Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն ցանկանում է իշխանափոխություն

Մայիս 28,2009 00:00

Բայց առանց առճակատման՝ ընտրությունների միջոցով

«Ար» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՅԴ Բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանն ասաց. «Կոալիցիայից դուրս գալով՝ մենք հայտարարել ենք, որ չենք գնում բացարձակ առճակատման իշխանությունների հետ»: Իսկ ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանը մայիսի 26-ին ընտրողների հետ հանդիպման ժամանակ նշեց. «Օրեցօր աճում է սոցիալական դժգոհությունը, մարդիկ հասնում են անվճարունակության շեմին, եւ ի վերջո գալու է այն պահը, որ եթե իշխանությունը կամավոր չհեռանա՝ ժողովուրդը կքշի նրանց: Մի՞թե այդպիսի իրականություն ենք մենք ուզում, մի՞թե ուզում ենք, որ մեր երկրում հեղաշրջում տեղի ունենա: Ո՛չ, մենք ուզում ենք, որ իշխանափոխություն լինի, բայց՝ բնականոն ճանապարհով, ընտրությունների միջոցով»: Նույն պնդումը նա կրկնեց նաեւ երեկ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ ՀՅԴ նախընտրական հանրահավաքում:

Հանրահավաքի հռետորները հավասարապես քննադատեցին ե՛ւ ներկա իշխանությանը, ե՛ւ նախկիններին, բնականաբար՝ քարոզելով ՀՅԴ-ին:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ելույթում հայտարարեց, թե խաբեություն է, երբ «իշխանական համակարգում առկա արատավոր երեւույթները վերացնելուց են խոսում, բայց նույն քաղաքական ուժը լինելով՝ ամենաշատը, որ կարողանալու են անել՝ Երեւանի քաղաքային իշխանությունները դարձնելու են կա՛մ կենտրոնական իշխանության ստորաբաժանումը, կա՛մ ամենաշատը՝ նրա կցորդը»: Ըստ նրա՝ խաբեություն է նաեւ, երբ «խոսում են ազատ ու արդար ընտրություններից՝ երեւանցուց խլելով նրա ընտրելու իրավունքը՝ լինի դա այդ իրավունքը գնելու միջոցով, թե պարտադրելու: Սո՛ւտ է, եթե այդ քվեն ձեռք է բերվել կաշառքով, ուրեմն կաշառակերությունն էլ ծաղկելու է քաղաքում: Իսկ եթե ձեռք է բերվել պաշտոնեական դիրքի չարաշահմամբ՝ պարտադրանքով ու լծակների գործադրմամբ, ուրեմն պաշտոնեական դիրքի չարաշահումներն էլ քաղաքապետարանում լինելու են ամեն քայլափոխի»:

Արմեն Ռուստամյանը նաեւ հայտարարեց. «ՀՅԴ-ն հավատացած է, որ սեփական ժողովրդին նվաստացնելու ու ճնշելու գնով ստացած քվեներով ձեւավորված իշխանությունը շարունակելու է ավելի մեծ ուժով ճնշել ու նվաստացնել սեփական ժողովրդին»:

ՀՅԴ Բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը ելույթում հայտարարեց. «Նախագահական ընտրություններից սկսած՝ ամեն ինչ արվել է մեր ժողովրդին, մեր հասարակությանը, մեր քաղաքացիներին բաժան-բաժան անելու, պառակտելու, թշնամացնելու եւ բարիկադի հակադիր կողմում կանգնեցնելու»: Նրա խոսքի հասցեատերը կարծես առավել ընդդիմությունն էր: Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Էրեբունի համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր. «Այո, այս իշխանությունները գազան են, բայց նրանք ամենակարող չեն, նրանք չեն կարող վախեցնել ժողովրդին»: Իսկ անդրադառնալով ՀԱԿ թիմին՝ նշել էր, թե նրանք պաշտոն չեն ուզում, այլ «չեն ուզում, որ իրենց թոռներն ու երեխաները կաշառք տան բարձրագույն կրթություն ստանալու համար, չեն ուզում, որ իրենց երեխաները փողոցում ոստիկան տեսնելիս վախենան»: Ակնհայտ է, որ Աղվան Վարդանյանը հենց այս հայտարարությունները նկատի ուներ, երբ երեկ ելույթում ասաց. «Մենք կոալիցիայից դուրս ենք եկել, բայց ասել ենք նպատակը՝ մեր գործողություններով փորձելու ենք կանխել, սթափեցնել՝ առանց ծայրահեղությունների: Եվ մեր քայլերը պայմանավորված են լինելու գործընթացներով, իշխանության քայլերով: Բայց մարդիկ, որոնք ե՛ւ իշխանության փորձ ունեն, ե՛ւ գիտեն մանիպուլյացիաների ենթարկել ժողովրդին՝ այսօր բացահայտ հայտարարում են, թե իշխանությունը գազան է, թե իրենք չեն գալիս իշխանության պաշտոնների համար, այլ, օրինակ, որ մարդը չվախենա ոստիկանից կամ բուհ ընդունվի առանց կաշառքի: Կարծես թե իրենց ժամանակներում հետո գեներալ դարձած Բուդոն իրավաբանական ֆակուլտետում սովորում էր իր գիտելիքներով»:

Ելույթի վերջում Աղվան Վարդանյանը հայտնեց. «Մենք այսօր ընդդիմություն ենք՝ սկզբունքային, ազգային պետական շահերից մեկնած ընդդիմություն, բայց ես շատ չեմ տարբերում ընդդիմություն-իշխանություն հասկացողությունները: Մենք ՀՀ քաղաքացի ենք, այս երկրի տերը»:

Հ. Գ. Օրերս Փարիզում գումարվել է ՀՅԴ Բյուրոյի լիագումար նիստը, որի ընթացքում քննարկվել են այլեւս ընդդիմադիր Դաշնակցության անելիքները: Նիստի ավարտին ընդունված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Կոալիցիայից ՀՅԴ-ի դուրս գալը որեւէ կերպ չպետք է բացասաբար անդրադառնա Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վրա: Ընդհակառակը՝ մենք պետք է գիտակցենք, որ միայն համազգային համախմբմամբ, նյութական, մտավոր եւ հոգեւոր ուժերի մեկտեղմամբ կարող ենք ու պարտավոր ենք հաղթահարել մեր երկրի եւ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել