Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՌՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ

Մայիս 28,2009 00:00

Եվ պաթոլոգիկ ատելությամբ տառապող նրա պաշտոնյաները

Օրերս թերթերից մեկում այսպիսի միտք կարդացի՝ Ադրբեջանի քաղաքակրթության մակարդակն ուղղակիորեն կապված է Հայաստանի ազգային շահի հետ: Այս միտքն ինձ հիշեցրեց դեռ մի քանի ամիս առաջ life.trend.az-ում հրապարակված մի հոդված. այն եւս մեկ անգամ հիշեցնում է, որ ադրբեջանցիները ոչ միայն քաղաքակրթությունից են հեռու, այլեւ՝ բարությունից ու հանդուրժողականությունից: Ադրբեջանցի հայտնի քաղաքական ու հասարակական գործիչները, պաշտոնյաներն այնքան ծայրահեղ ատելությամբ են խոսում հայերի մասին, այնքան են կենտրոնացել «թշնամու կերպար» կերտելու վրա, որ նույնիսկ դավաճանություն են համարում հայերի հետ իրենց եւ իրենց եղբայրական հանրապետության վիրտուալ կապը: Եվ քանի որ ադրբեջանցիների մեջ կան մարդիկ, ովքեր իրենց վաղեմի բարեկամներին ու ընկերներին փնտրում են նաեւ ԱՊՀ երկրների եւ մասնավորապես Հայաստանի տարածքում, ու հաճախ էլ նրանց ներառում «Օդնոկլասնիկի» կայքի «ընկերներ» բաժնում, որոշ պաշտոնյաներ առաջարկում են այդ «ընկերությունները» Ազգային անվտանգության նախարարության կողմից հսկողության տակ առնել: Մեջբերենք մի քանի կարծիք՝ առանց մեկնաբանությունների:

Միլի Մեջլիսի պատգամավոր, լրագրող Ագիլ Աբաս. «Մենք կարող ենք վերականգնել կապերը հայերի հետ միայն այն դեպքում, եթե նրանք ծնկի գալով մեր առաջ, ներողություն խնդրեն Ղարաբաղի համար: Մարդիկ, ովքեր մտնում են այդ կայքը հայերի հետ ընկերական կապեր հաստատելու համար, նրանք ադրբեջանցի չեն»:

Բաքվի Սաբաիլսկի շրջանի՝ մարդու իրավունքների պաշտպանության եւ անչափահասների գործերով հանձնաժողովի նախագահ Խալիդա Բայրամովա. «Կա մի հասկացություն՝ «պաթոլոգիկ ատելություն», ինձ մոտ ահա այդպիսի ատելություն է հայերի նկատմամբ: Ադրբեջանցու եւ թուրքի համար լավ հայ գոյություն չունի»:

Միլի Մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Այդին Միրզազադե. «Երբ որոշ բաքվեցիներ, ռոմանտիկ հիշողությունների ազդեցության տակ, հայերի շրջանում փնտրում են իրենց նախկին համադասարանցիներին ու հարեւաններին, ավելին՝ նրանց մտցնում են «ընկերներ» բաժին, հարկ է մտածել, թե որքանով է հակառակ կողմի վերաբերմունքը ընկերական: Մեր հայրենակիցները պետք է զգույշ լինեն, որովհետեւ տեղեկատվությունը կարող է օգտագործվել ընդդեմ պետության: Պետք չէ մոռանալ, որ հենց մենք՝ ադրբեջանցիներս, պետք է ազգային շահերը պաշտպանենք»:

Միլի Մեջլիսի մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահ, ԳԱԱ թղթակից անդամ Նիզամի Ջաֆարով. «Այն պահին, երբ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված չէ, հայերի հետ համագործակցությունը, ցանկացած մակարդակի վրա, համարվում է դավաճանություն: Կարելի է բանակցություններ վարել, քննարկել քաղաքական հարցեր, լուծել մշակութային խնդիրներ, բայց ընկերություն անել հայերի հետ այն դեպքում, երբ Հայաստանը «օկուպացրել» է մեր հողերը՝ անթույլատրելի է»:

Միլի Մեջլիսի պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Զահիդ Օրուջ. «Նման ընկերական կապերը կտրականապես անընդունելի են… Ընդհանրապես ազգային դիվանագիտության շրջանակներում անընդունելի են բոլոր «ընկերական այցելությունները» Հայաստան եւ ԼՂ: Դա կբերի խնդրի սառեցման եւ իրավաբանական հարցերի օրինականացման՝ Հայաստանի օգտին: Այդ իսկ պատճառով կայքի նամակագրությունը մասնակի հսկողության տակ պետք է առնի Ազգային անվտանգության նախարարությունը»:

Քաղաքագետ Վաֆա Գուլուզադե. «Մեր եւ հայերի մեջ երբեք չի կարող ընկերական հարաբերություն լինել: Մի մոռացեք, որ այս պահին էլ մեր երկրները պատերազմական դրության մեջ են: Միայն պատկերացրեք, որ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ սովետական քաղաքացիներից մեկը շփվեր Գերմանիայի բնակչի, թեկուզ հակաֆաշիստի, հետ: Ինչպե՞ս դրան կարձագանքեր սովետական իշխանությունը»:

Անկախ քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն խաղաղարար տեսակետ է հայտնում, ասելով, որ շատ լավ է, երբ 2 թշնամի ազգերի ներկայացուցիչներ բարեկամանում են: «Պատերազմը՝ պատերազմ, բայց չի կարելի հին կապերը խզել միայն նրա համար, որ երկրների միջեւ կոնֆլիկտ է առաջացել: Ես կողմ եմ անմարդկային պայմաններում մարդկային կերպարանքը պահպանելուն»:

Հ. Գ. Եթե եվրոպական երկրները կարող են ժամանակի ընթացքում հաշտվել որոշակի տարածքներ կորցնելու հետ՝ առանց ժողովուրդներին իրար դեմ հրահրելու, ադրբեջանական ժողովուրդը առավելեւս պետք է զուսպ պահի իրեն, քանի որ իր տարածքը չէ, որ կորցրել է, այլ՝ իրեն վերագրվածը՝ մեր պատմական Արցախը: Իսկ մենք՝ հայերս, երբեք այդքան թշնամանքով չենք արտահայտվել մեր հանդեպ ցեղասպանություն գործած ու մեր հողերը բռնի կերպով զավթած թուրքերի՝ ադրբեջանցիների մեծ եղբոր հանդեպ, գոնե՝ մեր պաշտոնյաների, քաղաքական ու հասարակական գործիչների շուրթերով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել