Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Կարճաղբյուրը զրկված է ոռոգման ջրից

Մայիս 28,2009 00:00

Ահազանգում են

Ազատամարտի վետերանների միության (ԱՎՄ) Գեղարքունիքի մարզի նախագահ, 2-րդ խմբի հաշմանդամ, թոշակառու Ավետիք Ղազարյանը դիմել էր ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան: Նա բողոքարկում էր ՀՀ Հյուսիսային քաղաքացիական դատարանի (այլեւս լուծարված) հունվարի 8-ի կայացրած վճիռը:

Նշենք, որ 1998-2002թթ. Ա. Ղազարյանը կազմել է էլեկտրաէներգիայի արտադրության կազմակերպման եւ վաճառքի բիզնես-ծրագիր: Նա մտադիր էր Կարճաղբյուր գյուղում կառուցել 1040 կվտ/ժ հզորությամբ հիդրոէլեկտրակայան՝ 1 տարվա ընթացքում:

Ստանալով համապատասխան թույլտվություններ՝ ՀՀ էներգետիկայի նախարարությունից, գյուղապետարանից, Գեղարքունիքի մարզպետարանից, նա ձեռնամուխ է լինում բիզնես-ծրագրի իրականացմանը: Խնդրի շուրջ որեւէ առարկություն չի եղել:

Ա.Ղազարյանը, ինչպես նշված էր վերաքննիչ բողոքում, 2003 թ. մայիսի 5-ին պայմանագիր է կնքում «Ռեյգալ» ՍՊԸ-ի հետ, որը պարտավորվում է 5 տարվա ընթացքում ֆինանսավորել, ավարտին հասցնել հիդրոէլեկտրակայանի կառուցումը: Ա.Ղազարյանը ծրագրի հետ կապված աշխատանքների, խորհրդատվությունների համար ծախսում է 5 208 000 դրամ գումար: Պայմանագրի ժամկետն ավարտվել է անցյալ տարվա մայիսի 5-ին, սակայն ՀԷԿ-ը չի կառուցվել: Ապամոնտաժվել է հազարավոր մետրեր ձգվող խողովակաշարը, որը նախատեսված էր ջրամատակարարման համար:

Ա. Ղազարյանը վերաքննիչ դատարանում պահանջում էր հօգուտ իրեն «Ռեյգալ» ՍՊԸ-ից բռնագանձել 30 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որպես իր ծրագիրը չիրագործելու համար սահմանված գումար: Սակայն վերաքննիչ դատարանը մերժեց նախկին ազատամարտիկի բողոքը, ընդունելով ըստ էության «Ռեյգալի» առարկությունները: Ըստ «Ռեյգալ» ՍՊԸ-ի, Ա. Ղազարյանը չի հանդիսացել ջրօգտագործող եւ էներգիա արտադրող: Հետեւաբար, նա «համապատասխան ջրային ռեսուրսից» ջուր չի վերցրել, ձեռք չի բերել պահանջվող թույլտվությունը: Վերաքննիչ դատարանը գտնում էր, որ անձը չի կարող իրականացնել որեւէ տեսակի ջրօգտագործում, բացառությամբ՝ ՀՀ ջրային օրենսգրքով նախատեսված դեպքերի:

Ինչ վերաբերում էր խողովակաշարի նկատմամբ իրավունքների խախտմանը, ապամոնտաժմանը, ապա, ըստ «Ռեյգալի», խողովակաշարը գնվել է աճուրդի միջոցով, հանդիսացել է ընկերության սեփականությունը:

Կարճաղբյուր գյուղի բնակիչները, թվով 20, ահազանգ էին ուղարկել խմբագրություն, տեղեկացնելով, որ համայնքը զրկված է ոռոգման ջրից. «Մենք շատ համայնքների պես չէինք խնդրում իշխանություններից, չէինք անհանգստացնում՝ խողովակաշար անցկացնել կամ խմելու ջրով ապահովել, քանի որ մեր տարածքում կար մոնտաժված խողովակաշար, նման բիզնես- ծրագիր, հույսով սպասում էինք բարեհաջող ավարտին», ահազանգում են նրանք: Ի դեպ, «Առավոտին» նրանք տեղեկացրին, որ «ՀայՌուսգազարդին» պատկանող 18000 մետրանոց այդ խողովակաշարն արժեցել է 13 մլն 700 000 դրամ գումար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել