Լրահոս
Օրվա լրահոսը

ԷՇԸ ԿԵՐԵԼ ԵՆՔ, ՊՈՉԻՆ ՉԽՌՈՎԵՆՔ

Մայիս 28,2009 00:00

Ասաց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու կոչ արեց Նոր Նորքի բնակիչներին մայիսի 31-ին գնալ ընտրությունների:

Երեկ Հայ ազգային կոնգրեսը Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում իր վերջին համայնքային հանդիպումն ունեցավ Նոր Նորքի բնակիչների հետ: Կոնգրեսը քարոզարշավը կեզրափակի վաղը՝ Մատենադարանում կայանալիք համապետական հանրահավաքով: Իսկ Նոր Նորքում տեղի ունեցած հանդիպումը սպասվածից բազմամարդ էր, շատ էին նաեւ ելույթները: Այսօր մենք կփորձենք ներկայացնել այն բանախոսների ելույթները, որոնք մինչ այս հազվադեպ են հանդես եկել համայնքային հանդիպումների ժամանակ: Այդպիսիներից մեկը Կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու, Նոր Նորքի բնակիչ Վլադիմիր Կարապետյանն է: Երեկ նա իր ելույթում նկատեց, որ առաջիկա ընտրությունները յուրահատուկ են երկու պատճառով: «Նախ, սրանք առաջին ընտրություններն են «Մարտի 1»-ի սպանդից, իշխանությունների կողմից ավելի քան մեկ տարի շարունակված բռնություններից, հետապնդումներից հետո: Երկրորդ, սա բոլորիս համար առաջին հնարավորությունն է մեր քաղաքում ընտրել մե՛ր իշխանություններին եւ վերացնել այն խնդիրները, որ կան Երեւանում»,- ասաց բանախոսը:

ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ ու նախկին քաղկալանավոր Գուրգեն Եղիազարյանն էլ արձանագրեց, որ մեր երկրում տեղի ունեցած վերջին 5 ընտրություններում էլ իշխանությունները պարտվել են, բայց տարբեր զեղծարարություններով մնացել են իշխանության: «Վերջապես մի օր մենք սրանց պիտի ասենք՝ ո՛չ: Եվ այդ «ոչ»-ը մենք ձեզ հետ պիտի ասենք մայիսի 31-ին»,- կոչ արեց բանախոսն ու խոստացավ, որ ընդդիմությունը տեր է կանգնելու երեւանցիների քվեներին: Նա նաեւ համայնքի բնակիչներին խնդրեց, որ քվեարկության օրը իրենց ընտրատեղամասերում, գրանցամատյանում ստորագրելիս ուշադիր նայեն, եւ եթե հայտնաբերեն, որ քաղաքից բացակայող իրենց հարեւանի անվան դիմաց ստորագրություն կա, տեղյակ պահեն ընտրական հանձնաժողովում կա՛մ «Ժառանգություն» կուսակցության անդամին, կա՛մ ՀԱԿ-ի վստահված անձանց: «Եթե ամեն մեկը այդպիսի մի զեղծարարություն ի հայտ բերի, այս իշխանությունները ընտրություններում հաղթելու որեւէ շանս չեն ունենա»,- հավաստիացրեց բանախոսը՝ հավելելով, որ իշխանությունների քվեները ստացվելու են բացակայողների փոխարեն քվեարկության եւ պասիվ ընտրողների շնորհիվ: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ թեեւ այս պահի դրությամբ Կոնգրեսը ապահովել է ոչ միայն հաղթանակի համար անհրաժեշտ 40% քվեները, այլեւ դրանից 20-25% ավելին, բայց կա մի պրոբլեմ՝ ընտրակեղծիքի մեքենան, որն անհրաժեշտ է խափանել: Նա ասաց, թե ՀԱԿ-ը մշակում է հնարավոր կեղծիքների դեմ հակաքայլերի իր մեխանիզմը, բայց նույնիսկ այդ պարագայում յուրաքանչյուր երեւանցու ձայնը դառնում է արժեքավոր: «Մեր նպատակն է հնարավորինս ակտիվացնել մեր ժողովրդին եւ հորդորել, որ գնան ընտրության: Սա մի խաղ է, որի արդյունքը բացարձակապես կանխորոշված չէ, բայց մենք ունենք հաղթելու բացառիկ շանս»,- ասաց Լ. Զուրաբյանը: Նա նաեւ խոսեց, իր ձեւակերպմամբ՝ այն «ճակատամարտերի» մասին, որոնք ծավալվելու են ընտրատեղամասերում. «Այսօր ռեժիմը չի կարող գնալ բիրտ քայլի: Նրանց հույսն այն է, որ վերջին պահին, քվեարկության օրը ինչ-որ կերպ կարող են առնել ընդդիմության ներկայացուցիչներին: Այդ օրը փորձելու են մեծ գումարներ դնել շրջանառության մեջ: Ես վստահ եմ մեր վստահված անձանց գերակշիռ մեծամասնության վրա: Բայց այն մարդիկ, ովքեր չեն դիմանա գայթակղություններին կամ սպառնալիքներին ու իշխանության հետ գործարքի կգնան, իսկ նրանց անունները կհրապարակվեն, պարզապես դա չեն մարսելու»: Նա կոչ արեց երեւանցիներին ակտիվորեն մասնակցել ընտրությունների նկատմամբ համաժողովրդական վերահսկողությանը. «Ստեղծել ժողովրդավարության պաշտպանության կոմիտեներ եւ ընտրության օրը հավաքվել տեղամասերի շուրջ՝ վերահսկելու քվեարկության օրինականությունը»:

«Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության հիմնադիր Ժիրայր Սեֆիլյանն էլ ասաց, թե այսօր ժողովուրդը խնդիր ունի կերտել բարոյական Հայաստան, «բայց մինչեւ այս կեղեքիչ համակարգից չձերբազատվենք, ոչ մի վեհ գաղափարի մասին խոսել չենք կարող: Մի քանի օր է մնացել մինչեւ մայիսի 31-ը, որպեսզի հնարավորինս քիչ ցնցումներով այս համակարգը տապալենք»: Կարեւորելով Լ. Զուրաբյանի մատնանշած նախաձեռնությունը՝ նա նաեւ հավելեց. «Ընտրատեղամասերը փակվելուց հետո հավաքվել, օրենքով սահմանված կարգով, տեղամասերի մոտ, եւ դրանից հետո անպայման բոլորս պետք է հավաքվենք ԿԸՀ-ի շուրջ եւ այնտեղ մնանք այնքան՝ մինչեւ լսենք մեր ուզած տեղեկությունը: Այդ տեղեկությունը պիտի հայտարարի ԿԸՀ նախագահը՝ իր շուրթերով: Նա պիտի հայտարարի, որ ՀԱԿ-ը ոչ թե 40, այլ 51 տոկոսն է անցել: Մենք միմիայն ժողովրդի ճնշմամբ պիտի պարտադրենք դրանց, որ այդ հայտարարությունն անեն: Դա նշանակում է, որ ընդդիմության ներկայացուցչի՝ ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրյալ քաղաքապետ դառնալուց հետո մեզ կմնա անցկացնել նախագահական ընտրություններ»: Փոփոխության կողմնակից, բայց ընտրություններին չմասնակցողներին՝ ընտրություններից հուսահատվածներին, հարթակում եղած ընդդիմությանը իշխանություններին այլընտրանք չհամարողներին նա կոչ արեց՝ «այդ օրը եկեք, քվեարկեք փոփոխությանը, որովհետեւ ընդդիմությանը քվեարկելով՝ դուք քվեարկելու եք փոփոխություններին: Սա Տեր-Պետրոսյանի հաղթանակը չի լինելու, բոլորիս հաղթանակն է լինելու: Առանց այդ փոփոխության մենք ոչինչ անել չենք կարողանալու»:

Լեւոն Տեր-Պետրոսյանը, նկատի ունենալով հորդացող անձրեւը, խոսեց շատ հակիրճ. «Դուք, ժողովրդական լեզվով ասած, խաբար չեք, որ տարել եք արդեն երկու նշանակալի հաղթանակ: Այս իշխանության գլխավոր խնդիրը 10 տարվա մեջ եղել է այս երկիրը դարձնել իր սեփականությունը եւ անել ամեն ինչ, որ այլախոհություն, ընդդիմություն գոյություն չունենա, ամայացրին քաղաքական դաշտը: 1997-ից հետո Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին թվում էր, թե իրենք հասել են իրենց գլխավոր նպատակին՝ ամբողջությամբ տիրել են երկրին, իսկ ընդդիմությունը ոչնչացվել է: Սերժի հիասթափությունն այն է, որ որտեղից որտեղ ստեղծվեց մի նոր ու հզոր ընդդիմություն՝ ի դեմս ՀԱԿ-ի: Այս նպատակը իրենք լիովին ձախողեցին, եւ դա ձեր առաջին հաղթանակն է: Երկրորդ հաղթանակն այն է, որ նրանց չհաջողվեց ժողովրդին ստրկացնել ու ծնկի բերել, թեեւ կիրառեցին բոլոր մեթոդները՝ ոստիկանական բռնությունները, ահաբեկումները, մարտի 1-ի սառնասիրտ սպանդը: Այնպես, որ, ես ձեզ շնորհավորում եմ ձեր տարած երկու փայլուն հաղթանակների համար: Մեզ այսօր բան չի մնում անել: Մնում է այս երկու հաղթանակները ձեւակերպել մայիսի 31-ին: Էշը կերել եք, պոչին չի կարելի խռովել: Ես չեմ կասկածում, որ դա մենք անելու ենք միասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել