«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը երեկ հրապարակել է իր տարեկան զեկույցը, որում անդրադարձ կա նաեւ Հայաստանում մարդու իրավունքների վիճակին: Իրավապաշտպանները ամփոփել են 2008-ի իրադարձությունները՝ հիմնական ուշադրությունը սեւեռելով մարտի 1-2-ի եւ հաջորդած իրադարձությունների վրա:
Անդրադառնալով ընդդիմության կողմնակիցների ձերբակալություններին՝ իրավապաշտպանները նշում են. «Ձերբակալվածներից ոմանք, ըստ ստացված տեղեկությունների, ոստիկանության կողմից ենթարկվել են դաժան վերաբերմունքի ու ծեծի: Ձերբակալվածներից շատերը տարեվերջին դեռ նախնական կալանքի տակ էին գտնվում»:
Փաստաթղթում նշված է, թե ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի բարձրաձայնած դժգոհության արդյունքում էր միայն, որ ապրիլի 22-ին Հայաստանի խորհրդարանը ստիպված էր մեղմացնել հանրահավաքների մասին օրենքի որոշ դրույթները. «Չնայած դրան, Երեւանի քաղաքային իշխանությունները շարունակում էին արգելել ընդդիմության որոշ հանրահավաքները»:
«Amnesty International»-ի զեկույցում անդրադարձ կա նաեւ լրագրողների, իրավապաշտպանների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների դեմ 2008-ի ընթացքում իրականացված բռնություններին:
Զեկույցում հիշատակվում են «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանի, «Ազատություն» ռ/կ-ի Երեւանի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Հրաչ Մելքումյանի նկատմամբ կատարված հարձակումները, հատուկ անդրադարձ կա Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերության շուրջ ծավալված իրադարձություններին: «2008-ի տարեվերջին այս գործերի հետաքննության ընթացքում որեւէ առաջընթաց չէր արձանագրվել»,- նշում են իրավապաշտպանները՝ հավելելով, որ ընդդիմության ակտիվիստների եւ իրավապաշտպանների դեմ իրականացված հարձակումների հետաքննությունը եւս օպերատիվ ու մանրակրկիտ կերպով չի իրականացվել: Խոսքը, մասնավորապես, 2008-ի մայիսի 21-ին Հայաստանի հելսինկյան ընկերակցության ղեկավար Միքայել Դանիելյանի, մայիսի 28-ին երիտասարդ ընդդիմադիր ակտիվիստ Արսեն Խառատյանի եւ հունիսի 25-ին «Հիմա» շարժման անդամ Նարեկ Հովակիմյանի դեմ իրականացված հարձակումների մասին է. «Տարեվերջին դեռ որեւէ մեկին այս հանցագործությունները կատարելու համար մեղադրանք չէր առաջադրվել»: