Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Նախարարն այլ բան է նկատի ունեցել

Մայիս 28,2009 00:00

Հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացման հարցը ուսումնասիրող հանձնաժողովը դեռ չի կողմնորոշվել՝ թանկացնե՞լ ուղեվարձը, թե՝ ոչ:

Ապրիլի 1-ից, գազի թանկացմանը զուգահեռ, մայրաքաղաքի եւ մարզերի ուղեւորափոխադրող ընկերությունները մեծ աղմուկ բարձրացրին: Նրանք հայտարարեցին, որ առանց այդ էլ աշխատում են վնասով, իսկ գազի թանկացման պարագայում իրենք կամ պետք է հրաժարվեն երթուղիներից, կամ էլ բարձրացնեն հասարակական տրանսպորտի սակագինը: Ապրիլի 7-ին ուղեւորափոխադրող 18 ընկերություններ նամակով դիմել են տրանսպորտի եւ կապի նախարարությանը, որտեղ նշել են, որ, իրենց կարծիքով, ուղեվարձը պետք է թանկանա գոնե 30-35%-ով, որպեսզի իրենք կարողանան գոյատեւել: Նախարարությունում ստեղծված հանձնաժողովը պետք է ուսումնասիրեր, թե որքանով է հիմնավոր ուղեւորափոխադրողների պահանջը եւ այդ մասին տեղեկացներ ոչ միայն նրանց, այլեւ՝ հասարակությանը: Թե ինչ եզրակացության է հանգել հանձնաժողովը, պարզ չէ, քանի որ անցած մոտ 2 ամսվա ընքացքում նրանց կատարած աշխատանքների մասին ոչ մի բառ չի ասվել, ավելին, նախարար Գուրգեն Սարգսյանը ընթացիկ ամսվա սկզբին ունեցած ասուլիսի ժամանակ, ի պատասխան լրագրողների հարցին, հայտարարեց, որ առաջիկա 10 օրերին այդ առնչությամբ պատասխան կտրվի: Սակայն այդ 10 օրն անցնելուց հետո էլ, դարձյալ նախարարությունը «ծպտուն» չհանեց: Անհամբեր ուղեւորափոխադրողներն էլ վստահ են, որ մինչ իրենք «վնասով» են աշխատում, նախարարությունում պարզապես ժամանակ են ձգում, որպեսզի մայիսի 31-ից, քաղաքապետի ընտրություններից հետո, անմիջապես գործի անցնեն: Գազալցակայաններում անմիջապես կթանկացնեն գազը, որն էլ ինքնաբերաբար կհանգեցնի հասարակական տրանսպորտի թանկացման:

«Առավոտը» փորձեց տրանսպորտի եւ կապի նախարարությունից պարզել, թե ինչո՞ւ հանձնաժողովը չի հրապարակում արդեն մոտ 2 ամիս տեւած ուսումնասիրության արդյունքները: Նախարարության մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանից ստացանք հետեւյալ պատասխանը. «Ապրիլի 7-ին մեզ դիմած 18 ընկերությունները սակագների բարձրացման անհրաժեշտությունը հիմնավորել են մի քանի կետերով: Մասնավորապես, ըստ իրենց, ապրիլի 1-ից գազի գինը փաստացի աճել է 50-55%-ով, վերջին 1 տարվա ընթացքում 50-60 -%-ով աճել են նաեւ ավտոպահեստամասերի գները, բացի այդ, բոլոր երթուղիներում զգալիորեն նվազել է ուղեւորահոսքը, ինչն էլ հանգեցրել է իրենց եկամուտների նվազմանը: Դիմողները, հիմք ընդունելով այս երեք հանգամանքը, խնդրել են բարձրացնել սակագինը: Նախարարությունը, օրենքով սահմանված կարգով, պատասխանել է նամակին, դիմողներին հայտնելով, որ ստեղծվել է հանձնաժողով, որը մանրամասն կուսումնասիրի ներկայացված բոլոր խնդիրներն ու կտեղեկացնի արդյունքների մասին: Արդյունքի հրապարակման հետ կապված՝ որեւէ ժամկետ հանձնաժողովի վրա օրենքով դրված չէ, քանի որ դա շատ աշխատատար գործ է, եւ հանձնաժողովը պետք է առնչվի միմյանցից տարբեր 3 ոլորտների հետ»:

Ինչ վերաբերում է նախարարի հայտարարած 10-օրյա ժամկետին, ապա, ըստ Ս. Տոնոյանի. «10 օր ասելով, նախարարը նկատի է ունեցել, որ այդ ժամկետում կպատասխանենք նամակի հասցեատերերին, ոչ թե կտեղեկացվի հանձնաժողովի վերջնական եզրակացության մասին»: Ս. Տոնոյանը հավելեց նաեւ, որ «քաղաքապետի ընտրությունները հանձնաժողովի աշխատանքի հետ որեւէ առնչություն չունեն, պարզապես ուսումնասիրությունը շատ աշխատատար է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել