Լրահոս
Օրվա լրահոսը

Վրացական ընդդիմությունը պառակտվո՞ւմ է

Մայիս 28,2009 00:00

Վրացական ընդդիմության առավել ծայրահեղական հատվածը որոշել է արգելափակել Թբիլիսիի երկաթուղին եւ օդանավակայանը: Սակայն այդ կարգի մեթոդներին դեմ է հականախագահական բողոքի ակցիաների կազմակերպիչ ուժերից մեկը՝ «Ալյանս՝ հանուն Վրաստանի» ընդդիմադիր միավորումը: Երեկ այդ մասին տեղեկացրել է «Ալյանսի» մեջ մտնող Հանրապետական կուսակցության նախագահ Դավիթ Բերձենիշվիլին: Մինչ այդ էլ, «Ալյանսի» առաջնորդ համարվող Իրակլի Ալասանիան խոստովանել էր, որ ընդդիմության մեջ տարաձայնություններ կան՝ բողոքի ակցիաների ձեւի, ընդհանուր մարտավարության վերաբերյալ: Սակայն շեշտել էր, որ ընդդիմությունը միասնական է մի հարցում՝ անհրաժեշտ է հասնել Սահակաշվիլիի հրաժարականին եւ նոր արտահերթ ընտրություններ անցկացնել: Դեռ երեկ երեկոյան Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բազմահազարանոց ցույցի ավարտին մի քանի հարյուր ընդդիմադիրներ շարժվել են դեպի կենտրոնական երկաթգծային կայարան եւ մի քանի ժամով արգելափակել գնացքների շարժը: Պիկետի կազմակերպիչների մեջ է եղել նույն «Ալյանսի» մեջ մտնող «Նոր աջեր» կուսակցության առաջնորդ Դավիթ Գամկրելիձեն: Ճիշտ է, «Ալյանսից» հետո պարզաբանել են, որ Գամկրելիձեն կազմակերպիչ չէր, այլ ընդամենը գնացել էր երկաթգծի գլխավոր կայարան՝ կրքերը հանդարտեցնելու համար: Պիկետին հրաժարվել է մասնակցել նաեւ «Ազգային ֆորում» ընդդիմադիր կուսակցությունը: Փոխարենը հստակ է, որ ծայրահեղական տրամադրված ընդդիմադիրների կողմից է պառլամենտի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն: Նա ասել է. «Պիկետը պետք է շարունակվի այնքան, որքան պետք է»: Երեկվա միտինգում ելույթ ունեցած ընդդիմադիր գործիչ, երգիչ Դավիթ Գեչեչիլաձեն հայտարարել է, որ իրենց պատրիարքը գերի է վերցված (Գեչեչիլաձեն այդ բառն ասել է ռուսերեն՝ «պլեն»): «Նրան թույլ չեն տվել այն հայտարարությունն անել, որը նա ծրագրել էր: Նրան վախեցրել են, բայց սարսափելի ոչինչ չկա: Մենք կպայքարենք մինչեւ վերջ: Եթե նրանք (իշխանությունները) չեն ուզում հանդարտվել, նրանք կստանան իրենց ուզածը: Մեր պայքարը կշարունակվի, քանի դեռ մեր երակներում արյուն է հոսում»,- ասել է Գեչեչիլաձեն:

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին ցուցարարները, նույն Գեչեչիլաձեի կոչով, շարժվել են դեպի Սուրբ Երրորդության տաճար, որտեղ ժողովրդին դիմել է վրաց պատրիարք Իլյա Երկրորդը, եւ, ի հիասթափություն ընդդիմության, քաղաքական բոլոր ուժերին կոչ է արել միմյանց լսել՝ հիշեցնելով ժողովրդի միասնության մասին: Պատրիարքի կոչից հետո ընդդիմադիր զանգվածները սկսել են պակասել: Հետաքրքիրն այն է, որ ամենածայրահեղ տրամադրված գործիչները կանայք են՝ նախկին պաշտոնյաներ Նինո Բուրջանաձեն, Սալոմե Զուրաբիշվիլին եւ Էկա Բեսելիան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել