների նկատմամբ կիրառված խորթ մեթոդների վերաբերյալ: Եվս երկու վկայի հայտարարություն ստուգվում է: Դրանց թվում են Գագիկ Ավդալյանն ու Հմայակ Գալստյանը: Նշենք, որ Գագիկ Ավդալյանը մինչ այժմ խուսափել է ներկայանալ նախաքննական մարմին եւ ցուցմունքներ տալ իր նկատմամբ կիրառված բռնությունների վերաբերյալ, որոնց մասին պաշտոնապես հայտարարել է դատարաններում: 5-րդ քրեական գործը վերաբերում է դատաքննության ժամանակ վկաների նկատմամբ կիրառվող ճնշումներին, որի համար հիմք են հանդիսացել դատարաններին հասցեագրված վկաների դիմումները՝ իրենց նկատմամբ պաշտպանական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ՝ նշելով, որ իրենց եւ իրենց հարազատներին ահաբեկում են՝ պահանջելով հրաժարվել նախաքննական ցուցմունքներից:

Այսօրինակ դիմումներ ստացվել են շուրջ 10 վկաներից, որոնց նկատմամբ կիրառվել են պաշտպանական միջոցներ: Հարուցված քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է տարբեր քննչական մարմինների՝ հաշվի առնելով, թե, ըստ վկայի հայտարարության, ովքեր են եղել բռնություն կիրառողները:

Ոստիկանների գործողությունները վիճարկող հայտարարությունների քննությունը հանձնարարվել է հատուկ քննչական ծառայությանը, իսկ մարտի 1-2-ի գործով նախաքննության ընթացքում քննիչների կողմից կիրառված բռնությունների վերաբերյալ հայտարարությունների ստուգումը՝ Ազգային անվտանգության ծառայությանը: Նախաքննական ցուցմունքներից հրաժարվելու վերաբերյալ իրենց վրա ճնշումներ գործադրվելու մասին վկաների հայտարարությունները ուղարկվել են ոստիկանության գլխավոր քննչական վարչություն: Ի դեպ, նշենք, որ ոչ բոլոր վկաներն են նախաքննության ընթացքում պնդում դատարաններում հնչեցրած իրենց հայտարարությունները, մասնավորապես՝ ցուցմունքները ճնշումների ազդեցության տակ տալու վերաբերյալ:

Օրինակ, «Վանատուր» համալիրի պահակ Էդիկ Խաչատրյանը իրեն հարցաքննած քննիչի հետ Ազգային անվտանգության ծառայությունում տեղի ունեցած առերեսման ժամանակ հրաժարվել էր դատարանում հնչեցրած այն հայտարարությունց, թե քննիչը իր նկատմամբ ճնշումներ է կիրառել: Ավելին, ասել է, որ դատարանում սուտ հայտարարություն է արել: «Ես դատարանում սուտ հայտարարություն եմ արել եւ սուտ ցուցմունք տվել այն պարզ պատճառով, որ դատական նիստի ժամանակ, դեմ առ դեմ հանդիպելով Սասուն Միքայելյանին, կաշկանդվել եւ ամաչել եմ նրա դեմ տված ցուցմունքներ տալու հանգամանքից, որ նույնը նաեւ պետք է հայտարարեր էի դատական նիստի ժամանակ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սասուն Միքայելյանը իմ դասընկերն է, ինձ ապահովել է աշխատանքով, Հրազդանի ազատամարտիկների ջոկատի հրամանատարն է, որին բոլորը հարգում եւ ընդունում են, ապա այդ պահին այդ բոլոր հանգամանքները ճնշել են ինձ եւ դրանց ազդեցության ներքո եմ կատարել սխալ հայտարարություն, որ, իբր, հարցաքննության ժամանակ ինձ ծեծի են ենթարկել, որը իրականությանը չի համապատասխանում: Ինձ որեւէ մեկը ծեծի չի ենթարկել, իսկ ցուցմունքներս գրել եմ նորմալ պայմաններում, առանց որեւէ մեկի կողմից գործադրված ազդեցության»։ Քննիչի հետ առերես հարցաքննությունը տեղի է ունեցել վկա Է. Խաչատրյանի փաստաբանի ներկայությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել