Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԿՀՐԱՊԱՐԱԿԻ

Մայիս 28,2009 00:00

Երեկ «Հայացք» ակումբում անդրադառնալով Փաստահավաք խմբի շուրջ առաջացած թնջուկին՝ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը կարծիք է հայտնել, որ Փաստահավաք խմբում ընդդիմության ներկայացուցիչները փորձել են պարզել մարտիմեկյան իրադարձությունների հետ կապված իրական փաստերը, որին իշխանության ներկայացուցիչները ընդդիմացել են, ինչն էլ խմբի գործունեության խաթարման պատճառ է դարձել։ «Սա է պատճառը, որ իշխանությունները ցանկանում են վիժեցնել խմբի գործունեությունը»,- կարծում է Արմեն Մարտիրոսյանը։ Հարցին՝ Փաստահավաք խմբի գործունեության դադարեցման դեպքում ձեռք բերված փաստերը իրենց կուսակցությունը կհրապարակի՞ արդյոք, Արմեն Մարտիրոսյանը պատասխանել է. «Բնականաբար, որովհետեւ Փաստահավաք խմբի գործունեության մասին հրամանագրում հստակ նշված է, որ խմբի անդամներն իրենց ձեռք բերած տվյալները չեն հայտնում քանի դեռ խումբը չի գործում»։

Ա. Մարտիրոսյանը հույս է հայտնել, որ մայիսի 28-ին նախագահի հայտարարելիք համաներման մասին տեղեկությունն իրականություն կդառնա: Իր տեղեկություններով, Ս.Սարգսյանը դեռ իր առաջին ուղերձի ժամանակ՝ 2008 թ. հոկտեմբերի 2-ին, մտադիր էր համաներման մասին խոսել, սակայն ինչ-ինչ պատճառներով չեղավ դա: Քանի որ այժմ նաեւ արտաքին քաղաքական խնդիրներ էլ կան՝ կապված ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանի հետ, բանախոսը ենթադրում է, որ համաներումը պետք է: «Քաղաքական պարզ, սառը հաշվարկը թույլ է տալիս ասել, որ շատ դրական կլինի, եթե այս երկու օրերի ընթացքում լինի նման հայտարարություն: Որովհետեւ, ըստ էության, քաղբանտարկյալները մինչեւ քաղաքի ավագանու ընտրություն չեն ազատվի, որպեսզի որպես ռեսուրս չկարողանան ակտիվ մասնակցություն ունենալ ընտրությունների քարոզարշավին, բայց հայտարարությունն ինքնին որոշակի լիցքաթափում կառաջացնի հասարակության մեջ: Եթե այս բոլոր գործոնները գումարվեն իրար, կարծում եմ՝ տրամաբանական է, որ հայտարարվի համաներման մասին: Ազատումն կարող է ավելի ուշ լինել՝ մինչեւ ԱԺ-ն լսի ու ժամանակացույց սահմանի»,- ասել է Ա. Մարտիրոսյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել