Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՇԻԿԻՑ ՎԵՐ ՉԲԱՐՁՐԱՆԱԼ

Մայիս 28,2009 00:00

Կիրակի օրը «Շանթը» նորից անակնկալ մատուցեց՝ այս անգամ էլ ժողովրդական պարերի ծրագրով: Ճիշտ է, առաջին հայցքից այն հիշեցնում էր «Հ1»-ի «Երկու աստղը», բայց տարբերությունը զգալի էր. սրանց մոտեցումն էր բարձրակարգ, թեեւ կատարման տեսակետից մեկը մյուսին չէր զիջում, երկուսի կատարողներն էլ լավն էին, կային ծանոթ պրոֆեսիոնալներ եւ, իհարկե՝ չերգիչներ եւ չպարողներ, որոնց կատարումները հաճելի պահեր էին պարգեւում հանդիսատեսին: Չեմ թաքցնում, «Երկու աստղը» դիտելիս ամեն անգամ բարկացել եմ, նույնիսկ անջատել հեռուստացույցը:

Պատճառը համերգները վարողների մեջ է, որոնք լինելով երկրորդական, երրորդական դեմքեր, կարողանում են նպաստել համերգի կայացմանը կամ էլ հակառակը՝ կործանմանը: «Երկու աստղում» Շուշանը, փորձելով ընդգծել իր հեգեմոնիան, անտեղի խայթում, վիրավորում է մասնակիցներին, չմտածելով, որ նման հարցերով վիրավորում է նաեւ այդ երգիչների հարազատներին, ընկերներին, երկրպագուներին: Այդ հարցում «Շանթի» ունկնդիրների բախտը բերեց. ետնաբեմում փայլում էր գեղեցիկ հոգով ու արտաքինով, կյանքով լեցուն, լավատես եւ մշտաժպիտ Լեյլա Սարիբեկյանը, այո, Լեյլան համերգի մերանն էր: Մարդիկ անհամբեր են սպասում հաջորդ ինը կիրակիներին: Այս գեղեցիկ համերգի բանիմաց եւ պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում չգիտես որտեղից են գտել եւ բերել ժյուրիի կողքին նստեցրել բանաստեղծ Ռազմիկ Դավոյանին, որը քիչ էր մնում Շուշանի դերը ստանձներ, պարից ոչինչ չհասկացող, թեկուզ եւ սիրված բանաստեղծը մասնագիտական այնպիսի «դիտողություններ» էր անում, որ առաջացնում էր թե՛ մասնակիցների, թե՛ ժյուրիի եւ թե՛ ունկնդիրների դժգոհությունը: Ակամայից ինքը իրեն դրեց «խաղից դուրս» վիճակում եւ նմանվեց այն կոշկակարին, որին նկարիչը խնդրեց կոշիկից վեր չբարձրանալ:

Հույս ենք փայփայում, որ հաջորդ ինը կիրակիներին նշված փոքրիկ թերությունները այլեւս չեն կրկնվի եւ դարձյալ մեծ բավականություն կպատճառեն եւ՛ հանդիսատեսին, եւ՛ մասնակիցներին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել