Երեկ Շիրակի մարզպետարանում, ասուլիսի ժամանակ, մարզի՝ համեմատաբար 4 խոշոր համայնքների՝ Ազատանի, Ախուրյանի, Առափի եւ Կամոյի գյուղապետերը ներկայացրել են իրենց խնդիրները: Նրանց խոսքերով, խնդիր են համարվում նախորդ տարվանից մնացած կարտոֆիլի բերքի իրացումը եւ նորի ցանքսի կազմակերպումը: Այս մասին տեղեկացնում է «7 օր»-ը: «Այսպիսի բան չէր եղել, մարդիկ 20 դրամով, նաեւ դրանից պակաս գնով կարտոֆիլը որպես անասնակեր վաճառում են: Շատերը նույնիսկ տոննաներով փչացած կարտոֆիլ են թափել: Կարտոֆիլի բերքի իրացման հարցում անհրաժեշտ է պետական աջակցություն։ Նախորդ տարի այդ աջակցությունը չկար, ու փաստի առջեւ կանգնեցինք: Եթե այս տարի եւս պետությունը չաջակցի, լուրջ խնդիրներ կառաջանան: Նախորդ տարիներին հիմնականում Վրաստան էինք արտահանում։ Հիմա ինչ-ինչ պատճառով զրկվել ենք այդ հնարավորությունից, իսկ տեղական շուկան առաջարկը չի բավարարում»,- նշել է Ախուրյանի համայնքապետ Արծրունի Իգիթյանը:
Ազատան համայնքում վիճակն ավելի տխուր է, քանի որ այնտեղ հիմնականում զբաղված են կարտոֆիլագործությամբ:
«Ներկա պահին Ազատանում ապրանքային տեսքով 200 տոննա կարտոֆիլ կա: Ֆերմերներ կան, որոնց պահեստներում 500-700 տոննա սերմացու կարտոֆիլ կա, չգիտեն՝ ինչ անեն: Մարդիկ չեն ուզում այս տարի կարտոֆիլ ցանել։ Մոտ 500 հեկտարով կրճատվել են կարտոֆիլի ցանքատարածությունները»,- ասել է Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը:
Գյուղապետերի խոսքերով՝ իրենք բացատրական աշխատանք են տանում գյուղացիների հետ, որ շարունակեն կարտոֆիլ ցանել: