Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱԶԱՏ ԻՐԱՑՈՒՄ

Մայիս 28,2009 00:00

Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ մեկնաբանում է իրավաբանը

ՀՀ քրեական օրենսգրքի թիվ 145-1545 հոդվածները կոչված են հանցավոր ոտնձգություններից պաշտպանելու Սահմանադրությամբ հռչակված՝ մարդու եւ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրացման հասարակական հարաբերությունները: Հաշվի առնելով ընտրությունների քվեարկության արդյունքները կեղծելու հետ փոխկապակցված՝ երկրում տեղի ունեցած աղմկալի դեպքերը, կփորձեմ դիտարկել այդ հարաբերությունները կարգավորող նորմի էությունը: Քրեական օրենսգրքի 150 հոդվածով («ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը») քրեական պատասխանատվություն է նախատեսվում հանրաքվեի կամ ընտրությունների ընթացքում ձայների ակնհայտ սխալ հաշվելու կամ ընտրությունների արդյունքները, այդ թվում՝ արձանագրությունները, դրանց պատճենները, այլ ընտրական փաստաթղթերը եւ դրանց քաղվածքները ակնհայտ սխալ տվյալներով հաստատելու, քվեատուփը հափշտակելու, համակարգչում մուտքագրված տվյալները փոփոխելու, ինչպես նաեւ որեւէ այլ եղանակով ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելու կամ այդ նպատակով ընտրական փաստաթղթերը վերադաս ընտրական մարմիններին սահմանված ժամկետում չներկայացնելու համար:

Նկատենք, որ օրենսդիրը թվարկել է միայն ընտրությունների կամ հանրաքվեի քվեարկության փաստաթղթերում (արձանագրություններ, համակարգչի տվյալներ, ակնհայտ սխալ գրառումներ) հնարավոր արգելված արարքները, մինչդեռ քվեարկության արդյունքները կեղծելու արարքներն ամրագրված չեն, միայն դեկլարատիվ նշված է. «Ինչպես նաեւ որեւէ այլ եղանակով հանրաքվեի կամ քվեարկության արդյունքները կեղծելը»:

Իմ պատկերացմամբ, օրենքի այս բացթողումը մտահոգիչ է, որովհետեւ նախագահական վերջին երեք ընտրությունների քվեարկության արդյունքներն անբարո կեղծվել են, իսկ մնացած ընտրությունները եւ հանրաքվեի քվեարկությունը արդար չեն եղել, ընդսմին, պարզորոշ ի հայտ է եկել նաեւ կեղծիքների էությունը: Քվեարկության արդյունքները կեղծելու արարքներից են.

1) Լցոնումները, որոնց միջոցով քվեատուփ են լցվում թեկնածուի կամ քաղաքական կուսակցության օգտին քվեարկված չհաշվառված կամ հաշվառված քվեաթերթիկները:

2) Արդեն իսկ քվեարկության ցուցակներում ընդգրկված հնարովի եւ ակտիվ ընտրական իրավունք չունեցող անձանց փոխարեն քվեարկում են:

3) Քվեարկությանը չներկայացած ընտրողների ստորագրությունները կեղծում են եւ նախընտրելի թեկնածուի օգտին նշումներ կատարում:

4) Արդեն իսկ քվեարկած եւ ընտրողի կամքն արտահայտած քվեաթերթիկում կատարած նշումը փոխում են:

5) Քվեարկած օրինական քվեաթերթիկները փչացնում են:

6) Անվավեր են ճանաչում օրինական քվեարկված քվեաթերթիկները եւ արդյունքում նվազեցնում թեկնածուի օգտին ձայները:

7) Թեկնածուի օգտին քվեարկած քվեաթերթիկները աճպարարությամբ դնում են նախընտրելի թեկնածուի քվեաթերթիկների տրցակում:

8) Մինչեւ քվեարկության արդյունքների ամփոփումը ստորագրում են արձանագրությունը կամ ամփոփումից հետո փոխում տվյալները:

Թվարկված ցանկը չի սահմանափակվում, գործում է կարուսելի հնարքը, այլ անձնագրերով քվեարկումը եւ այլն:

Տրամաբանական հարց է ծագում. հայրենի Ազգային ժողովը թվարկված արարքները ինչո՞ւ հստակ չի ամրագրում օրենքում եւ դրանք ճանաչում արգելված: Այդ անգործությունը միտումնավոր է՝ կեղծիքների ամրագրումը կնշանակեր իրենք իրենց դատի տան: Խնդիրն այն է, որ հիշյալ կեղծիքները կատարողները միայն ընտրական հանձնաժողովի անդամներն են: Ի դեպ, քրեական իրավունքում այդ սուբյեկտները կոչվում են հատուկ սուբյեկտ: Հատուկ սուբյեկտները նախ կոալիցիայի մարդիկ են, նշանակողն է հանրապետության նախագահը (ձուկը գլխից է հոտած):

Երկրորդ հանգամանքը մարդկանց ուղեղները մթագնած պահելն է, իսկ այդ լճացումը ձեռնտու է գալիք ընտրությունները կեղծելու համար:

Հայ օրենսդիրները քննարկվող նորմը ժամանակին արտագրել են Ռուսաստանի Դաշնության այդ հարաբերությունը կարգավորող նորմից, մինչդեռ Դաշնային օրենքով 2003թ. նորմը լրացվել եւ փոփոխվել է: Այժմ գործում է երկու նորմ. ընտրությունների փաստաթղթերը եւ հանրաքվեի փաստաթղթերը կեղծելը (թիվ 142 հոդված):

Հայրենի օրենսդիրը նույնպես քննարկվող հոդվածը 2007թ. լրացրել է՝ «համակարգչում սխալ տվյալներ մուտքագրելը, մուտքագրված տվյալները փոփոխելը» բառակապակցությամբ: Ի դեպ, նաեւ նոր օրենքներ է ընդունել, օրինակ՝ 154-1 հոդվածով պատասխանատվություն է նախատեսել թեկնածուներից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու պայմանով թեկնածուներից անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք ստանալու համար, մինչդեռ պատասխանատվություն չի նախատեսվել պետական բյուջեից կամ օլիգարխների գրպանից ահռելի գումարները ցուցակներով բաժանողների՝ «քվե առնողների» համար:

Օրենսգրքի 1544 հոդվածով պատասխանատվություն է նախատեսվել զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելու համար: Ուշադիր հետեւեք՝ պատասխանատվությունը վերաբերում է զենք կրելու իրավունք ունեցող անձանց, ուրեմն այդ իրավունքը չունեցող սափրագլուխը կամ օլիգարխը անարգել կարող է մուտք գործել տեղամաս:

Նկատվում է, որ ԱԺ-ն օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարում է ոչ թե հասարակական հարաբերությունները հանցավոր ոտնձգությունից պաշտպանելու անհրաժեշտությամբ, այլեւ ինչ-որ ապօրինություն «լվանալու» հիմքով:

Օրինակ, Քրեական օրենսգրքի 225 հոդվածում փոփոխությունների առիթը «7-ի» գործով կեղծիքները եւ իրավական անգրագիտության «լվացումն» էր, իսկ 300 հոդվածում փոփոխություններն ու լրացումները միտված էին իշխանության զավթումը «մարսելուն»:

Օրենսդրի ընդունած որոշումների հիմքերը նույնպես այդպիսին են: Օրինակ, 3 ազատամարտիկ պատգամավորի եւ գործարար Խ. Սուքիասյանին քրեական պատասխանատվության կանչելու եւ կալանելու համաձայնություն տալու առիթը հաշվեհարդարն է, մինչդեռ իրավական հիմքերը բացակայում են:

Ահա այս անսկզբունքային եւ քծնող օրենսդրական դաշտով, հասարակական հարաբերությունները կարգավորող այս տգետ ու մոգոնված օրենքներով էլ այժմ գնում ենք Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին:

Օրենքների անկատարության եւ սողանցքների առկայության հանգամանքը երբեւէ չեն հանգեցնելու արդար ընտրությունների: Բայց կրկին հարց է ծագում. այս տգետ ու դատապարտելի խաբեության մեթոդներով ինչի՞ ենք հասնելու, գողացված քվեի տերերի՝ օրինական բողոքողների շարքերը վարչակազմը անվրեպ գնդակահարելով որքա՞ն է նոսրացնելու, անմեղ մարդկանց հալածելով եւ սեփականությունը խլելով ի՞նչ օգուտ ենք ստանալու:

Կարծում եմ՝ սթափվելու ժամանակն է: Յուրաքանչյուրս պետք է գիտենանք, որ ընտրությունների արդյունքների կեղծելը քաղաքակրթությանն անհարիր է, հիշյալ հանգամանքը ուղղակի ներազդում է երկրի ներքաղաքական եւ արտաքին հարաբերությունների վրա եւ անուղղակի հարվածում ազգաբնակչության սոցիալական խնդիրներին: Այս դառը պտուղները այժմ մենք վայելում ենք (Ղարաբաղյան հարց, հայ-թուրքական հարաբերություններ, ազգաբնակչության աղքատացում): Ընտրազանգվածը եւս պարտավոր է հասկանալ, որ մեկ-երկու օրվա ապրուստի միջոց մուրալու համար քվեն ծախելը մուրացկանություն է եւ այդ կարգավիճակում գտնվելու մեղսակիցն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել