Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԵՐԻ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԿԱՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ

Մայիս 28,2009 00:00

Ադրբեջանի իրավապաշտպան կազմակերպությունների մոնիտորինգային հանձնաժողովի անդամները, որոնք աշխատում են ԵԽ գարնանային նստաշրջանում, Քրիստոֆեր Շտրոսերին են հանձնել Ադրբեջանի քաղբանտարկյալների ցուցակը: Ըստ rambler.ru-ի, մոնիտորինգային խմբի անդամ Սաիդա Գոջամանլին նշել է, որ Շտրոսերը դեռ չի եղել Ադրբեջանում, այդ պատճառով լիովին ծանոթ չէ այս խնդրին: Ցուցակում նշված են 28 քաղբանտարկյալների, ինչպես նաեւ ներկայացված են դատապարտված լրագրողների, վատառողջ բանտարկյալների եւ հետախուզման մեջ գտնվող ոստիկանության աշխատակիցների անուններ:

Գոջամանլին նշել է, որ այդ ցուցակում տեղ են գտել նաեւ ձերբակալված լրագրողներ Գանիմատա Զախիտովայի եւ Էյնուլի Ֆաթուլաեւայի անունները: «Ճիշտ է, մենք իրավունք չունենք միջամտել դատարանի աշխատանքներին, սակայն, ինչպես եւ սպասվում էր, ընթացիկ տարվա առաջին կեսին ԵԴ-ն որոշում կկայացնի Ֆաթուլաեւայի գործով»,- նշում է Հելսինկյան քաղաքացիական ընկերակցության նախագահ Արզու Աբդուլաեւան: Հիշեցնենք, որ 2009 թ. մարտի 24-ին Իրավական հարցերի եւ մարդու իրավունքների կոմիտեն Քրիստոֆեր Շտրոսերին նշանակել է ԵԽ-ում Ադրբեջանի քաղբանտարկյալների գործով հատուկ զեկուցող: Ադրբեջանի իրավապաշտպանները եւ ընդդիմադիր քաղաքական գործիչները ուրախությամբ են ընդունել այս որոշումը, սակայն Ադրբեջանի պատվիրակությունը դեմ էր դրան: Պատվիրակության նախագահ Սամեդ Սեիդովը հայտարարել է, որ ԵԽ-ն Ադրբեջանի նկատմամբ կիրառում է երկակի ստանդարտներ: Նրա կարծիքով, եթե ԵԽ-ն բարձրացնում է նման հարցեր, ապա դրանք պետք է կիրառի նաեւ մյուս երկրների նկատմամբ: Օրինակ՝ Հայաստանի, որտեղ տեղի են ունենում «ցուցարարների նկատմամբ բռնարարքներ, խոսքի ազատության ճնշում»:

Ադրբեջանի իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով, երգիծաբան Միրզա Սակիտային ազատ արձակելուց հետո քաղբանտարկյալների թիվը կազմել է 65 մարդ:

2001-2005 թթ. Ադրբեջանի գործով ԵԽ-ում հատուկ զեկուցողներն էին բելգիացի Ջորջ Կլեյֆարտը եւ բրիտանացի Մալկոլմ Բրյուսը: 2005 թ. հունիսին նրանց լիազորությունները ավարտվելուց հետո, Ադրբեջանի իշխանությունները ԵԽ-ին հորդորել էին չնշանակել նոր զեկուցող՝ խոստանալով ծագած խնդիրները լուծել երկրի ներսում, երկխոսության ճանապարհով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել