Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ՎՍՏԱՀ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ»

Մայիս 29,2009 00:00

\"\"Ասում է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը

– Եվս մեկ օր եւ կավարտվի Երեւանի ընտրությունների քարոզարշավը, ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ընթացքը:

– Չնայած մերթընդմերթ տեղի ունեցող տհաճ միջադեպերին, կարելի է գնահատել դրական, որովհետեւ բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն ունեն ներկայացնել իրենց մոտեցումները եւ տեսակետները, տեղի են ունենում հանդիպումներ, քննարկումներ, յուրաքանչյուրը ներկայացնում է իր ծրագիրը: Բոլոր ուժերի ներկայացուցիչներն էլ արձանագրում են, որ այս անգամ նախընտրական քարոզարշավն անցնում է ավելի քաղաքակիրթ մրցապայքարում, եւ դա ողջունելի է: Մեր տրամադրությունը բարձր է, մարտական, մենք վստահ ենք մեր հաջողությանը, որովհետեւ դրա հիմքում տարիներ շարունակ կատարած համառ եւ հետեւողական աշխատանքն է եւ ապագայի հավակնոտ ծրագրերը: Կուսակցության քարոզարշավի ընթացքում 300-ից ավելի հանդիպումներ են տեղի ունեցել, մեր քաղաքական թիմի ներկայացուցիչները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել փողոցներում, բակերում, ներկայացրել են մեր մոտեցումներն ու ծրագրերը: Մեր անցած 12 տարվա քաղաքական ճանապարհը ցույց է տալիս, որ ՕԵԿ-ը հաղթել է բոլոր համապետական ընտրություններում, մեր թիկունքում կա վիթխարի աշխատանք, եւ մենք ունենք շատ հետաքրքիր ծրագրեր, առաջարկում ենք մայրաքաղաքի զարգացմանն ուղղված բազմաթիվ բարեփոխումներ:

– Ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերն էլ առաջարկում են ծրագրեր, բոլորն էլ ընդգծում են, որ իրենցն ամենալավն է ու մարտունակը: Ընտրողն ինչո՞ւ պետք է իր ձայնը տա հենց ՕԵԿ-ին:

– Առաջին հերթին՝ այն գործերի համար, որ իրականացրել է «Օրինաց երկիրը»: 12 տարվա մեր քաղաքական կենսագրության ընթացքում թեեւ շատ հաճախ ես եւ ՕԵԿ-ը քննադատության թիրախ ենք եղել, մեր ներկայացրած գաղափարները միշտ չէ, որ միանգամից հավանության են արժանացել, հաճախ մեզ մեղադրել են ոչ իրատեսական մոտեցումներ առաջ քաշելու մեջ, բայց կյանքն ապացուցել է, որ այն ամենն, ինչ ասել ենք, իրականություն է դարձել: Եթե դեռ երեկ ավանդների վերադարձը շատերի համար ծիծաղելի էր հնչում, ապա այսօր այն իրականություն է դարձել բազմաթիվ ընտանիքների համար, եւ մենք դեռ շարունակելու ենք պայքարել, որ բոլոր ավանդատուները եւ ոչ թե սոսկ սոցիալապես խոցելի խավերը կարողանան ստանալ իրենց ավանդները: Արդեն իրականություն են դարձել պոլիկլինիկական անվճար համակարգի գոյությունը, անվճար սերտիֆիկացիոն ծննդօգնության եւ ծննդաբերության համակարգի ներդրումը, մինչեւ 2 տարեկան երեխաների նպաստների շուրջ 6 անգամ ավելացումը, իսկ երրորդ երեխայի ծնվելու դեպքում շուրջ 430 հազար դրամի ֆինանսական աջակցության ցուցաբերումը պետության կողմից: Կրթության համակարգում արդեն գործում է մրցակցային սկզբունքը, համաձայն որի՝ շնորհալի երեխաները կարող են սովորել անվճար կամ զեղչով՝ ելնելով իրենց ուսման առաջադիմության աստիճանից: Իրականություն է աղետի գոտու վերականգնման ընթացքը, որը ենթադրում է առաջիկա տարիներին շուրջ 6 հազար ընտանիքի բնակարանով ապահովում, ինչը Սերժ Սարգսյանի եւ իմ ստորագրած՝ քաղաքական կոալիցիա կազմելու մասին փաստաթղթի առանցքային դրույթներից է: «Օրինաց երկիրն» այսօր եւս ԱԺ-ի ամենաակտիվ խմբակցություններից է, որը հեղինակել է 30-ից ավելի օրենսդրական նախաձեռնություններ, որոնք վերաբերում են տարաբնույթ խնդիրների՝ սկսած բռնադատվածների խնդիրներից մինչեւ սոցիալական ու տնտեսական զանազան հարցեր: Մենք մասնակցում ենք Երեւանի ավագանու ընտրություններին հստակ ծրագրով, կոնկրետ առաջարկություններով, նոր մոտեցումներով՝ լուծումներ տալու մայրաքաղաքի առջեւ ծառացած բազմապիսի խնդիրներին: Հարցնում եք՝ ինչո՞ւ պետք է ընտրողն իր ձայնը տա «Օրինաց երկրին». շատ պարզ պատճառով, որովհետեւ մենք ընտրողին չենք առաջարկում 5000 դրամ: Ես ուզում եմ, որ մեր հայրենակիցները մի պարզ բան հասկանան, որ փող տվողը հիմար մարդ չէ: Փող բաժանողները հստակ գիտակցում են, որ հետո մարդկանց «քթից բերելու են»: Եթե մենք ուզում ենք լավ Հայաստանում ապրել, պետք է հասկանանք, որ եթե մի քանի հազար դրամ վերցնելով՝ քվեարկում ենք, ապա մենք երբեք չենք կարող լավ ապրել:

– Հաճախ եք օգտագործում հռետորական «իսկ ինչո՞ւ ոչ» հարցը, օրինակ, ասում եք՝ իսկ ինչո՞ւ ոչ կին քաղաքապետ:

– Կարծում եմ՝ մեր լուծումն առանձնահատուկ էր, քանի որ առաջադրել ենք կին թեկնածուի: Չնայած շատերը քննադատում են, թե ի՞նչ է, մի տղամարդ չկար կուսակցությունում, որ կին ընտրեցիք: Բայց սա այն դեպքն է, որ ոչ թե պետք է անընդհատ խոսել, թե ինչու կանանց տեղ չենք տալիս, այլ գործնական քայլեր ձեռնարկել: Հիմա կանանց տեղ ենք տվել, տեսնենք, թե ինչ դիրքորոշում կունենան նաեւ կին ընտրողները: Հեղինե Բիշարյանը կայացած քաղաքական գործիչ է, ԱԺ-ում ՕԵԿ խմբակցության ղեկավարը: Նա ապացուցել է մեր պայքարին իր նվիրվածությունը, սկզբունքայնությունը: Հ. Բիշարյանը համակիրների լայն շրջանակ ունի ե՛ւ կուսակցության մեջ, ե՛ւ նրանից դուրս: 1,5 տարի առաջ նա Շենգավիթում հավաքեց շուրջ 14 հազար քվե՝ որպես մեծամասնական թեկնածու, առանց բռնաճնշումների եւ ընտրակաշառքի:

– Ցուցակում ՕԵԿ-ը յոթերորդն է: Հավատո՞ւմ եք, որ 7 թիվը ձեզ հաջողություն կբերի:

– Ես 7 թիվը շատ եմ սիրում՝ աստվածահաճո այդ թիվն ինչ-որ դրական էմոցիաներ է բերում: Կարծում եմ՝ դա կբերի հաջողություն, մանավանդ, որ այդ թվի թիկունքում ներկայացված է մրցունակ ծրագիր, մարտունակ թիմ, որն ի զորու է այսօր լուծել մեր քաղաքում կուտակված խնդիրները: Գտնում եմ նաեւ, որ մեր բոլոր մրցակիցները հարգանքի արժանի են: Յուրաքանչյուրը ներկայացնում է իր տեսակետը, իր մոտեցումները, եւ ժողովուրդը պիտի կատարի համապատասխան ընտրություն:

– Ի՞նչ կանխատեսումներ կարող եք անել:

– Չեմ ցանկանում կանխագուշակություններով զբաղվել, սակայն մի բան կուզենայի ընդգծել. եթե մենք ուզում ենք ունենալ ուժեղ քաղաքապետ, ապա այդ քաղաքապետը կարող է արդյունավետ բարեփոխումներ իրականացնել, եթե իր թիկունքում ծանրակշիռ քվեներ, քաղաքական ուժերի լուրջ աջակցություն ունենա, որովհետեւ, իրոք, Երեւանում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է հրատապ լուծվեն՝ սկսած տարրական հարցերից, բյուրոկրատական քաշքշուկներից, որոնք կարելի է շատ արագ լուծել: Շատ խնդիրներ կան, որոնց լուծումը մարդիկ հենց այս ընտրությունների հետ են կապում: Ես կարծում եմ նաեւ՝ ռազմավարական պլանավորումը, կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերի մշակումը եւ իրականացումը հնարավոր են միայն ուժեղ քաղաքական իշխանության դեպքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել