Լրահոս
Օրվա լրահոսը

Գոհ են ու ինչ-որ տեղ՝ զարմացած

Մայիս 28,2009 00:00

Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնության ավարտին մնում է ընդամենը երկու օր

Մարզաձեւի միջազգային ասոցիացիայի բոլոր ղեկավարներն ու ներկայացուցիչները, մասնագետները, աշխարհի 42 երկրների 15-16 տարեկան լավագույն մարզիկները եւ նրանց մարզիչները մրցումների ավարտին հրաժեշտ կտան Երեւանին՝ իրենց հետ տանելով լավ հիշողություններ, անկախ՝ ռինգում ունեցած մրցելույթների արդյունքներից: Այդ են վկայում առաջնությունը լուսաբանող տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցներում նրանց արտահայտած խոսքերը: Մասնավորապես, AIBA-ի փոխնախագահ, առաջնության տեխնիկական տնօրեն՝ արգենտինացի Օսվալդո Ռաֆայել Բիսբալը խորապես տպավորված է կազմակերպչական աշխատանքների մակարդակով: Տեսնելով ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հոգատարությունը Հայաստանում սպորտի եւ մարզիկների նկատմամբ՝ հեռուստաալիքներից մեկին նա հայտարարել է, թե ինքը երջանիկ կլիներ, եթե իր երկրի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը նույնպես այդքան ուշադիր լիներ:

Առաջնության մասնակից պատվիրակությունների անդամներից շատերը, որոնք եղել են բազմաթիվ երկրներում, չեն թաքցնում, որ առաջին անգամ են տեսնում, որ առաջնության բացումը հայտարարում է երկրի նախագահը, որ երկրի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը, սպորտի նախարարը ամեն օր ներկա են լինում մրցումներին:

Իրենց գոհունակությունն են արտահայտում նաեւ մարզիչներն ու մարզիկները: Նրանց խոսքերով, իրենք, ի դեմս Հայաստանի, իրենց համար բացահայտել են մի գեղեցիկ երկիր՝ իր բարի եւ հյուրասեր ժողովրդով: Նրանցից շատերը համոզված են նաեւ, որ ոչ հեռու ապագայում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվեն նաեւ բռնցքամարտի մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ:

Նիկոլայ Պավլով (Ռուսաստան): «ՄՀՀ-ն, ինչ խոսք, տպավորիչ է, իսկ կազմակերպչական աշխատանքները կատարված են ամենաբարձր մակարդակով: Միանշանակ է, որ Երեւանը ապագայում կարող է նաեւ մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ ընդունել: Հայաստանն այդպիսի միջոցառումներ անցկացնելու բոլոր հնարավորություններն ունի»:

Դմիտրի Սերեդով (Ղազախստան): «Սա ամենամեծ մրցաշարն է, որին մենք մասնակցել ենք: Տրամադրությունս շատ բարձր է: Ցանկացած խնդիր լուծված է շատ բարձր մակարդակով: Հայերը հյուրասեր ժողովուրդ են: Երբ ցանկացած հարցով դիմում ենք մեկին, բոլորն էլ պատրաստակամությամբ աջակցում են: Ապրեն հայերը»:

Ստեֆեն Ռեյլի (Իռլանդիա): «Հայաստանը շատ հետաքրքիր երկիր է: Դրական տպավորություններս անպայման փոխանցելու եմ հարազատներիս, մերձավորներիս եւ ընկերներիս»:

Իգոր Նովեցկի (Ավստրիա): «Մրցաշարը շ ատ լավ է կազմակերպված: Եվ եթե այդպես էլ ընթանա, գնահատականը գերազանց կլինի»:

Իվան Բարանչուկ (Բելառուս): «Երեւանն անչափ գեղեցիկ քաղաք է, իսկ մարդիկ շատ ջերմ են»:

Վիկտոր Յալիմով (Մոլդովա): «Հատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր հայ գործընկերներին եւ բարեկամներին»:

Քրիստ Ջոյս (Իռլանդիա): «Հայաստանն ինձ շատ դուր եկավ: Անպայման շրջելու եմ: Հայերը բարեհամբույր ժողովուրդ են, հատկապես՝ երիտասարդ աղջիկները»:

Գալիս են եզրափակիչները դիտելու

Աշխարհի պատանիների առաջնության վերջին օրերին Հայաստան են ժամանում նաեւ սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի բարձրաստիճան պաշտոնյաները: Մայիսի 27-ից Երեւանում է AIBA-ի գործադիր տնօրեն Հո Կիմը, այսօր գալիս է AIBA-ի 1-ին փոխնախագահ, ուզբեկստանցի Գոֆուր Ռահիմովը, իսկ վաղը կազմակերպիչները դիմավորելու են AIBA-ի նախագահ Չինգ-Կու Վուին (Թաիլանդ):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031