Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սարդարապատում պատասխանել է լրագրողների հարցերին:
– Հանրապետության տոնի առթիվ մեր ժողովրդին ուղղած Ձեր ուղերձն առանձնանում էր հասարակության միասնականության ապահովման նոր էջ բացելու կոչով, հորդորով: Այս համատեքստում, պատրաստվո՞ւմ եք արդյոք օգտվել համաներման շնորհման Ձեր սահմանադրական իրավունքից:
– Վերջին անգամ մեր հանրապետությունում համաներում կիրառվել է 2006 թվականին: Եթե այս 3 տարիների ընթացքում հասարակության մեջ հասունացել է նոր համաներում հայտարարելու եւ կիրառելու գաղափար, անհրաժեշտություն, ապա ես իրոք պատրաստ եմ օգտվելու իմ սահմանադրական իրավունքից: Ուստի կոչ եմ անում քաղաքական ուժերին, հասարակական գործիչներին, Հանրային խորհրդին, որպեսզի իրենց առաջարկությունները համաներման անհրաժեշտության ու պայմանների մասին ներկայացնեն նախագահական նստավայր, եւ եթե արդյունքում պարզվի, որ իրոք կա այդպիսի ցանկություն հասարակության մեջ, ապա ես անմիջապես կօգտվեմ իմ սահմանադրական իրավունքից եւ կդիմեմ Ազգային ժողով:
– Մոտենում է ավարտին Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, ինչպե՞ս եք գնահատում այդ ընթացքը, եւ ինչպիսի՞ն է Ձեր ուղերձը այդ գործընթացի վերաբերյալ:
– Ես ընթացքը գնահատում եմ նորմալ, գնահատում եմ լավ: Համարում եմ, որ քաղաքական ուժերը հավասար հնարավորություններ ունեցան Երեւանի զարգացման իրենց ծրագրերի, իրենց տեսլականի մասին ազատորեն խոսելու ընտրողների, Երեւանի բնակիչների հետ: Կարծում եմ՝ հեռուստաընկերությունները կարողացան հավասարաչափ, անկողմնակալ լուսաբանել քաղաքական ուժերի գործունեությունը: Ուրախ եմ, որ տարբեր քաղաքական ուժեր տարբեր նախընտրական տեխնոլոգիաներ կիրառեցին՝ սկսած հանրահավաքներից ու երթերից, ավարտած բակային հանդիպումներով, դռնեդուռ անցնելով:
Իմ կոչը, ուղերձը, խնդրանքը քաղաքական ուժերին այն է, որ ավելորդ լարվածություններ չստեղծեն, նույն ոգով շարունակեն, այս մի քանի օրերի ընթացքում ավարտեն իրենց նախընտրական քարոզչությունը եւ ամսի 31-ին անցկացնեն լավ ընտրություններ. այնպիսի ընտրություններ, որոնք կարող են հիմք դառնալ եւ մեր բնակչության, եւ միջազգային կազմակերպությունների համար՝ ասելու, որ այս ընտրությունները լավագույնն էին Հայաստանում:
– Ի՞նչ արդյունք եք ակնկալում ընտրություններից եւ ո՞ւմ կուզենայիք տեսնել ավագանու կազմում:
– Որպես Երեւանի բնակիչ եւ որպես ՀՀԿ նախագահ, կարծում եմ, որեւէ մեկի մոտ կասկած չկա, թե ես ինչ եմ ուզում: Իմ ցանկությունն ակնհայտ է, եւ ես ուրախ եմ, որ Հանրապետական կուսակցությունը կարողացավ կազմակերպված անցկացնել այս ժամանակահատվածը եւ ընտրությունների օրվան մոտենալ շատ լավ հնարավորություններով: Կարծում եմ, գոնե այս փաստը որեւէ մեկը մեր հասարակության մեջ չի վիճարկում: Ես ուրախ եմ նաեւ, որ մեր կոալիցիոն գործընկերը՝ ԲՀԿ-ն, եւս շատ պատասխանատու մոտեցում ցուցաբերեց ընտրությունների նկատմամբ եւ այսօր առաջատարների շարքում է: Կարծում եմ, որեւէ մեկը չի կասկածում, որ «Բարգավաճ Հայաստանն» իր դերակատարությունը կունենա Երեւան քաղաքի կառավարման գործում: Իհարկե, ես ցանկանում եմ, որպեսզի մեր մյուս կոալիցիոն գործընկերը՝ ՕԵԿ-ը եւս հաջողության հասնի: Նույնը վերաբերում է նաեւ ՀՅԴ-ին: Լինելով կառուցողական ընդդիմություն՝ Դաշնակցությունը մեծ դերակատարություն կարող է ունենալ Երեւանի կառավարման գործում, եւ նրա մասնակցությունը Երեւանի կառավարմանը միայն ու միայն օգուտ կբերի Երեւանին եւ ընդհանրապես՝ մեր երկրին:
Բայց որպես ՀՀ նախագահ՝ ես ընտրությունները դիտում եմ որպես մի գործընթաց, որը պետք է ընթանա զուտ օրենքի եւ օրինականության շրջանակներում: Այս առումով կարծում եմ՝ ե՛ւ դիմությունը, ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ ընդհանրապես բոլոր քաղաքական ուժերը պետք է պատրաստ լինեն՝ ընդունելու ընտրության արդյունքները: Սա է, որ մենք պետք է կարողանանք հասցնել յուրաքանչյուր երեւանցու: