Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌՆՎԱԶՆ ՅՈԹ «ԲՐՈՆԶ»՝ ՀԻԱՆԱԼԻ Է

Մայիս 28,2009 00:00

Մեդալների այսպիսի ավար չէինք տեսել ու, ճիշտն ասած, երեւի թե չէինք էլ ակնկալում

Մայրաքաղաքի թիվ մեկ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ կայացան բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնության քառորդ եզրափակիչի հանդիպումները, որին մասնակցում էր Հայաստանի հավաքականի 13 անդամից 8-ը:

Ցերեկվա մրցահերթում ռինգ մտավ ավագ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանի սաներից երեքը: Մինչեւ 46 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը շարունակեց հիացնել հայ հանդիսականին: Այս անգամ թեեւ մրցակիցներն արդեն բավականին լուրջ են, նա 13:1 հաշվով բացահայտ առավելության հասավ, թերեւս, աշխարհում բռնցքամարտի լավագույն դպրոց ունեցող Կուբայի ներկայացուցիչ Ջիաննի Գարսիայի նկատմամբ եւ իր համար ապահովեց աշխարհի առաջնության առնվազն բրոնզե մեդալ: Դա նաեւ մեր երկրի առաջին հաջողությունն է այս մրցաշարում:

Մի փոքր անց ռինգ մտավ Սամվել Ոսկանյանը (75 կգ քաշային կարգ): Չնայած նա շատ ջանքեր գործադրեց թիմակցի հաջողությունը զարգացնելու համար, սակայն դա բավարար չեղավ: Սամվելը համառ պայքարում տանուլ տվեց ռուսաստանցի Իդրիս Շախմանովին՝ 3:6:

Ցերեկվա հերթի եզրափակիչ մենամարտն անցկացրեց այս տարիքային խմբում գերծանր՝ +80 կգ քաշային Գոռ Մարգարյանը, որի մրցակիցը բավականաչափ լավ նախապատրաստված եւ ֆիզիկական ու տեխնիկական հարուստ զինանոց ունեցող Արտյոմ Վասիլյոնոկն էր՝ Ղազախստանից: Սակայն հանդիսատեսի ջերմ աջակցության ներքո հայ մարզիկը նրան հաջողություն ակնկալելու ոչ մի հնարավորություն չտվեց՝ առավել քան համոզիչ առավելությամբ հաղթելով միավորների 15:2 տարբերությամբ:

Իսկ երեկոյան մրցահերթում մեր բռնցքամարտիկները, պարզապես, գերազանցեցին իրենք իրենց: Կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց նախ 60 կգ քաշային Արթուր Քաջոյանը, ապա չափազանց դժվարին պայքարում ամերիկացի Թոմասի դիմադրությունը 3-րդ ռաունդում վերջնականապես կոտրեց Վոլոդյա Հայրապետյանը՝ 63 կգ քաշային կարգ: Ավելի ծանր ընթացավ Ջոնիկ Տոնոյանի մասնակցությամբ մենամարտը Ռուսաստանը ներկայացնող հայազգի Գեորգի Մանլիկյանի հետ: Այն ավարտվեց 2:2 հաշվով: Եվ միայն լրացուցիչ հաշվարկներով մրցավարները հաղթանակը շնորհեցին հայաստանցուն:

Մարզասերները առանձնակի հետաքրքրությամբ էին սպասում օրվա վերջին երկու մենամարտերին, որոնցում մեր տղաների մրցակիցները Թուրքիայի ներկայացուցիչներն էին: Հարեւան երկիրը Հայաստան էր եկել վեց բռնցքամարտիկով եւ մտադիր էր այստեղ առնվազն հինգ մեդալ նվաճել: Սակայն այդ ծրագիրը վերջնականապես հօդս ցնդեցրին Հայկ Խաչատրյանը (70 կգ) եւ Ալեքսան Նազանյանը (80 կգ), որոնք, համապատասխանաբար, պարտության մատնեցին Բուրակ Ակսիմին՝ 3:1, եւ Էր Դողանին՝ 5:1:

Այսպիսով, բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը, ավագ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանի գլխավորությամբ, մեր երկրի համար ապահովեց աշխարհի առաջնության առնվազն յոթ բրոնզե մեդալ, ինչը աննախադեպ արդյունք է մեր պատմության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել