Սյունեցի հաշմանդամների համար տարբեր մարզաձեւերով զբաղվելու հնարավորություն ստեղծելու նպատակով Կապան էին այցելել հաշմանդամային սպորտի զարգացմամբ ու համակարգմամբ զբաղվող Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները:
2009 թվականի մարտի 1-ից գործող նորաստեղծ այս կառույցի առաքելությունն է՝ ոչ միայն Երեւանում, այլ նաեւ բոլոր մարզերում, բնականաբար՝ նաեւ Սյունիքում հաշմանդամների համար ստեղծել հնարավոր պայմաններ սպորտում իրենց ներուժը ցուցաբերելու, ինչպես նաեւ աջակցել այդ մարզիկների կայացմանն ու տարբեր մարզական առաջնությունների մասնակցությանը: Ֆեդերացիան իր ծրագրերի մեկնարկը տվեց Սյունիքի մարզից, որտեղ նախատեսվում են հաշմանդամություն ունեցողներին ընդգրկել այնպիսի մարզաձեւերում, որոնց անցկացման հնարավոր պայմանները կան: Կույրերի ֆուտբոլի զարգացման ուղղությամբ արդեն աշխատանքներ տարվել են: Ըստ ֆեդերացիայի նախագահ Սամվել Ռոստոմյանի, ձայնային ազդանշաններ ունեցող գնդակների ձեռքբերումից հետո, դրանք կհատկացվեն նաեւ Սյունիքի մարզին: Վոլեյբոլ, բասկետբոլ, սեղանի թենիս եւ այլ մարզաձեւերի պարապմունքներ կկազմակերպվեն հաշմանդամների համար: Մյուս մարզաձեւերից պարապմունքներ կանցկացվեն հնարավոր պայմաններ ունենալու պարագայում: Այդ պատճառով է, որ Կապանի հաշմանդամները լողի մարզաձեւից օգտվելու հնարավորություններ չունեն: Ծրագրերը շատ են, բայց դրանց իրականացումը կախված է ոչ միայն տարբեր կառույցների աջակցությունից, այլեւ հենց հաշմանդամների հոգեբանական պատրաստվածությունից: Կապանում գործող «Ողջի» հ/կ-ն, որտեղ հաշվառված են մարզի մոտ 7500 հաշմանդամներից 3000-ից ավելին, ծրագրի իրականացման ուղղությամբ համագործակցում է Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի հետ: Ծրագիրը նախապատրաստական փուլում է դեռ: Նախատեսվում է հաշմանդամների հետ պարապող մարզիչներին եւ այս հարցում անմիջական օժանդակություն ցուցաբերողներին ընդգրկել վերապատրաստման ծրագրերում:
[…] Հանուն հաշմանդամների […]