Լրահոս
Օրվա լրահոսը

Շրջակա միջավայրը՝ ուռուցքների պատճառ

Մայիս 28,2009 00:00

Մասնագետների հավաստմամբ, արտաքին վնասակար գործոնները քաղցկեղածին են

Ըստ վիճակագրության, վերջին 10 տարիների ընթացքում չարորակ ուռուցքներով հիվանդացության մակարդակը տարեցտարի 2-3, երբեմն նաեւ 4%-ով աճում է: Եթե 1995թ. 100 հազար բնակչի հաշվարկով մեր երկրում արձանագրվել է 180 առաջնային հիվանդ, ապա նախորդ տարվա տվյալներով՝ այդ ցուցանիշը հասնում է 220-ի: Ըստ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանի. «2007-ին ՀՀ-ում ընդհանուր հաշվով արձանագրվել է քաղցկեղով 7 294 առաջնային հիվանդ, իսկ նախորդ տարի՝ 7 336: Վերջին 5 տարիների ընթացքում չարորակ ուռուցքներով մանկական (0-14 տարեկան) հիվանդացության ցուցանիշը մնացել է նույնը: Մանուկների մոտ ավելի շատ են հանդիպում արյան եւ ավշային համակարգերի չարորակ ուռուցքները: Երեխաների բուժումից հետո մենք անհամեմատ ավելի հուսալի արդյունքներ ենք ունենում: Կանանց շրջանում առաջին հորիզոնականում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց մոտ՝ թոքի քաղցկեղը: Բնականաբար, սրա պատճառը ծխախոտի չարաշահումն է: Ցավոք, վերջին տարիներին, հատկապես քաղաքաբնակ կանանց մոտ, եւս նկատվել է թոքի քաղցկեղով հիվանդացության աճ: Պատճառը եւս ծխախոտի հետ է կապված»:

52-ամյա Մանվելը թոքի քաղցկեղ ունի: Նա ստիպված է եղել 7-8 ամիս շարունակ բժիշկների հսկողության տակ գտնվել ու ինտենսիվ բուժում ստանալ. «Ամբողջ կյանքի ընթացքում, տարիներ շարունակ ծխախոտը քայքայում է առողջությունդ, ու առանց հասկանալու մենք մեր մահկանացուն ենք կնքում: Ծխելը ամենավատ սովորությունն է, որին հակված է մարդկությունը: Հիմա ամեն ինչ անցյալում է, եւ ես արդեն ապաքինվել եմ: Հիմա ինձ համար այնքան բնական է չծխելը, որ երբեմն զարմանում եմ, թե ինչպե՞ս եմ ծխել, կամ շրջապատիս մարդիկ ինչպե՞ս են ծխում»:

Ըստ պրոֆեսոր Գալստյանի՝ մեր հանրապետությունում այս կամ այն ուռուցքի տեսակը չի գերակայում այս կամ այն տարածաշրջանում կամ մարզում: «Մեզ մոտ հաճախում են ՀՀ բոլոր մարզերից: Քաղցկեղն առավել հաճախ հանդիպում է 50 եւ ավելի տարեկան մարդկանց շրջանում: Քիչ չեն դեպքերը, երբ հիվանդները ոչ լիարժեք բուժում են ստանում ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցներում: Մեր կենտրոնը ՀՀ-ում միակն է, որն ունի բոլոր տեխնիկական միջոցներն ու համապատասխան կադրերը՝ համալիր բուժում ապահովելու համար՝ ե՛ւ վիրահատություն, ե՛ւ քիմիաթերապիա, ե՛ւ ճառագայթային բուժում, ե՛ւ իմունաբանական բուժում, եւ հորմոնալ: Նշենք նաեւ, որ շուրջ 40% հիվանդների մոտ արձանագրվում է բարձիթողի վիճակ եւ նման դեպքերում հիվանդի բուժման համար կիրառվում են մեր զինանոցում եղած բոլոր եղանակները: Այդ պատճառով բուժումը դառնում է երկարատեւ, շատ ծախսատար եւ, որ ամենակարեւորն է՝ ոչ միշտ է հնարավոր լինում փրկել հիվանդներին: Մինչդեռ վաղ փուլերում հայտնաբերված չարորակ ուռուցքների բուժման համար պահանջվում է կարճ ժամանակահատված եւ բուժման 1-2 եղանակների կիրառում: Նման դեպքերում 80-90%-ով հիվանդները ապաքինվում են այդ վատ հիվանդությունից: Լինում են նաեւ դեպքեր, երբ հիվանդները զբաղվում են ինքնաբժշկմամբ՝ սիսեռաբուժությամբ, միզաբուժությամբ, հեքիմների են դիմում: Հասարակության մեջ պետք է սերմանել այն միտքը, որ հիվանդություններին պետք է լուրջ մոտենալ, պետք է ժամանակին դիմել բժշկի, քանզի որքան քիչ է խորացած լինում հիվանդությունը, այնքան հեշտ եւ արդյունավետ է լինում բուժումը: Այդ առումով մեծ նշանակություն է տրվում ազգաբնակչության սանիտարական կուլտուրային»:

Պրոֆեսոր Գալստյանի խոսքերով, շատ կարեւոր է, որ հիվանդները ոչ թե պարզապես դիմեն հիվանդանոց, այլ դիմեն կոնկրետ մասնագիտացված հիվանդանոց կամ կենտրոն, քանի որ չարորակ ուռուցքներն այն հիվանդություններն են, որոնք առանձնահատուկ մասնագիտական մոտեցում են պահանջում: Շատ երկրներում չարորակ ուռուցքները դասվում են սոցիալական հիվանդությունների շարքին: Ուռուցքների առաջացման պատճառները, ըստ պրոֆեսորի, բազմազան են, բայց ոչ միանշանակ: Կարեւոր է ընտանեկան ժառանգական նախատրամադրվածությունը, սակայն միանշանակ չէ, որ եթե ծնողներից մեկը քաղցկեղով հիվանդ է եղել, ուրեմն զավակները նույնպես պիտի հիվանդանան: «Ընդհանուր առմամբ, չարորակ ուռուցքների 90-95%-ի պատճառները շրջակա միջավայրի գործոններն են: Քաղաքակրթության զարգացմանը զուգընթաց, արձանագրվում է մի շարք հիվանդությունների ցուցանիշների աճ: Այդ գործոնները մարդկության կողմից են ստեղծվել, որոնք էլ բումերանգի պես վերադառնում են իր իսկ ստեղծողին: Այս տեսանկյունից մոտենալով, կարող ենք նշել, որ արտաքին վնասակար գործոնները հասարակությունը ինքը կարող է վերացնել»,- հավաստում է պրոֆեսոր Գալստյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել