Կոռուպցիան, կաշառակերությունը, որպես հասարակական չարիք, բազմիցս բարձրաձայնվում է մեր իրականության մեջ մամուլի եւ հասարակական կազմակերպությունների կողմից, խոսվում է դրա դեմ պայքարի անհրաժեշտության մասին եւ, որպես կանոն, չմոռանալով միշտ նշել, թե իրավապահ մարմինները ոչ բավարար կամք են ցուցաբերում կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ պայքարում: Բայց երբ հարցը հասնում է ոչ թե խոսքով, այլ կոնկրետ գործով ապացուցելու այդ արատավոր երեւույթների դեմ պայքարելու իրական պատրաստակամության մասին, իրավապահ մարմինները մնում են մեն-մենակ, առանց հասարակական աջակցության: Վերոնշյալի վառ օրինակն է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կաշառակերության փաստի առթիվ հարուցված քրեական գործով դատավարությունը, որը ընթանում է Հրազդան քաղաքում:
Կոռուպցիայի, կաշառակերության դասական օրինակ, եւ մեղադրյալներն էլ ոչ թե սովորական, առաջին կարգի ինչ-որ չինովնիկներ, այլ մարզի ոստիկանության քննչական բաժանմունքի պետ եւ քննիչ: Սակայն դատավարությունը, որի առաջին նիստը տեղի է ունեցել սույն թվականի մայիսի 7-ին եւ մինչ օրս տեղի է ունեցել 3 դատական նիստ, որքան էլ տարօրինակ է՝ դեռ չի մտել դատաքննական փուլ: Ամբաստանյալներին, որոնց պաշտպանությանը ներգրավված են 5 փաստաբաններ, 3 նիստի ընթացքում կատարել են 4 միջնորդություն եւ դատարանը 3 նիստում ընդամենը այդ 4 միջնորդության վերաբերյալ որոշում է ընդունել: Սակայն զավեշտն այն է, որ պաշտպանները միջնորդել են մոտ մեկ ամսով հետաձգել դատաքննությունը, պատճառաբանելով՝ իբրեւ իրենք զբաղված են այլ քրեական գործերով դատական նիստերին մասնակցելով. այսինքն՝ 5 փաստաբանից եւ ոչ մեկը ժամանակ չունի մասնակցելու դատական նիստերին: Թե այդքան զբաղված լինելով հանդերձ՝ ինչո՞ւ են ստանձնել պաշտպանությունը՝ պարզ չէ, սակայն փաստն այն է, որ թե ամբաստանյալին եւ թե դատարանին կարծես թե ձեռնտու է դատաքննության ձգձգումը, քանի որ դատարանը բավարարել է պաշտպանների միջնորդությունը՝ չկարեւորելով կաշառակերության դեպքով հարուցված սույն քրեական գործի դատաքննությունը:
Ի դեպ, նշենք, որ այսօր դատական նիստերին մասնակցելու եւ իրենց պաշտպանյալին պաշտպանելու ժամանակ չունեցող փաստաբանները նախկինում բողոքում էին, թե, իբր, նախաքննության ժամկետները արհեստականորեն ձգձգվում են: Տեղեկատվության կարգով նշենք, որ սույն քրեական գործի նախաքննությունն իրականացրել է Հատուկ քննչական ծառայությունը եւ տեւել է մոտ 6 ամիս. քրեական գործը դատարան է ուղարկվել 2008 թվականի դեկտեմբերի 22-ին: Այսինքն՝ արդեն 5 ամիս է, ինչ քրեական գործը գտնվում է դատարանի վարույթում, սակայն դատաքննությունը դեռեւս չի սկսվել:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ, ոստիկանության կապիտան Սեւակ Խաչատրյանը, նույն բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վիկտոր Պապյանը մեղադրվում են քաղաքացի Զիրավարդ Պռազյանից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ՝ նրա անչափահաս որդու կատարած արարքը ավելի մեղմ որակելու համար:
Մասնավորապես, ըստ քրեական գործի նյութերի, 2008 թ. հունվարի 18-ին անչափահաս Ա. Պռազյանը դանակահարել է իր համաքաղաքացի, անչափահաս Արման Ալեքսանյանին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս։
Դեպքի առթիվ ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ, իսկ անչափահասին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է 3-7 տարի ազատազրկում: Այդ պահից նախաքննությունը սկսում է հետաքրքիր զարգացումներ ունենալ: Քննիչ Սեւակ Խաչատրյանը եւ քննչական բաժանմունքի պետ Վիկտոր Պապյանը սկսել են «բանակցություններ» վարել ամբաստանյալի մոր՝ Զիրավարդ Պռազյանի հետ: «Բանակցությունների» արդյունքում քննչական բաժանմունքի պետը եւ քննիչը համաձայնության են գալիս Արայիկի մոր հետ, որ 5500 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց Արայիկ Պռազյանի կատարած հանցանքը Քրօրի 112 հոդվածի 1-ին մասից կվերաորակեն Քրօրի 114 հոդվածի 2-րդ մասով, այն է՝ որպես հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած արարք: Այսինքն՝ նախորդ հոդվածը, որը նախատեսում էր 3-7 տարի ազատազրկում, փոխարինվում է մեկ այլ հոդվածով, որը նախատեսում է 2-3 ամիս կալանք: Եվ այդ տարբերության համար ոստիկանության քննիչները պահանջում են 5500 դոլար:
Պահանջված գումարի մասին քաղաքացին 2008 թվականի հուլիսի 4-ին հայտնել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, որի հիման վրա օրենքով սահմանված կարգով նախապատրաստվել են նյութեր, դատարանի որոշմամբ իրականացվել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, գաղտնալսումներ եւ հսկողություն է սահմանվում կաշառքի փոխանցման պահի նկատմամբ։
2008 թվականի հուլիսի 4-ին Զիրավարդ Պռազյանը հանդիպում է քննչական բաժանմունքի պետ Վիկտոր Պապյանին եւ քննիչ Սեւակ Խաչատրյանին, խոսում է կաշառքի գումարի չափի եւ իր տղայի վերաբերյալ քրեական գործի հետագա ընթացքի մասին։
Տեսնելով, որ Զիրավարդ Պռազյանը դժվարանում է տալ պահանջվող ողջ գումարը՝ 5500 դոլարը, քննիչ Ս. Խաչատրյանը կաշառքի գումարի չափից զիջում է 500 դոլար՝ պահանջելով արդեն 5000 դոլար։ 2008 թվականի հուլիսի 7-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցները քիմիական մշակման են ենթարկում 50 հատ 100 դոլարանոց թղթադրամներ, դրանց վրա տեխնիկական միջոց հանդիսացող հատուկ մատիտով գրում են «կաշառք» բառը եւ հանձնում Զիրավարդ Պռազյանին՝ քննիչ Սեւակ Խաչատրյանին կաշառք տալու համար։
Նույն օրը՝ ժամը 17-ի սահմաններում, Զիրավարդ Պռազյանը գնացել է Կոտայքի քննչական բաժանմունք՝ պահանջվող կաշառքը Սեւակ Խաչատրյանին տալու համար, սակայն տվյալ պահին վերջինս աշխատասենյակում չի գտնվել։ Քննչական բաժանմունքի պետ Վիկտոր Պապյանը տեսնելով միջանցքում կանգնած Զիրավարդ Պռազյանին՝ հրավիրել է իր աշխատասենյակ, որպեսզի սպասեն Սեւակ Խաչատրյանին։ Աշխատասենյակում գտնվելու ժամանակ Զիրավարդ Պռազյանն ասել է, որ բերել է պահանջվող 5000 դոլարը եւ առաջարկել է վերցնել այն, սակայն Վիկտոր Պապյանը պատասխանել է. «Այդ հարցը լուծեք քննիչի հետ»: Այսինքն՝ առաջարկել է գումարը տալ քննիչին։ Որոշ ժամանակ անց քննիչ Սեւակ Խաչատրյանը վերադարձել է եւ իր աշխատասենյակում Զիրավարդ Պռազյանից անձամբ ստացել է 5000 դոլար կաշառքը, սակայն կաշառքը ստանալուց անմիջապես հետո ՀՀ ԱԱԾ աշխատակիցները բռնել են նրան եւ հայտնաբերել կաշառք ստացած գումարը, որը քննիչ Սեւակ Խաչատրյանը դրել էր ՀՀ քրեական օրենսգրքի մեջ եւ թաքցրել իր աշխատասենյակում գտնվող բազմոցում։ Հայտնաբերված 50 հատ 100 դոլարանոց թղթադրամները զննության են ենթարկվել ուլտրամանուշակագույն ճառագայթների տակ եւ տեսանելի է դարձել, որ դրանցից յուրաքանչյուրի վրա հատուկ մատիտով գրված է «կաշառք» բառը։ Նույն սարքով ստուգվել են նաեւ Սեւակ Խաչատրյանի ձեռքերը եւ պարզվել է, որ նրա աջ ձեռքի ճկույթը եւ ցուցամատը, իսկ ձախ ձեռքի բոլոր մատները լուսարձակել են կարմիր գույնով։