Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԸ ԾԱՆՐԱԿՇԻՌ Է

Մայիս 29,2009 00:00

\"\"Ասում է քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը

Քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը նորմալ է գնահատում այն, որ Հայաստանում քաղաքական ընտրությունները վերաճում են մրցակից կողմերի միջեւ խորը առճակատման, որ ընտրությունների ընթացքում եւ դրանից հետո մրցակիցներն իրար կարող են ծեծել ու անգամ կացնահարել՝ ընտրական տեղամասում անդամ ունենալու համար, իսկ ընտրություններից հետո հաղթող կողմն էլ պարզապես ոչնչացնել պարտվածին: Ա. Բադալյանի ասելով, սա արեւելյան երկրներին բնորոշ դրսեւորում է, ու այդպիսի արեւելյան տիպի երկիր է նաեւ Հայաստանը, որը փորձում է տեղավորվել եվրոպական արժեքների տրամաբանության շրջանակներում:

Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններում երեք ֆավորիտ համարվող ուժերի՝ Հայ ազգային կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստան» եւ Հանրապետական կուսակցությունների փոխհարաբերություններին, ապա քաղաքական տեխնոլոգի ասելով՝ նրանք երեքն էլ ռեալ մրցակիցներ են: Բայց եթե այս ընտրություններում ՀԱԿ-ը՝ ի դեմս քաղաքապետի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի, եւ ՀՀԿ-ն՝ իր թեկնածու Գագիկ Բեգլարյանով հանդերձ, այսպես ասած՝ քաղաքական մրցակիցներ են, ապա ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն «վարչական» մրցակիցներ են: Նրա կարծիքով, ԲՀԿ-ն այդպես էլ չկարողացավ ձեւավորել իր թեկնածուի կերպարը, ուստի՝ դա կփորձի փոխհատուցել ընտրություններում վարչական ռեսուրսի կիրառմամբ: «ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ պայքարը ոչ թե քաղաքական է՝ համակարգային փոփոխություն, այլ վարչական ռեսուրսներ ունեցողների միջեւ է ու իրենց վարչական ազդեցությունը ծավալելու ու պահպանելու համար է»,- պարզաբանեց տեխնոլոգը: Ի պատասխան մեր հարցին, թե պայքարի այդ երկու տեսակներից ո՞րն է ավելի կատաղի, Ա. Բադալյանն ասաց. «Ե՛վ մեկը, ե՛ւ մյուսը, որովհետեւ թե՛ ԲՀԿ-ում, թե՛ ՀՀԿ-ում կան մարդիկ, գործարարներ, որոնք աշխատում են այս երկրում չգրված օրենքներով: Նրանց միջեւ թեեւ գաղափարական որեւէ տարբերություն չկա, բայց կա կատաղի կռիվ, որովհետեւ երկու կողմում էլ գիտեն, որ մրցակցի առավելության դեպքում իրենք ինչ-որ մասով զրկվելու են իրենց սեփականությունից, ու հենց այդ պատճառով իրար կատաղի ոչնչացնելու են»:

Ա. Բադալյանի դիտարկմամբ, ուժեղ պայքար է լինելու նաեւ Լ. Տեր-Պետրոսյանի եւ Գ. Բեգլարյանի միջեւ, որովհետեւ «ՀՀԿ-ում գիտեն, որ եթե քաղաքապետ դարձավ Լ. Տեր-Պետրոսյանը, իրենք՝ շատ ՀՀԿ-ականներ, զրկվելու են ձեռք բերած մենաշնորհներից, երթուղայինի գծերից, քանի որ Տեր-Պետրոսյանը խոստանում է՝ իր հաղթանակի պարագայում ամեն ինչ արդար է լինելու: Այդպես կլինի, թե ոչ՝ այլ խնդիր է»:

Իմաստ ունի՞ քաղաքապետի աթոռի համար կատաղի պայքար մղել, երբ երկրի ղեկը, միեւնույն է, մնալու է ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի ձեռքին: Ա. Բադալյանի համոզմամբ՝ իմաստ ունի, որովհետեւ քաղաքապետի պաշտոնը շատ կարեւոր է ու առանցքային. «Հայաստանը Ռուսաստան չի, եւ Հայաստանի բիզնեսի մի հսկայական հատվածը, միգուցե՝ 60-70%-ը, կենտրոնացած է Երեւանում: Եվ նա, ով կլինի Երեւանի քաղաքապետ, կարող է ազդել բիզնեսի վրա: Իսկ որտե՞ղ են մեր բիզնեսմենները՝ խորհրդարանում: Նշանակում է, որ քաղաքապետը բիզնեսի ու բիզնեսմենների միջոցով կարող է ազդել նաեւ ԱԺ-ի, այնտեղ ընդունվելիք որոշումների եւ օրենքների վրա: Իսկ ԱԺ-ն իր հերթին ազդում է գործադիր մարմնի՝ կառավարության վրա, որովհետեւ այդպես սահմանված է ՀՀ գործող Սահմանադրությամբ: Այսինքն՝ Երեւանի քաղաքապետը կարող է ազդել նաեւ ՀՀ կառավարության քաղաքականության վրա: Եթե առաջիկա ընտրություններում հաղթի Լ. Տեր-Պետրոսյանն ու նրա գլխավորած ուժը, այո, նա ազդեցություն կունենա կառավարության քաղաքականության վրա: Եթե ԲՀԿ-ն կարողացավ զգալի տեղեր ստանալ ավագանիում, նա եւ նրա թիկունքում կանգնած ուժերն էլ են ազդելու կառավարության քաղաքականության վրա»:

Բայց արդյոք քաղաքապետի պաշտոնը ստանձնելը հնարավորությո՞ւն է տալու ազդել ամբողջ երկրում վարվող քաղաքականության վրա, կամ ինչպես ընդդիմությունն է ասում՝ սահմանադրական կարգ ու օրինականություն հաստատել Հայաստանում: Արդյոք ընդդիմության այս պնդումը ընդամենը քարոզչական հնարք չէ՞: «Խոստումներն ու հայտարարությունները նախընտրական քարոզարշավին բնորոշ նյութեր են, որոնք բոլորն էլ օգտագործում են: Երբ խոսքը սահմանադրական կարգ հաստատելու մասին է, ապա դա չի նշանակում, որ եթե Տեր-Պետրոսյանը ընտրվի քաղաքապետ, հունիսի 2-ից երկրում այդ կարգը կհաստատվի: Դա որոշակի ժամանակ կպահանջի՝ վե՞ց ամիս, թե՞ մեկ տարի, դա չի էականը, բայց փաստ է, որ ապագա քաղաքապետը կարող է ազդել ԱԺ-ի եւ կառավարության վրա: Եվ այդ պնդումը, ո՛չ, այնքան էլ քարոզչական տրյուկ չի, եւ ասեմ, թե ինչու: Կա պատգամավոր, որն ունի երթուղայինի գծեր: Պատկերացրեք, որ քաղաքապետարանից նրան կանչում ու ասում են՝ հարգելիս, կամ դու ԱԺ-ում այսինչ օրենքի նախագծին կողմ ես քվեարկում, կամ զրկվում ես գծերիցդ: Օրինագիծը կարող է որոշակիորեն դեմ լինել կառավարության քաղաքականությանը, բայց դու պիտի որոշես՝ գծե՞րդ, թե՞ կուսակցական համերաշխությունդ: Ի՞նչ եք կարծում, գործարար պատգամավորը ո՞րը կընտրի: Իհարկե, գծերը: Իսկ ԱԺ-ում քանի՞ պատգամավոր կա, որ գծեր ունի, քանի՞ պատգամավոր կա, որ քաղաքապետարանին ենթակա պետական հիմնարկ-ձեռնարկություններում բարձրաստիճան կամ տնօրեն բարեկամներ ունի, որքա՞նը Երեւանում խանութներ ու այլ օբյեկտներ ունեն, որոնք նաեւ կարող են լուրջ պրոբլեմներ ունենալ: Կարծում եք այդ պատգամավորը կնախընտրի նժդեհականությո՞ւնը, թե՞ իր օբյեկտից ստացած եկամուտը: Բնականաբար՝ երկրորդը: Այսինքն՝ երբ Լ. Տեր-Պետրոսյանն ասում է, որ քաղաքապետ դառնալուց հետո նա էապես կամ զգալի ազդեցություն կունենա քաղաքական դաշտում, դա, իրոք, այդպես է, եթե, իհարկե, նրա թիմում գիտեն, թե ինչպես պետք է օգտագործել քաղաքապետարանի լծակները: Իսկ Տեր-Պետրոսյանի կողքին կանգնած են մարդիկ՝ շատ-շատերը, որոնք նորելուկներ չեն ու երբեւէ բարձր պաշտոններ են զբաղեցրել, տիրապետում են կառավարման կուլտուրային եւ գիտեն՝ ինչպես իրենց պաշտոնը աշխատեցնել ցանկալի արդյունք ստանալու համար: Նրանք գիտեն՝ ինչպես ազդել ԱԺ-ի վրա, եւ լավ հասկանում են՝ ինչպես քանդել Ռ. Քոչարյանի ստեղծած համակարգը: Թվում էր, թե այդ համակարգի գոյության պարագայում, երբ բիզնեսը ամբողջությամբ մտել է խորհրդարան, իշխանությունն ավելի ուժեղ է, բայց իրականում հենց դա՛ է այս համակարգի թուլությունը, եւ հե՛նց Քոչարյանի ստեղծած համակարգի միջոցով Լ. Տեր-Պետրոսյանը կարող է խփել այսօրվա իշխանություններին կամ նվազագույնը՝ ազդել այդ համակարգի վրա»:

Ա. Բադալյանը միաժամանակ մտահոգություն հայտնեց առաջիկա ընտրությունների արդար ու ազատ անցկացման առնչությամբ, ասելով, որ եթե այս անգամ էլ չհաջողվի այդպիսի ընտրություններ անցկացնել, ապա հասարակությունը կընկնի ապատիայի, հիասթափության մեջ՝ անտարբեր դառնալով նաեւ արտաքին մարտահրավերների, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի նկատմամբ, արդյունքում երկիրը կկորցնի դիմադրողականությունը որեւէ մարտահրավերի դիմակայելիս, իսկ դա կլինի մեր վերջը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել