Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՄԱ ԷԼ՝ «ՀԱՐԱՏԵՎՈՒՄ»

Մայիս 28,2009 00:00

«Ազատ հայեր» շարժման նախաձեռնողները սկսել են նաեւ «Հարատեւում» ոգեգաղափարական հոսանք եւ այդ մասին հայտարարություն տարածել:

«Լոս Անջելեսում կայացել է «Հարատեւում» ընկերակցության պաշտոնական հիմնադիր հավաքը՝ ստեղծելով Ազգային եւ էթնոմշակութային պահպանության հայկական կենտրոն: Նախաձեռնությունը ծագումնաբան, ազգաբան եւ էաբան՝ ֆրանսաբնակ Ալեքսանդր Վարպետյանինն է: Ըստ նախաձեռնության հեղինակների, ընկերակցությունը ջանալու է ամրագրել հայոց պատմական, մշակութային եւ կրթական ապահովությունը, հարատեւման կամքն ու ինքնագիտակցությունը, թեեւ աշխարհում հայոց փոքրամասնության հանգամանքին եւ ապագայի անբարենպաստ վիճակագրությանը: «Հարատեւումը» ոգեգաղափարական հոսանք է՝ կոչված շաղկապելու աշխարհասփյուռ այն հայորդիներին, ովքեր միայնակ կամ իրենց շրջանակներով ջանում են պահպանել իրենց ինքնությունը, ազգային կացութաձեւը եւ քաղաքացիական փոխհարաբերությունները հյուրընկալ երկրներում եւ ազգ ու ազգույթների համաշխարհային օվկիանոսում:

«Հարատեւումը» նպատակ ունի նաեւ սրբագործելու հայոց լավագույն ու հոգեւոր ավանդույթները, բարոյահոգեբանական կերպարն ու արժանապատվությունը՝ համաձայն քաղաքակիրթ չափանիշների, քայլելով առաջավոր մարդկության հետ:

Հայոց պատմության զգալի մասը խեղաթյուրված է կամ խիստ թերագնահատված: Ուստի ընկերակցությունը ջանալու է նաեւ վեր հանել հնագիտական եւ պատմական ճշմարտությունը՝ այն ներկայացնելով համամարդկային քաղաքակրթությանը, բոլոր ազնիվ ու պատվավոր ժողովուրդների գիտակից շրջանակներին եւ, անշուշտ, հայ մանուկներին եւ երիտասարդությանը: Ավելին, «Հարատեւումը» նպատակ ունի նպաստել հնագիտական հետազոտություններին, ծագումնաբանական եւ ազգագրական բացահայտումներին եւ դրանց տարածմանը՝ լույս սփռելով հայոց քաղաքակրթության ակունքների վրա:

Հորդորում ենք բոլոր գիտակից ու հավատավոր հայերին սատարել այս ինքնաբուխ, վերքաղաքական, լոկ նվիրական եւ զուտ ոգեգաղափարական հոսանքին եւ միանալ դրան՝ գիտականորեն ապահովելու համար հայոց հարատեւումը եւ ճակատագրի փոխանցումը արժանավոր հետնորդներին: Բարի կամքի տեր լրատվամիջոցներին խնդրվում է հրապարակել սույն հաղորդագրությունը, համակրանքի դեպքում՝ նաեւ փոխանցել այլոց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել