ԿԸՀ-ն «սրբագրում» է օրենքները
Իշխանության արձագանքը
Հինգշաբթի օրը ՀՀ ԿԸՀ-ն որոշում ընդունեց, որ առաջիկա ընտրություններին զինծառայողների մասնակցության հարցը վերաբերում է բացառապես ոչ ժամկետային զինծառայողներին: Այս դեպքում, ըստ իշխանությունների, ոչ մի օրինախախտում չկա: Բայց բանն այն է, պաշտպանության նախարարի հանձնարարականի համաձայն, այս օրերին, հակառակ ԿԸՀ եւ ՊՆ պաշտոնյաների պնդումների, ՀՀ տարբեր զորամասերից հենց ժամկետային զինծառայողների ակտիվ հոսք կա դեպի Երեւան: Այդ փաստը մայիսի 27-ին արձանագրել է նաեւ «Ազատություն» ռ/կ-ն՝ այցելելով նրանցից մի քանիսի տները: Արդյունքում ահազանգը հաստատվել է: Ու թեեւ զինվորների ծնողներից մի քանիսը հայտարարել են, թե դա ընտրությունների հետ կապ չունի, բայց պարզվել էր, որ տարօրինակ «զուգադիպությամբ» այդ բոլոր ընտանիքները պատրաստվում են քվեարկել հօգուտ Բեգլարյանի, ավելին՝ ոմանք ասել են, թե իրենց զավակներին արձակուրդ է տրվել հենց Բեգլարյանի «բարձր հովանու» ներքո:
Ընդդիմության արձագանքը այս փաստի առնչությամբ հայտնի է: Երեկ մենք փորձեցինք ճշտել մասնավորապես ԲՀԿ-ի վերաբերմունքը զինծառայողներին ընտրություններին մասնակցելու հնարավորություն տալու առնչությամբ: ԲՀԿ նախընտրական շտաբի պետ Նաիրա Զոհրաբյանը «Առավոտի» հետ զրույցում ԿԸՀ որոշման ու ոչ ժամկետային զինծառայողների քվեարկության դեմ չառարկեց: Ինչ վերաբերում է ժամկետային զինծառայողներին, ապա հայտարարեց. «Մենք արդեն հանձնարարել ենք մեր բոլոր շտաբներին ուսումնասիրել եւ կրկին համեմատել ընտրացուցակները, եւ եթե այնտեղ ավելացված լինեն անուններ, որոնց տարիքը 18-20 է, այսինքն՝ նրանք ենթադրյալ զինակոչիկային տարիքի են, բնականաբար, մենք անպայմանորեն հետեւություններ կանենք»: Անդրադառնալով ժամկետային զինծառայողներին թեկնածուներից մեկի՝ ՀՀԿ-ական Գ. Բեգլարյանի օժանդակությամբ արձակուրդ տալու վերաբերյալ ռ/կ-ի տեղեկությանը, ինչը, ըստ էության, էլի վարչական ռեսուրսի կիրառման դրսեւորում է, Ն. Զոհրաբյանն ասաց. «Ես ե՛ւ «100 տոկոսանոց» ցուցակների, ե՛ւ այդ դեպքում դրա օգտակար գործողության գործակիցը զրո եմ համարում: Նույնիսկ եթե իրենք լավություն են արել ու զինակոչիկին թողել են տուն, ես խիստ կասկածում եմ, թե այդ զինակոչիկի ծնողը գնալու է եւ պարտադրանքով քվեարկելու է: Դրանք շատ քիչ ազդեցություն են գործում: Ավելի լուրջ է հաջորդ ահազանգը, որ զինակոչիկները կարող են գալ Երեւան, ետ ստանալ իրենց անձնագրերն ու քվեարկել: Մենք հիմա զբաղված ենք այդ խնդրով, եւ եթե այդ մտահոգությունները հաստատվեն, մենք լուրջ հետեւություններ կանենք»:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
Ընդդիմության արձագանքը
Նախորդ օրը երեկոյան հրավիրած արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում կայացրեց՝ թույլատրել զինծառայողներին մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին: Խոսքը ոչ ժամկետային զինծառայողների մասին է: Ուշագրավն այն է, որ սույն որոշման մասին ԿԸՀ պաշտոնական կայքում տեղեկատվություն այդպես էլ չտեղադրվեց, այն չլուսաբանվեց նաեւ «պատասխանատու» հեռուստաընկերությունների կողմից: Մեկնաբանելով ԿԸՀ սույն որոշումը՝ երեկ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Ես միանշանակ այն կարծիքին եմ, որ զինծառայողների ներգրավումը կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ուղղակի նպատակ ունի արհեստականորեն մեծացնելու ընտրողների թիվը եւ հիմնականում այն ընտրողների, ովքեր պետք է իրենց ձայնը տան իշխանության ներկայացուցիչներին: Դա ակնհայտ է, քանի որ տեղականինքնակառավարման մարմինների ընտրություններին, Ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն, զինծառայողներն իրավունք չունեին մասնակցելու: Եթե օրենքը խախտվում է, կնշանակի խախտվում է որոշակի նպատակի համար, իսկ նպատակն ակնհայտ է, որովհետեւ իշխանական թեւը ներկայացնող ԿԸՀ վեց անդամները «կողմ» քվեարկեցին այդ որոշմանը»:
«Առավոտի» դիտարկմանը՝ ԿԸՀ-ի կողմից սեփական հարմարությամբ օրենքի վերափոխումը կարո՞ղ է հիմք հանդիսանալ այս ընտրությունների օրինականությունը կասկածի տակ դնելու եւ դատական կարգով վիճարկելու համար, Զոյա Թադեւոսյանը նկատեց, որ ընտրություններին մասնակցող կողմերը մինչ այժմ էլ կարող էին վիճարկել դրանց օրինականությունը, քանի որ ի սկզբանե դրանք արդեն հակասահմանադրական են: Այն առումով, որ մեկ տարի առաջ համայնքային ընտրություններ են տեղի ունեցել, եւ ընտրվել են թաղապետեր ու համայնքային ավագանիներ, որոնց լիազորությունները դադարեցվում են մայիսի 31-ին կայանալիք ընտրություններով, մինչդեռ այդ իրավունքը որեւէ տեղ ամրագրված չէ: Այդպիսով, ոտնահարվում է նաեւ մարդկանց ընտրական իրավունքը: Որպեսզի Սահմանադրությունը չխախտվեր, տիկին Թադեւոսյանը գտնում է, որ Երեւանի քաղաքապետը պետք է ընտրվեր ոչ թե անուղղակի, այլ ուղղակի կարգով: Մեր զրուցակիցը գտնում է, որ քաղաքապետի անուղղակի ընտրություններն առաջ քաշվեցին հենց այն պատճառով, որ իշխանությունը վստահ չէր, որ ուղղակի ընտրությունները կհաղթահարեին. «Եվ ամենակարեւորը՝ դրվեց 40+1 տոկոսի գաղափարը, որովհետեւ 50 եւ ավելի տոկոս հավաքելն ավելի բարդ կլիներ»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ