Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ը յոթերորդն է

Մայիս 28,2009 00:00

\"\"«Օրինաց երկրի» երեկվա հանրահավաքը Մատենադարանի մոտ էր

ՕԵԿ-ականները որոշել էին հնարավորինս բազմամարդ հանրահավաք անցկացնել, եւ կառույցների ղեկավարները իրենց հետ հանրահավաքի էին բերել բազմաթիվ մարդկանց, անգամ նրանց, ովքեր Երեւանում ընտրելու եւ ընտրվելու իրավունք չունեն: Մեզ հետ զրույցներում երիտասարդները չէին էլ թաքցնում, որ եկել են Մասիսից, Վեդիից: Հեղինե Բիշարյանը եւս հանրահավաքից հետո մեզ հետ զրույցում ասաց, որ ոչ մի վատ բան չկա, եթե կառույցների ղեկավարները եկել են իրենց կուսակցության լիդերին լսելու Երեւանում: ՕԵԿ հանրահավաքում ցուցապաստառներն այնքան շատ էին, որ ծածկում էին մարդկանց: Ցուցապաստառներին գրված էր այս կամ այն համայնքի անունը եւ կողքին հավաստիացում՝ տվյալ համայնքը ՕԵԿ-ի հետ է կամ՝ ընտրում է Հեղինե Բիշարյանին: Հանրահավաքը տեւեց 30 րոպե: Մինչ հանրահավաքի սկիզբը յոթ անգամ հնչեց Ֆորշի «Հենց այսպես էլ ապրում ենք» երգի ձեւափոխված տարբերակը. «Հենց այսպես էլ ապրում ենք, օրինաց մեր երկրում»:

Հանրահավաքը վարում էր «հայրաքաղաքացի» ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ով հանրահավաքի մասնակիցներին բացատրեց. «Իհարկե, չարախնդողները շատ են եղել, չուզվորները շատ են եղել, եւ, որպես կանոն, այս վերջերս ես, որպես գյումրեցի, մի բան բացահայտեցի ինձ համար, որ այդ խոսացողները ունեն մալաղոնդու (տնփեսա- Մ. Ե.) կարգավիճակ, թամամ երեւանցի էլ չեն էս խոսացողները, որ փորձում են սեւացնել, փորձում են չարախնդալ մեր քաղաքական ուժի դեմ: Սիրելի ժողովուրդ, մենք միշտ ապրել ու պայքարել ենք ճիշտ, դրա համար մի ժողովրդական խոսք կա, ասում են՝ երկու երնեկ մի տեղ չի լինում, բայց էսօր տեսնում եք, որ «Օրինաց երկիր» կուսակցության համար եւ մեր առաջնորդ Արթուր Բաղդասարյանի համար յոթը երնեկ է մի տեղ՝ էսօր համ ժողովուրդն է մեր կողքին, համ Աստված տվեց էս լավ եղանակը՝ չոր եղանակը, որ կարողանանք մեր հանրահավաքն անցկացնել»: Այս խոսքերից մոտ 15 րոպե հետո անձրեւ եկավ: Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց. «Օրինաց երկիր» կուսակցությունը եւ նրա նախագահ Արթուր Բաղդասարյանը առաջարկում են, որ Երեւանը լինի մաքուր եւ գեղեցիկ, որի համար անհրաժեշտ է, որ դուք միանաք, որ մեզ աջակցեք ու սատարեք, որ մենք կարողանանք բազմաբնակարան շենքերը, բակերը, փողոցները, բազմաբնակարան շենքերի տանիքները վերանորոգել, կարգավորել, եւ դուք կարողանաք ապրել մաքուր բնակարաններում, մաքուր բակերում, մաքուր մայրաքաղաքում, որովհետեւ մեր մայրաքաղաքը համայն հայության մայրաքաղաքն է»:

Կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց. «Մեր կուսակցությունը հաղթել է 12 տարիների ընթացքում բոլոր խորհրդարանական ընտրություններում, եւ մենք հաղթելու ենք Երեւանում տեղի ունեցող ավագանու ընտրություններում»: Ըստ ՕԵԿ նախագահի՝ «Լավ հայրենիք, լավ Հայաստան կառուցելու համար պետք է պայքարել, մանավանդ՝ Հայաստանում, ուր շատ հաճախ ոչ մի բարի գործ անպատիժ չի մնում: Մենք պետք է կարողանանք միասնաբար, հավաքական կամք ու պատասխանատվություն դրսեւորելով՝ հետեւողական պայքարել մեր երազած երկիրը կառուցելու համար: Ոչ ոք չի կարող ինձ հանդիմանել իմ հայրենիքի լավը ցանկանալու համար: Իմ ցանկությունը օրենքի եւ արդարության Հայաստանն է, իմ ցանկությունը այստեղ կանգնած բազմահազար մարդիկ են, ովքեր այսօր հավաքվել են այստեղ ոչ թե փողով կամ պարտադրանքի ուժով, այլ մարդիկ են, ովքեր հավաքվել են համոզմունքով՝ լինելով մեր կուսակցականները, մեր համակիրները ու գաղափարակիցները»: Ա. Բաղդասարյանը նաեւ հայտարարեց, որ իր կուսակցության ցուցակում են «ոչ թե անգրագետ, այլ՝ գրագետ, կրթված, թալանի ու արյան հետ կապ չունեցող մարդիկ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել