Այսպիսի մարդկանցից «տուժողները» հիմնականում հարազատներն ու մտերիմներն են
Թե ինչպե՞ս են հարստանում մարդիկ՝ այս հարցը հուզում է գրեթե բոլորին:
Հոգեբանները տալիս են այս հարցի պատասխանը, ըստ նրանց՝ մեծամասնությունը հարստանում է ագահության շնորհիվ: Իսկ ի՞նչ է ագահությունը, ինչի՞ց է այն առաջանում: Ըստ ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի աշխատակից, սոցիալական հոգեբանության ամբիոնի դասախոս Իզաբելլա Ղազարյանի՝ ագահները ոչնչից չբավարարվող, ուրիշներից ամեն ինչ վերցնող մարդիկ են:
«Ագահությունը հոգեբանական որակ է, որը ձեւավորվում է մանկական տարիքում, մոտավորապես՝ 2-4 տարեկանում,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Ի. Ղազարյանն ու շարունակում:- Այդ տարիքում այն գծերը, որոնք հետագայում մեծերի մոտ անվանում ենք ագահություն, երեխայի մեջ ծնվում է ծնողների ձեռքով. դա նրանց ազդեցությունն է: Ագահությունը առաջանում է երկու դեպքում՝ կամ երեխային չափից ավելի շատ բան են տալիս եւ ինքն անընդհատ սովորում է ստանալ, վերցնել առանց վերադարձնելու, կամ ոչինչ չեն տալիս եւ նա պարզապես փորձում է կորզել, ինչ-որ բան փախցնել. կտոր-կտոր, մանր կաթիլներով կորզել ջերմություն, ուշադրություն: Այդ պարագայում երեխաները չարաճճիություններ, վատ արարքներ են անում՝ իրենց վրա մի փոքրիկ ուշադրություն գրավելու համար: Այս երկու ծայրահեղությունների դեպքում էլ կարող է ագահությունը զարգանալ»:
Հոգեբանը ագահությունը դիտարկում է երկու տեսանկյունից՝ նյութական եւ հոգեւոր: «Նյութական ագահություն կա գրեթե այն բոլոր մարդկանց մեջ, որոնք իրենց կյանքում հասնում են ամեն ինչի, հաջողությամբ մեծ գումարներ վաստակում… Այս մարդկանց բնորոշ է չբավարարվելը. նրանց համար անընդհատ քիչ է, անընդհատ փորձում են էլի վերցնել ու ոչ ոքի չտալ»,- ասում է նա: Ի. Ղազարյանը հավելում է նաեւ, որ նյութական ագահությունն իր օբյեկտիվ պատճառներն ունի. «Հնարավոր է՝ մարդը դժվար կյանք է ունեցել, կորուստների գնով հասել ինչ-որ բանի եւ իր այդ նյութական արգասիքները չափից դուրս արժեւորել է: Այդ ամենի արդյունքում մարդը դառնում է ագահ. չի ուզում ծախսել, չի ուզում նվերներ տալ, որովհետեւ նրա համար չափից դուրս ծանր է եղել այդ ամենը ձեռք բերել»:
Հոգեբանն առանձնացրեց նաեւ հոգեւոր ագահությունը: Նրա խոսքով. «Ֆրեյդը հոգեւոր ագահությունը որոշակի բնավորություն է համարել: Այս բնավորությունը ձեւավորվում է 2-3 տարեկանում: Հոգեպես ագահ մարդը միշտ կարծես գաղափարների, մտքերի, զգացմունքների հետեւից ընկած լինի. ինքը սեփականը չունի: Անընդհատ փորձում է կողքիններից գողանալ, վերցնել, խլել… ինչպես ստացվի, որովհետեւ սեփական հոգու բովանդակություն չկա: Այդ տեսակ մարդիկ անընդհատ փորձում են վերցնել ուրիշներից եւ ոչ մի կաթիլ չտալ»: Իսկ թե ո՞ր ոլորտում են այդ տեսակ մարդիկ ավելի շատ հանդիպում, հոգեբանը նշեց. «Ամեն տեղ, գրեթե բոլոր ոլորտներում: Ցավոք, շատ հաճախ այդպիսի մարդկանց կարող ես այնպիսի ոլորտներում հանդիպել (բժշկություն, հոգեբանություն), որտեղ նմանների մուտքն արգելվում է: Եթե հոգեբանը կամ բժիշկը հոգեպես ագահ է, մարդու հետ աշխատելով նրան չի տալիս իր ջերմությունը, ուրեմն նա չի կարող մարդուն 100%-վ առողջացնել, որովհետեւ այդ 100%-ի կեսը հենց իր ջերմությունն է, որն էլ ֆիզիկապես եւ հոգեպես խանգարված մարդուն կարող է ոտքի կանգնեցնել»: Հոգեւոր ագահության դրսեւորման մասին ասաց. «Այդպիսի մարդիկ շատ զուսպ են արտաքնապես եւ շատ ուշադիր մանրուքների նկատմամբ: Ծայրաստիճան այդ ուշադրությունը պայմանավորվում է նրանով, որ վերջինս նրանց նյութ է տալիս ներքին դատարկությունը լցնելու համար: Այսպիսի մարդիկ ունեն կեղծ հոգատարություն, իրենք կարող են մեծ ուշադրություն դարձնել ձեզ, մանրամասնորեն հետաքրքրվել ձեր անձնական կյանքով, բայց ոչ թե որ ցավակցում են, այլ որովհետեւ իրենք սնվում են ձեր ապրումներով: Սա հենց հոգեբանական ագահությունն է: Նրանք սեփականը չունեն եւ ուշադրության, ջերմության պակաս ունեն: Նրանք չեն հասկանում, որ այդ ջերմությունն ու ուշադրությունը զգալու համար պետք է ինքդ էլ այդպիսին լինես: Ստանալու համար պետք է նախ տալ, իսկ այդ տեսակ մարդիկ չունեն ոչինչ տալու, քանի որ իրենց մոտ ամեն ինչ կեղծ է: Հոգեպես ագահ մարդիկ սովորաբար ամեն ինչից տեղյակ են լինում, օրինակ՝ աշխատանքային կոլեկտիվում իմանում են այնպիսի գաղտնիքներ, որ ինքդ էլ ես զարմանում, թե այդքան բան որտեղից գիտեն: Այս մարդիկ շրջապատից ամեն ինչ հավաքում են, իսկ իրենք ոչինչ չեն տալիս: Այդպիսի մարդու հետ շփումից հետո դու քեզ դատարկված ես զգում, որովհետեւ նա քեզնից վերցնում է՝ ոչինչ չտալով»:
Հարցին, թե ովքե՞ր են մեղավոր մարդու մեջ հոգեւոր ագահության առաջացման համար, Իզաբելլան պատասխանեց. «Մեղավորներ չկան: Այդ մարդն էլ մեղավոր չէ, քանի որ դա գոյության ձեւ է: Մեղավոր չեն նաեւ կողքինները, որովհետեւ դա կարող է մտերիմ մարդ լինել՝ ամուսին, կին, քույր, եղբայր… Այդ տեսակ մարդիկ «աղբյուրների» պակաս չունեն, իրենք միշտ գտնում են համապատասխան «զոհ»: Ծնողներն էլ մեղք չունեն. ագահությունը որպես որակ է ձեւավորվում, ուղղակի դրսեւորվում է կամ նյութականում, կամ միջանձնային հարաբերություններում: Եթե մարդ նյութականորեն մեծ հաջողություններ չունի, նրա մոտ հոգեւոր ագահությունն ավելի շատ կերեւա»:
Ի. Ղազարյանի խոսքերով, ագահ մարդուց տուժողներն առաջին հերթին մտերիմներն են, քանի որ տվյալ մարդու հետ անընդհատ շփման մեջ են լինում: Ինչ վերաբերում է ագահությունից՝ այդ վատ հատկությունից ազատվելուն, մեր զրուցակիցը նշեց. «Եթե ագահ մարդու կյանքում գա մի պահ, երբ ինքը հասկանա, որ իրեն շրջապատող մարդիկ սկսում են իրենից հեռանալ, նաեւ հասկանա, որ խնդիրը իր մեջ է, գուցե հոգեւոր զարգացման, անձնային աճ ապրելու շնորհիվ ազատվի իր ագահությունից: Եթե նա ինտելեկտուալ զարգացած մարդ լինի, հնարավոր է եւ ինքնուրույն հասնի անձնային աճի: Այսինքն՝ մարդ կարող է ինքն իրեն օգնել, ազատվել այդ վատ հատկությունից: Կարծում եմ, ագահությունը մի հատկանիշ է, որը հնարավոր է շտկել: Պարզապես՝ այդ տեսակ մարդկանց պետք է սովորեցնել վերադարձնել այն ջերմությունը, որոնք նրանք սովոր են կորզել, խլել դիմացինից: Ագահ մարդկանց հետ շփվելիս զգացվում է մի տարօրինակ ոճ, այսինքն՝ չեզոք անտարբերություն է ձեւավորվում…»: