Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍ ՏԱՐԻ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԿԼԻՆԻ, ԻՍԿ ՄՅՈՒՍ ՏԱՐԻ՝ Է՛Լ ԱՎԵԼԻ

Մայիս 28,2009 00:00

\"\"ԿԳ նորանշանակ փոխնախարարը վստահեցնում է, որ տարեց-տարի կզգանք դրական փոփոխությւնները, որ կլինեն կրթության համակարգում:

«Քանի դեռ թեստերը Լոնդոնում էին՝ անհանգիստ էինք, հիմա արդեն Հայաստանում են, վստահելի ձեռքերում են, հանգիստ եմ»,- այսպիսի հայրենասիրական ոգով սկսեց երեկ ԿԳ փոխնախարարի պաշտոնում իր առաջին ասուլիսը Մանուկ Մկրտչյանը, որը, սակայն, իրեն դեռ ԳԹԿ տնօրենի կարգավիճակում էր զգում, եւ ասուլիսն էլ, որ նվիրված էր առաջիկա միասնական քննություններին, ԳԹԿ-ում կայացավ:

Այս տարվա նորություններից մեկն այն է, որ, ի տարբերություն նախորդ տարիների, ավարտականը եւ միասնականը անցկացվում են ոչ թե նույն օրը, այլ տարբեր օրերի: Ասենք, հունիսի 9-ին մաթեմատիկայից շրջանավարտները հանձնում են միասնական պետական քննություն, հունիսի 10-ին նրանց այն ընկերները, ովքեր, ասենք, շարունակելու են իրենց կրթությունը հումանիտար ուղղությամբ, նույն՝ մաթեմատիկա առարկայից կհանձնեն արդեն ավարտական քննություն՝ իրենց դպրոցում:

Այս տարի միասնական պետական քննությունների քննական կենտրոնները ավելի քիչ են լինելու, քան նախորդ տարի: Սրանով, ըստ Մ. Մկրտչյանի, կնվազի կաշառատվության հավանականությունը, որովհետեւ որքան քիչ քննական կենտրոն՝ այնքան քիչ քննական կենտրոնների աշխատակիցներ, որոնք կարող են չդիմանալ որոշ գայթակղությունների: Երեկվա ասուլիսում, ընդհանրապես, կաշառքի մասին պարբերաբար խոսք էր գնում: Ընդունելության քննությունները ավանդաբար «յուղոտ» գործ են եղել համակարգի աշխատողների համար: Ճիշտ է, ներդրված միասնական համակարգը, թեստային առաջադրանքները զգալիորեն կրճատել են սողանցքները, սակայն «փնտրողը միշտ էլ գտնում է»: Իհարկե, այն շրջանավարտները, որոնք իրենց թեստերը կլրացնեն հնարավորինս ճիշտ, դժվար թե չընդունվեն բուհ, սակայն, ցավոք, բուհ են ընդունվում նաեւ երեխաներ, ովքեր «սեփական անուն- ազգանունը ճիշտ գրել չգիտեն» (այս պնդման հեղինակային իրավունքը պատկանում է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին), ուր մնաց թե՝ թեստ լրացնեն: Պարզ է, որ նրանց համար եւ նրանց փոխարեն աշխատում են հայրիկների քսակները: Երբեմն էլ՝ խնամի-բարեկամական կապերը: Մանուկ Մկրտչյանը գտնում է, որ կաշառակերությունն ու կոռուպցիան տեղի կտան ոչ թե այն ժամանակ, երբ վերցնողն անհարմար զգա վերցնելուց, այլ երբ տվողը, առաջարկողը անհարմար զգա նման խնդրանքով մոտենալ: «Մեր մենտալիտետում այնպես է, որ ոչ միայն անհարմար չեն զգում դիմելուց, խնդրելուց, այլեւ մտածում են՝ բա, իհարկե, պետք է օգնի, բարեկամ է, հարազատ է, ու եթե հանկարծ մերժես, ոչ մեկը չի մտածի, թե՝ ինչ մաքուր եւ արդարամիտ ես, կմտածեն՝ չի էլ ամաչում»,- նեղսրտում էր ԿԳ փոխնախարարը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ խոսակցություններ են պտտվում, թե թեստ կազմողները իրենց մոտ պարապող դիմորդներին (ինչպես նաեւ՝ նրանց շռայլ վարձատրող հայրիկներին) վաղուց տվել են այն թեստերը, որոնք լինելու են քննության օրը, պարոն Մկրտչյանը կոչ արեց չհավատալ, համարել, որ դրանք ընդամենը բամբասանքներ են: «Պարկեշտ, կյանքով փորձված մասնագետներ են, եւ նրանց համար իրենց համբավը շատ ավելի կարեւոր է, քան այլ բաներ»,- ասաց նա ու հավելեց, որ, համենայնդեպս, նախարարն արդեն հանդիպել է թեստերի հեղինակներին եւ լուրջ զրույց ունեցել նրանց հետ՝ նաեւ այդ թեմաներով:

Վերադառնանք քննություններին, քանի որ, ինչպես ասում են, «կոռուպցիան եղել է, կա եւ կլինի» (այս մտքի հեղինակային իրավունքն էլ է պատկանում ԵՊՀ ռեկտորին): Ըստ ԿԳ փոխնախարարի, կրթության նոր նախարարի՝ Արմեն Աշոտյանի նշանակումը քննությունների շեմին բացասաբար չի անդրադառնա ոլորտի եւ քննաշրջանի վրա, իսկ ինչ վերաբերում է նրան՝ դրական կանդրադառնա՞, թե՞ ոչ, դա ցույց կտա ժամանակը՝ «քննություններից հետո կերեւա»,-ասաց Մ. Մկրտչյանը:

Թեստերը՝ ավարտականի եւ միասնականի Ա մասով համարժեք են բարդության եւ կառուցվածքի առումով, իսկ ինչ վերաբերում է մաթեմատիկայի թեստերում առկա «հայկական տարբերակին», պարոն Մկրտչյանը վստահեցրեց, որ եթե նույնիսկ այդ առաջադրանքի բոլոր խնդիրներից դիմորդը «-1» ստանա, նա ոչ մի միավոր չի կորցնելու, ուղղակի իր հավաքած միավորներին գումարվելու է 0 միավոր: Բացի այդ, այս տարի մաթեմատիկայի քննության համար 4 ժամի փոխարեն 3 ժամ է տրվելու՝ «վերջին մեկ ժամը ավելորդ էր», որոշել են պատասխանատուները: 3-ական ժամ տրվելու է բոլոր քննությունների համար, բացի օտար լեզուներից, դրանց համար 2,5 ժամ են տվել: Մյուս նորությունների մասին «Առավոտը» պարբերաբար այս ընթացքում լրատվություն տրամադրել է, այնպես որ՝ չենք կրկնվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել