Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇԽԱՏԵՑՆՈՒՄ ԵՆ ՈՒ ՓՈՂ ՉԵՆ ՏԱԼԻՍ

Մայիս 28,2009 00:00

«Արմենմոթոր» գործարանի արտադրանքը չի սպառվում, ինչի հետեւանքով գործարանում խնդիրներ են առաջացել

\"\"
Գործարանի արտադրանքը ոչ մեկին չի հետաքրքրում:

 

«Արմենմոթոր» ընկերության աշխատակիցներն արդեն 7 ամիս աշխատավարձ չեն ստանում: Այս մասին «Առավոտին» դժգոհեցին ընկերության աշխատակիցները: Նրանց խոսքերով, ամեն ամիս իրենց հուսադրում են, որ հաջորդ ամիս աշխատավարձի կուտակած պարտքերը միանգամից կվճարեն: Սակայն ժամանակն անցնում է, իսկ վճարման մասին խոսք անգամ չկա: Աշխատակիցների ներկայացմամբ, իրենք փորձել են այս հարցի շուրջ խոսել տնօրենի հետ, սակայն՝ անօգուտ. «Մեզ ասում են, որ մենք իրավունք չունենք նրան դիմելու, նա նման հարցերով չի զբաղվում: Ստիպված դիմել ենք մեր բաժինների պետերին, գանձապետին, նրանք էլ պատասխանում են, որ մի քիչ էլ համբերենք, դեռ գումար չկա»: Գործարանի աշխատակիցները մեզ հետ զրույցում նշեցին, որ իրենց արտադրանքը չի սպառվել, պատվիրատուներից շատերը նախապես կնքված պայմանագրերը չեղյալ են հայտարարել. «Սոցիալապես անապահով 60-ն անց մարդիկ ենք, թոշակառու, չենք կարող միայն թոշակով յոլա գնալ: Հազիվ մի կերպ աշխատում ենք, բայց փող չեն տալիս: Մի 2 հոգի է գումար ստացել, նրանց էլ ստիպված են տվել, որովհետեւ աշխատանքից ազատվելու դիմում են ներկայացրել»:

Նշենք, որ այս ընկերությունը զբաղվում է տարբեր տեսակի շարժիչների եւ մսաղացների արտադրությամբ: Խմբագրությանը դիմած մարդիկ՝ մի քանի խառատներ, փականագործներ, շարժիչ հավաքող մասնագետներ, տեղեկացրին, որ գործարանն իրենցից յուրաքանչյուրին մոտ 800 հազար դրամ է պարտք, քանի որ միջին աշխատավարձը 100-120 հազար դրամ է:

Այս առնչությամբ «Առավոտը» փորձեց պարզաբանումներ ստանալ ընկերության տնօրեն Կառլեն Պետրոսյանից, որը, սակայն, մեզ փոխանցեց, որ «իրենց խորհուրդը թույլ չի տալիս լրատվամիջոցների հետ աշխատել»: Փոխարենը մեր հարցերին պատասխանելու պատրաստակամություն հայտնեց ընկերության տնտեսագիտական բաժնի պետ Կարեն Ստեփանյանը: Աշխատավարձերի ուշացման վերաբերյալ մեր հարցին պարոն Ստեփանյանը խոստացավ պատասխանել միայն այն դեպքում, երբ մեզ դիմած «դավաճան» աշխատակիցների անուններն իրենց ասենք: Քանի որ վերջիններս, խուսափելով իրենց ղեկավարների հետ խնդիրներ ունենալուց, խնդրել էին իրենց անունները գաղտնի պահել, բնականաբար, մենք պարոն Ստեփանյանի խնդրանքը չկատարեցինք:

Մեր այն հարցադրմանը, միգուցե աշխատավարձեր վճարելը կապված է ապրանքների իրացման խնդրի՞ հետ, Կ. Ստեփանյանն ասաց. «Բոլոր տեղերում էլ այդպես է, անգամ՝ սուպերմարկետների ցանցերում: Իսկ այն մարդիկ, որոնք դիմում են գրել աշխատանքից ազատվելու համար, վերջնահաշվարկ ենք արել ու գումարները տվել ենք: Բացի այդ, ես իրավունք չունեմ նման հարցերին պատասխանելու»: Իսկ թե որքան է գործարանում աշխատողների միջին աշխատավարձը, Կ. Ստեփանյանն այսպես պատասխանեց. «Համենայնդեպս, ձեզնից քիչ են ստանում: 50-60 հազար դրամ է: Իսկ աշխատավարձ չստանալու վերաբերյալ ձեր ինֆորմացիան հավաստի չէ»: Երբ պարոն Ստեփանյանին խնդրեցինք մեզ որեւէ փաստաթուղթ ցույց տալ, ըստ որի՝ իրենց աշխատակիցներին աշխատավարձ է վճարվել, նա պատասխանեց. «Ես նույնիսկ հարկային տեսչությանը փաստաթուղթ չեմ տրամադրում, ձեզ որպես ի՞նչ տրամադրեմ»:

Մեր այն հարցին, թե վերջին ամիսներին ընկերությունը արտադրանքի իրացման հետ կապված խնդիրներ չունի՞, պարոն Ստեփանյանը պատասխանեց. «Արտադրել ենք մսաղացներ, որը փորձնական խմբաքանակ է: Փորձնական խմբաքանակը պատվիրված չի կարող լինել: Իսկ իրացվելու հետ կապված խնդիրներ չունենք, այլ՝ մի փոքր դժվարություններ»: Մեզ հետ զրույցում Կ. Ստեփանյանը դժգոհեց հայ սպառողից. «Հայկական մենտալիտետը պետք է փոխվի վերից վար, մեր գնորդը պետք է հասկանա, որ շատ ավելի լավ է տեղական արտադրանք գնի, քան արտասահմանյան, որպեսզի խնդիրներ առաջանալու դեպքում իմանա ում դիմել: Նույն «Բրաուն» ֆիրմայի արտադրած կասկածելի մսաղաց գնելու դեպքում, եթե խնդիր առաջանա հետ տանելու, նրանք հետ չեն վերցնի: Իսկ մենք 2 տարվա երաշխիք ենք տալիս»:

Իսկ թե ինչ ազդեցություն է ունեցել տնտեսական ճգնաժամը գործարանի վրա եւ արդյո՞ք ընկերությունը դիմել է կառավարությանը կամ բանկերին՝ վարկ ստանալու համար, նա պատասխանեց. «Վարկ չենք ցանկանում, քանի որ Հայաստանում արտադրության համար վարկ վերցնելը նշանակում է պարան պատրաստել՝ կախվելու համար, 24% տարեկան տոկոսադրույքով վարկ վերցնելը հատկապես մեքենաշինության ոլորտի համար՝ ահավոր բան է: Այս ոլորտում եկամտաբերության մակարդակն առավելագույնը 10% է, իսկ 24%-ով վարկ վերցնել՝ նշանակում է այդ վարկը չվերադարձնել, գրավ դրված ապրանքն էլ թողնել բանկին: Դիմել ենք կառավարության օպերատիվ շտաբին, սակայն մեզ մերժեցին, հիմնավորելով, որ դա Հայաստանի համար շատ ռիսկային ծրագիր է եւ իրենց այսպիսի ծրագրեր առայժմ պետք չեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել