Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՔԱՆ ԱՆՊԱՇՏՊԱՆ Է»

Մայիս 28,2009 00:00

\"\"Մարքսիստը գտնում է, որ «արքայի հավատարիմ քաղաքական ենիչերիներն ու ղզլբաշները դավաճանեցին արքային»

Քարոզարշավի ավարտից մեկ օր առաջ, նկարագրելով ներքաղաքական իրավիճակը, Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Արքան անպաշտպան է: Արքան վտանգի մեջ է»: Ինչո՞ւ: «Որովհետեւ արքայի հավատարիմ քաղաքական ենիչերիներն ու ղզլբաշները դավաճանեցին արքային»,- ասում է մարքսիստը՝ պարզաբանելով. «Առաջին հերթին քաղաքական մարտադաշտից, արքայի շքախմբից ճողոպրեցին դաշնակները՝ «ոսկու եւ մաուզերի ասպետները» (բնութագրումը Չարենցինն է- Ն. Գ.): Ապա՝ նրանց միացան ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն. տարօրինակ է, բայց հարկային վերակացուների ինստիտուտի ձեւավորման օրենսդրական նախաձեռնությունը բոյկոտի ենթարկելով՝ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն վերջնականապես քաղաքական կապերը խզեցին նախագահի հետ: Դա այն վտանգն էր, որի մասին ես մարտի 20-ի տնտեսական ֆորումում զգուշացրեցի նախագահին: Օլիգարխիկ կապիտալը եւ պառլամենտական ինստիտուտն անհամատեղելի են»: Ըստ մեր զրուցակցի՝ նախագահն այդ հարկային փոփոխությունների փաթեթով փորձում է ստեղծել «վերակացուների մի ինստիտուտ, որը նման է նախկին սովետական վերակացու պարտկոմների ինստիտուտին՝ օլիգարխիկ օբյեկտներում եւ սուբյեկտներում մշտական աշխատող: Բայց, իրականում, ինչքան էլ հարկային վարչարարությունը կատարելության հասցնենք, միեւնույն է՝ դատարանը չի ասի ոչինչ: Բայց նույնիսկ այդ օրենքը նրանք բոյկոտի ենթարկեցին, որովհետեւ օլիգարխների համար՝ «առաջին հերթին մորթիդ՝ նոր որդիդ»: Ուստի, մարքսիստը «հարգելի նախագահին» որերորդ անգամ զգուշացնում է. «Հարկային վարչարարության կատարելագործումը կատարյալ հիմարություն է, եթե օլիգարխները զավթել են պառլամենտը: Առաջին անգամ օրենք, որը փորձում էր ստվերից բերել հարկային դաշտ՝ նրանք 100% բոյկոտի ենթարկեցին»: Նա կասկած չունի, որ երբ հարկային նոր փաթեթը երկրորդ անգամ ներկայացվի խորհրդարանի դատին՝ նույն իրավիճակը կկրկնվի: Այս պարագայում մարքսիստը երկու ելք է տեսնում՝ կամ հրաժարական է տալիս կառավարությունը, կամ ցրվում է խորհրդարանը: «Նախագահը հենվում է ոչ թե ժողովրդի, այլ օլիգարխիկ, ֆինանսական կապիտալի, ուժային կառույցների վրա: Ահա նման դեպքերում էլ կապիտալը դուրս է գալիս իր շահը պաշտպանելու»,- արձանագրում է մեր զրուցակիցը:

Այն, որ նման իրավիճակում ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ «ավագանու ինստիտուտը զավթելու» նոր կոնֆլիկտ է առաջանում, Դավիթ Հակոբյանը բացատրում է այսպես. «Հասկանում են, որ պառլամենտը վաղ թե ուշ տանուլ է տալու»: Ու արձանագրում է. «Այս պարագայում ժամանակն աշխատում է հօգուտ ընդդիմության: Կարծում եմ, մայիսի 31-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ Հայ ազգային կոնգրեսը շատ գեղեցիկ հաղթանակ կտանի: Դրա համար բոլոր նախադրյալներն ուղղակի ստեղծված են: Ընդդիմությունը հինավուրց Էրեբունիի դարպասների մոտ է, այնպես, ինչպես Հաննիբալը՝ Հռոմի: Մի կատվի ցատկ, եւ մենք քաղաքական Օլիմպոսում ենք: Այդ ցատկը, կարծում եմ, անպայման կիրագործվի, որովհետեւ բոլոր նախապայմաններն աշխատում են հօգուտ ընդդիմության՝ եւ պառակտվածությունը իշխանության թեւում, եւ ժողովուրդն այլեւս չի ուզում լինել հանրապետականների ճորտը, «բոլշե նե խոչետ բիտ խալոպմ ռեսպուբլիկանցեւ»: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր Հերոստրատի առաքելությունը կկատարի սրբությամբ եւ պատմության մեջ դրանով կմնա որպես երկրորդ անգամ նախագահական գահին՝ ժամանակի եւ պատմության թելադրանքով պարզճակատ դուրս եկած ասպետի կերպարանքով»: Մեր զրուցակիցը կարծում է, որ ընդդիմությունը երբեք այսպիսի բարոյահոգեբանական վերելք, այսքան բարձր կազմակերպվածություն չի ունեցել եւ երբեք այսքան մոնոլիտ չի գործել, իսկ սա «հաղթանակի կարեւորագույն նախապայմանն է»: Հակադարձելով քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին, որ ՀԱԿ-ը՝ առաջին նախագահի գլխավորությամբ, չի շտապում արդյունքների հասնել, Դավիթ Հակոբյանը հայտարարեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանը գործում է սառը գլխով, տաք սրտով, ժամանակի հետ շատ համընթաց: Ինչպես ասում էր Ուլյանով Լենինը լեգենդար Սիմոն Տեր-Պետրոսյանին՝ քայլել ժամանակին համընթաց»: Ուստի, նա կասկած չունի, որ սեպտեմբերին Հայաստանում եթե ոչ՝ նախագահական, ապա անպայման պառլամենտական ընտրություններ են լինելու. «Ոսկու եւ մաուզերի ասպետներն» արդեն իսկ դարձան դրանց տրուբադուրը: ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն՝ «Ժառանգության» օժանդակությամբ, այսօր հիմնականում մտահոգված են Ռոբերտ Քոչարյանի ռեւանշիզմի համար, եւ նրանց այսօրվա թագավորը արդեն բացարձակապես հետաքրքիր չէ: Տանուլ են տրված ողջ տնտեսական քաղաքականությունը, ազգային դոկտրինան, ագրարային քաղաքականությունը, հետեւապես այս իշխանությունն այլեւս անելիք չունի՝ բացի նոր պառլամենտական ընտրություններից: Ընդդիմությունն ուղղակի պարտավոր է մունիցիպալ իշխանությունը վերցնելու, այլապես պատմությունը եւ սերունդները ընդդիմությանը չեն ների: Ընդդիմությանը հիշեցնում եմ ֆրանսիական հեղափոխության մեծ ասպետի՝ Դանտոնի խոսքերը՝ համարձակություն, համարձակություն եւ նորից համարձակություն»: Իսկ «Ժառանգությանն» ուղղված մեղադրանքների մարքսիստյան բացատրությունն այսպիսին է. «Երբ «Ժառանգությունը» հանձնաժողովներում իր տեղերը չտվեց ՀԱԿ-ին, արդեն իսկ օժանդակեց ՀՅԴ-ին եւ քոչարյանական ռեւանշիզմին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել