Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ՝ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ

Մայիս 28,2009 00:00

Ինչպես տեղեկացնում է «Նոյյան տապանը», Լիբանանում, Բուրջ Համուդի քաղաքապետարանի մարզադաշտին կից տարածքում մայիսի 24-ին տեղի է ունեցել Բուրջ Համուդի հայկական նոր վարժարանի հիմնադրման արարողությունը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հովանավորությամբ: Միջոցառմանը ներկա են եղել պետական այրեր, գաղութի պատկան մարմինների ներկայացուցիչներ, հոգեւորականներ եւ հյուրեր: Լիբանանահայոց հոգեւոր առաջնորդ Գեղամ եպիսկոպոս Խաչերյանն իր խոսքում շեշտել է, որ կառուցվելիք Ազգային նոր վարժարանը իր սահմաններով շատ ավելի հեռուն է տարածվում, քան այդ փոքրիկ տարածքը: «Ազգային վարժարանները մեր ժողովրդի վերականգնումի վկաներն են,- ավելացրել է առաջնորդ սրբազանը:- Սա խոսուն վկայություն է, որ Լիբանանի հայությունը կենսունակ, ժիր եւ գործունյա է»:

Արարողության ավարտին Արամ Ա կաթողիկոսը փոխանցել է իր պատգամը: «Այսօր դուք՝ իբրեւ լիբանանահայություն, եւս մեկ անգամ եկել եք վկայելու, որ լիբանանահայությունը ոչ միայն վերականգնվել է, այլեւ իր կյանքի առջեւ բացել է գործունեության, կենսունակության նոր ընթացք»,- շեշտել է Արամ Ա կաթողիկոսը, ավելացնելով, որ ինքը մոտիկից հետեւում է լիբանանահայության բոլոր աշխատանքներին եւ ուրախությամբ նկատում է, որ նրա կյանքում եռուզեռ, կենսունակություն, աշխուժություն, ծրագրեր եւ աշխատանքներ կան. «Բուրջ Համուդը ոգի է, հավատք է, կամք է, տեսիլք է, պայքար է, կեցվածք է, ծառայություն է, դպրոց է, այլ խոսքով՝ մեր կյանքի ամենանվիրական արժեքների խտացումն է»: Նորին սրբությունը ասել է նաեւ, որ բոլորի նվիրական պարտավորությունը պետք է լինի ամեն օր քարի վրա քար ավելացնել, որպեսզի շուտով դպրոցը շենք դառնա, շենքը՝ ոգի ու առաքելություն դառնա ժողովրդի կյանքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031