Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՆՉԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՉ ՄԻ ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ՉԵՄ ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ

Մայիս 28,2009 00:00

\"\"Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Գագիկ Բեգլարյանն այսպես է հակադարձել ընդդիմախոսներին:

Մայիսի 23-ից գործում է Երեւանի քաղաքապետի ՀՀԿ թեկնածու Գագիկ Բեգլարյանի պաշտոնական բլոգը՝ https://beglaryan.wordpress.

com/ հասցեով: «Վերջինիս ստեղծման գաղափարին հանգեցինք գործընկերներիս հետ քննարկումների արդյունքում, երբ նպատակ կար ինչ-որ ավելի մատչելի եւ արագ ֆորմատով կապի մեջ մտնել մեր համաքաղաքացիների հետ, անդրադառնալ նրանց հուզող հարցերին եւ, ինչու չէ, հետաքրքրություններին,- ասել է Գագիկ Բեգլարյանը:- Նշեմ, որ հնարավորության սահմաններում անձամբ կփորձեմ հետեւել եւ արձագանքել բլոգում տեղի ունեցող քննարկումներին: Դրանում եւ թարմ տեղեկությունների զետեղման գործում ինձ կօժանդակեն իմ գործընկերները: Ուրախ կլինեմ տեսնել Ձեր գրառումները եւ առաջարկությունները»:

Հնարավորությունը, որ այս միջոցով կարելի է ուղիղ կապ հաստատել ու հարցեր հղել Գագիկ Բեգլարյանին՝ օգտագործել են ոչ միայն նրա կողմնակիցները, նրանից օգնություն ակնկալողները, այլ առավել՝ ընդդիմախոսները: Որպես ապացույց՝ հատվածներ ներկայացնենք բլոգում ծավալված քննարկումներից:

Նարինե. Պարոն Բեգլարյան, այսօր արդեն վստահ կարող եմ ասել, որ արաբկիրցիների մեծ մասը, այդ թվում՝ նաեւ թոշակառուները, անկասկած քվեարկելու են Ձեր օգտին, որպեսզի իրականանան Ձեր կողմից ներկայացված ծրագրերը:

Բեգլարյան. Շնորհակալ եմ Ձեր վստահության համար:

Ծիրանյան. Գոնե Արաբկիրից մի խոսեք, եփած հավի ծիծաղն էլ կգա:

Բեգլարյան. Հարգելի բարեկամ, ի տարբերություն շատ թեկնածուների՝ ես կարող եմ խոսել ինչպես Արաբկիրից, այնպես էլ Երեւանի բոլոր համայնքներից, որտեղ չեմ այցելում ընտրությունից ընտրություն, ու որոնց բնակիչներին չեմ վերաբերվում իբրեւ ընտրող, այլ վերաբերվում եմ իբրեւ համաքաղաքացի, որոնց հետ իմ շփումը չեմ պայմանավորում ու պլանավորում ընտրությունից ընտրություն:

Կարեն. Հարգելի պարոն Բեգլարյան, չե՞ք կարծում, որ Ձեր «գողական» անցյալը (թե ներկա՞ն) օգտակար չէ Ձեր ընտրողներին ծառայելու համար:

Բեգլարյան. Հարգելի Կարեն, խնդրում եմ ուշադիր կարդացեք իմ կենսագրությունն ու ինքներդ հետեւություն արեք, թե ես ե՞րբ կարող էի ժամանակ ունենալ ձեր նշած անցյալն ունենալու՝ Երեւանի պետական համալսարանին կից Ֆիզմաթ դպրոցո՞ւմ, Տնտեսագիտական համալսարանո՞ւմ, թե՞ իմ աշխատանքային բազմազբաղ առօրյայում: Հուսով եմ, ճիշտ հետեւություն կանեք:

Ժոժոբա. Հետաքրքիր է՝ բլոգի ադմինը պահպանում է նաեւ բացասակա՞ն մեկնաբանությունները, թե՞ այս քաղաքում բոլորը գոհ են քաղաքապետարանի աշխատանքներից:

Բեգլարյան. Հարգելի համաքաղաքացի, հուսով եւ վստահ եմ, որ բլոգի ադմինիստրատորը պահպանում է բոլոր այն մեկնաբանությունները, որոնք վիրավորանք չեն պարունակում, իսկ բացասական մեկնաբանություններն իմ կողմից նույնպես կարդացվում են, ու առողջ քննադատությունն անպայման հաշվի է առնվում:

Վիշապ. Ես Դավիթաշենից եմ, ձեզ չեմ ընտրելու, ինձ գլխառադ արված ձեւական գործեր ցույց տալ պետք չի: Էդ բարակ ասֆալտը, որ մինչեւ հաջորդ ընտրություններ չի ձգելու, լավ է չանեք ու անիմաստ չվատնեք պետական գումարները: Դավիթաշենի կամրջի վրա, որը կարեւոր ճանապարհ է, խոշոր փոսեր կան, որ կես տարի է՝ չեն լցվում, ու որոնք վթարային իրադրության պատճառ են, հետեւաբար տների դիմաց ասֆալտ անելը ձեր կողմից միայն ցուցադրական է: Էլ քաղաքի հողատարածքների ապօրինի բաշխման ու անճաշակ ու խիտ շինարարությունների մասին չխոսեմ: Չե՛ք անցնելու, no pasaran!

Բեգլարյան. Հարգելի բարեկամ, այդ ասֆալտն ու լուսավորումը, ամեն դեպքում, ձեր բակում է մնալու, գոնե աշխատեք պահպանել եղածն ու, ինչու չէ, մի բան էլ դուք ավելացրեք արվածին՝ իբրեւ քաղաքացի: Ինչ վերաբերում է հողատարածքների բաշխմանն ու կից շինարարությանը, դուք անձերի ու ժամանակագրային առումով շփոթում եք, իսկ no pasarann էլ արդեն ժամանակավրեպ կարգախոս է, մնում է ինքներդ էլ համոզվեք: Ամեն դեպքում, շնորհակալություն կարծիքի համար:

Երվանդ. Առանց ընտրակաշառք բաժանելու Դուք ոչ մի շանս չունեք հաղթելու ՀԱԿ-ին, իսկ ընտրակաշառք բաժանելով ու մյուս վարչական լծակներն օգտագործելով՝ ունեք ամենաշատը 20%-ի հույս: Հրաժարվեք ընտրություններին մասնակցելուց:

Բեգլարյան. Հարգելի բարեկամ, ես երբեք ընտրակաշառք չեմ բաժանել ու վարչական լծակներ չեմ օգտագործել: Իսկ ՀԱԿ-ին ես մեկ անգամ արդեն պարտության մատնել եմ՝ Կենտրոնի թաղապետի ընտրություններում:

Արտուշ. Հա, բա Կենտրոնի հաջողությունները… Էդ Հյուսիսային պողոտա՞ն էր հաջողություն, էդ անճաշակ շենքե՞րը, թե՞ կաֆեները կամ թե չէ՝ անօրինական ծառահատումները, որ արվեցին՝ տեղը գարաժ ու կաֆե, եւ էլ չեմ իմանում՝ ինչ սարքեցին… 7 տարվա մեջ մի բան է արվել կիսատ-պռատ՝ աղբահանությունը եւ աղբի ամանները: Այ, էդ մեծ հաջողություն ա, սենց որ գնանք՝ մի 250 տարի հետո կհաջողվի Կենտրոնը իրոք կենտրոն դարձնել:

Բեգլարյան. Հարգելի Արտուշ, Հյուսիսային պողոտայի կառուցապատման տակ ստորագրել է Ձեր համախոհը՝ Արարատ Զուրաբյանը: Երեւի ապատեղեկացված եք: Եվ քանի որ Ձեր հարցի սկիզբն իսկ ապատեղեկացվածություն պարունակող տարր ունի, թույլ տվեք չպատասխանել հարցի մյուս շեշտադրումներին: Լայնախոհ եղեք հարցերում եւ մի քիչ էլ շրջահայաց:

Սեւակ. Այստեղ բոլորը գրում եմ, որ ձեզնից լավը չկա, բայց ոնց տեսնում ու կարդում եմ Ձեր մասին՝ ճիշտ հակառակն եմ տեսնում: Այ, օրինակ այս սայթը մտեք ու դիտեք, թե ընտրողներն ինչ կարծիքի են Ձեր մասին: https://www.youtube.com/watch ?v=m8szKXmG74E&feature=channel

Բեգլարյան. Հարգելի Սեւակ, մենք ունենք ինչպես համակիրներ, այնպես էլ հակառակորդներ, սակայն ցանկալի է, որ հակառակորդներն իրենց պայքարը տանեն գրագետ ու առանց ստելու, առանց մարդկանց խաբելու, առանց սեփական խղճի դեմ աշխատելու: Դիտեցի youtube կայքում տեղադրված հոլովակը: Պաշտոնյան, որը ստորագրել է Հյուսիսային պողոտայի տների քանդման, բնակիչների վտարման եւ ընդհանրապես Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրի տակ՝ այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին է կանգնած, մարդ, որը եղել է Կենտրոնի նախկին թաղապետ, եւ ում թաղապետության օրոք են կայացել Հյուսիսային պողոտային վերաբերող բոլոր որոշումները: Թե ինչու է ստում նախկին պաշտոնյան՝ խոսում է նրա եւ իր թիմակիցների անազնվության մասին: Գիտեք, ժողովուրդն ասում է՝ «Ստի ոտքը կարճ է»: Ես բոլոր փաստերը կներկայացնեմ ընտրություններից հետո, քանի որ որոշել եմ մինչեւ ընտրությունները չպատասխանել ոչ մի մեղադրանքի՝ թեկուզ լինեն դրանք սուտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել