Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ դպրոցներ կմնան նույն կարգավիճակով

Մայիս 28,2009 00:00

Սակայն մինչեւ 2012 թվականը դրանց ճակատագիրն էլ կորոշվի՝ ավագ կամ հիմնական

ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված հայեցակարգի հիման վրա, 2008-ից հանրապետությունում սկսվել է ավագ դպրոցների ստեղծման գործընթացը: Այժմ ՀՀ-ում գործում է 10 ավագ դպրոց: Այս ուսումնական տարվա սկզբից դրանց թիվը կավելանա 38-ով: Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, նշված 38 դպրոցների ցանկն ուղարկվել է ՀՀ կառավարություն, որն առաջիկայում կհաստատի այն դպրոցների ցանկը, որոնք սեպտեմբերի 1-ից կդառնան ավագ:

Մինչ ԿԳՆ-ն եւ ՀՀ կառավարությունը կատարում են ավագ դպրոցների գործընթացի այս տարվա համար նախատեսված աշխատանքների վերջին «շտրիխները», ծնողները մտահոգված են, թե մյուս ուսումնական տարվանից իրենց երեխաների ճակատագիրն ինչպես է դասավորվելու: Պատճառը, թերեւս, ինֆորմացիայի պակասն է՝ այն մասին, թե, ի վերջո, որ դպրոցներն են դառնալու ավագ, որոնք՝ հիմնական: Օրինակ՝ թիվ 89 միջնակարգ դպրոցի ծնող Լիլիթը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Իմ երեխան սովորում է 9-րդ դասարանում կամ, ինչպես ասում են, թռիչքային 9-րդ դասարանում: Մինչեւ այժմ պարզ չէ, թե մեր դպրոցը դառնալու՞ է ավագ, թե՝ ոչ: Խոսակցություններ կան նաեւ, որ մեր դպրոցը պետք է դառնա վարժարան… Մի խոսքով, հիմա մենք կանգնած ենք փաստի առաջ՝ չգիտենք՝ երեխային թողնել նույն դպրոցո՞ւմ, թե՞ տանել այլ դպրոց: Իմ կարծիքով՝ լավ կլիներ, որ դպրոցի տնօրեններին էլ նախարարությունից հստակ տեղեկություն տրվեր, որ մենք էլ իմանայինք, թե ինչ է սպասվում մեր երեխաներին»: Թիվ 131 դպրոցի ծնող Օվսաննան էլ ասաց. «Խոսակցություններ կան, որ մեր դպրոցը լինելու է հիմնական, բայց դրանք որեւէ մեկի կողմից հաստատված չեն: Իսկ եթե դպրոցը դառնա հիմնական, մենք պետք է երեխային տանենք այլ դպրոց: Գոնե մի փոքր շուտ իմանանք այդ մասին, որպեսզի կարողանանք որոշել, թե ինչպես վարվել՝ երեխային տանենք ավագ դպրո՞ց, թե՞ մասնավոր վարժարան»:

07.02.2009-ի համարում «Առավոտն» անդրադարձել է ավագ դպրոցների հետ կապված խնդիրներին: «Ավագ դպրոց»-ական կրքեր» հոդվածում մեջբերված էր Ն. Հովհաննիսյանի խոսքը, որտեղ ասվում էր, որ սեպտեմբերից ավագ դպրոցներ են դառնալու Աջափնյակ համայնքի թիվ 94, 109, 118, Նոր Նորքի թիվ 142, 159, 139, 62 դպրոցները, Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 184, 105, 190 դպրոցները, թիվ 1 արհեստագործական ուսումնարանը եւ այլն: Բայց գործընթացի ներկայիս փուլում տեղի են ունենում նոր զարգացումներ, ինչի արդյունքում հնարավոր է որոշ դպրոցներ մնան նույն կարգավիճակում: Այս փաստը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեց: Տարբեր դպրոցների որոշ ուսուցիչներ տարբեր առիթներով պարծենում են, թե «տնօրենիս խաթեր մեր դպրոցին ձեռք չեն տալու»:

Այս մասին զրուցեցինք Ն. Հովհաննիսյանի հետ: Նա ժխտեց այս մտայնությունը եւ մանրամասնեց. «Կան դպրոցներ, որոնք, իսկապես, ժամանակավորապես կմնան նույն կարգավիճակում: Օրինակ՝ այդ թվում են Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 89, 113 դպրոցները, Աջափնյակ համայնքի թիվ 146, 111 դպրոցները: Այս դպրոցների հետագա ճակատագիրը կքննարկվի 2010-ին: Դրանց ձեռք չենք տվել՝ հաշվի առնելով դրանց գտնվելու վայրը: Վերջին երեք դպրոցները նմանվում են առանձնացված գյուղի, դրանք տեղանքի մյուս դպրոցների համեմատ՝ մեծ հեռավորության վրա են գտնվում, ուստի դեռ նպատակահարմար չէր դրանց հետ փոփոխություններ կատարել, քանի որ երեխաների՝ այլ դպրոցներում տեղաբաշխման խնդիր կառաջանար: Թիվ 89 դպրոցի դիրքն էլ է անհարմար. այն գտնվում է փողոցի վրա, ինչը եւս բավարար պատճառ էր, որ մենք դեռ ձեռք չտանք այդ դպրոցին: Բայց կարող եմ վստահեցնել, որ այդ դպրոցը չի դառնալու վարժարան: Ձեռք չենք տվել նաեւ Կենտրոն համայնքում գտնվող հանրակրթական դպրոցներին: Դրանք խոշոր դպրոցներ են, որոնք ունեն աշակերտների մեծ թիվ եւ հարուստ ավանդույթներ: Ուստի վերցնել եւ միանգամից մասնատել այդպիսի դպրոցները՝ նպատակահարմար չենք համարել: Բայց դա չի նշանակում, որ այդ դպրոցների հարցը չի քննարկվելու. դա կլինի մինչեւ 2012 թվականը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել