Հայրենիքը պահպանող զինվորի ուզածը երգ է եւ բանաստեղծություն
Ավետիս Ավետիսյանը ծառայում է հայկական բանակում, պաշտպանում է հայրենիքի սահմանները, իսկ ծառայությունից ազատ ժամերին բանաստեղծություններ է կարդում եւ երգեր լսում: Սիրած հեղինակներից է Պարույր Սեւակը, իսկ Արթուր Մեսչյանին եւ «Առաքյալներ» խմբին կարող է լսել անվերջ: Վերջերս, իր հերթապահության ժամին հանկարծ տեսել է, որ հեռուստատեսությամբ հարցազրույց են ցուցադրում Արթուր Մեսչյանի հետ եւ հնչում են նրա երգերը: Ավետիսը ծառայությունից հետո նստել եւ նամակ է գրել ծնողներին, որում իր մասին ընդամենը մեկ նախադասություն կա. «Չեմ նիհարել», իսկ ամբողջ նամակը «Առաքյալների» մասին է, մեկ էլ խնդրել է մորը, որ յուրաքանչյուր պատասխան նամակի հետ արտագրի Սեւակի երկու բանաստեղծություն՝ ցանկացածը, եւ ուղարկի իրեն: Ներկայացնում ենք զինծառայող Ավետիս Ավետիսյանի «Առաքյալները» նամակից մի հատված, այն նվիրելով Անկախության օրվան՝ մայիսի 28-ին. «Բարեւ, հայ ժողովուրդ, նորություններ չկան: Ամառը, ասում են, շատ շուտ է անցնում, ուտելիքը հիմա ավելի համով է: Մնացածը՝ հաջորդ համարում: Հա, «Առաքյալների» մասին, լսեցի եւ գրեցի էս նամակը, կգամ, կավելացնեմ, կտպենք:
Մարդկությունը՝ թեկուզեւ առանց գիտակցելու, սակայն մշտապես զգում է լույսի կարիքը։ Եվ մարդկային հանճարին էլ հենց տրված է լույսը մարդկությանը հասցնելու առաքելությունը։ Դա, թերեւս, մեծագույն առաքելությունն է, քանզի կյանքը հնարավոր չէ առանց լույսի։ Մեզնից պահանջվում է ընդամենն ականջ դնել այդ լույսը բերող առաքյալներին։ Իսկ մենք շատ հաճախ նույնիսկ դա ենք զլանում անել:
Սա մի փոքրիկ անդրադարձ է մի քանի «առաքյալների» անցած ստեղծագործական ուղուն: «Առաքյալներ»՝ առաջին ազգային ռոք-խմբի արվեստը ժամանակակից էր, բայց եւ ազգային՝ բառի ամենաիսկական իմաստով։ Պատմում էին ազգային խնդիրների, ազգային ցավերի մասին, ազգային երազանքի մասին։ Նրանք աշխարհին պատմում էին մեր ազգային ցավի եւ մեզ՝ աշխարհի ցավի մասին։ Խմբի հիմնադիրը եւ երգերի մեծ մասի հեղինակը Արթուր Մեսչյանն էր՝ հայկական դասական ռոքի հիմնադիրը, հայկական հեղինակային երգի, թերեւս, մեծագույն ներկայացուցիչներից։ Նա երաժշտական մասնագիտական կրթություն չունեցող իր մի քանի համախոհներից կարճ ժամանակամիջոցում կարողացավ ստեղծել պրոֆեսիոնալ խումբ։ Թե ինչպիսի պայմաններում էին գտնվում խորհրդային տարիների «բուրժուական» արվեստի ներկայացուցիչները, կարիք չկա ներկայացնելու։ «Առաքյալների» դրությունը եւս երանելի չէր։ Արդյունքում՝ խումբը բազմիցս վերաձեւվում, կազմալուծվում եւ վերակազմավորվում էր։ Իսկ 1988թ. հիմնադրի՝ արտերկիր հեռանալուց հետո խումբը վերջնականապես դադարում է գոյություն ունենալ։ Հետո Մեսչյանը բնակություն է հաստատում Բոստոնում, որտեղ էլ եւ հիմնադրում է «Առաքյալներ-1990» խումբը, որը եւս երկար կյանք չի ունենում։ Այսուհանդերձ, տարագրության տարիներին ստեղծվում են Մեսչյանի լավագույն գործերը, լույս են տեսնում «Communion», «Wander» եւ այլ ալբոմները։ «Օրերը», «Զարմանում եմ ես», «Ո՞ւր էիր, Աստված», «Դատարկվել են փողոցները», «Քայլերը», «Երգը խղճի», «Աշխարհի ցավը», «Երկիր հնամյա» եւ բազում այլ երգեր հայկական ռոք երաժշտության գոհարներն են։ Մեծագույն նվաճումներից էր «Խելակորույս ջութակահարի մենախոսությունը»՝ հայկական առաջին ռոք-օպերան, որը ստեղծվեց 1992 թ.։ Արդյունքում՝ հայկական ռոքը հասցվեց համաշխարհային մակարդակի։ Մեսչյանը նաեւ իր երգերի միակ կատարողն է։
Մեսչյանի ստեղծագործությունները թեկուզեւ գրված են համաշխարհային ռոքի ավանդույթներով, այդուհանդերձ, դրանց գլխավոր հասցեատերը հայ ժողովուրդն է։ Թե՛ ապրումները, թե՛ գաղափարները, գրեթե ամեն ինչ, ինչի մասին երգում է հեղինակը, մեր կյանքից է վերցված։ Հայն է տեսել, թե ինչպես է «արդարության աչքերը կապվում», հայն է, որ «ընկնում է ցավից, սակայն մահվանը չի հավատում», եւ, վերջապես՝ հայն է, որին մի մեղեդի, ծանոթ մի ձայն դարձնում է իր տուն։
Այդ ձայնը հեղինակին եւս տուն դարձրեց։ Հայրենի օդը նրան ստեղծագործական նոր շունչ հաղորդեց, եւ արդեն հաջորդ տարի Մեսչյանը մի քանի քաղաքներում հանդես եկավ մի չլսված համերգաշարով եւ, իհարկե՝ այդ համերգաշարի ոսկե թագը հանդիսացող երեւանյան համերգով։ Մի բան միայն կարելի է ասել. ով բախտ է ունեցել ներկա գտնվելու այդ համերգին, թերեւս իր կյանքը բաժանի 2 մասի՝ մինչեւ այդ համերգը եւ համերգից հետո»։