30 տարի է` մայիսի 28-ին Ապարանում նշվում է Ապարանի հերոսամարտի օրը: Երեկ Նիգ-Ապարան հայրենակցական միության փոխնախագահ Տիգրան Պետրոսյանցը «Ուրբաթ» ակումբում լրագրողներին ներկայացրեց այդ օրը կայանալիք միջոցառումների շարքի մասին: Տառարձանների մոտից մարդիկ շարունակելու են ճանապարհը դեպի Ապարանի հրապարակ, որտեղ ծաղկեպսակներ կդրվեն Ապարանի ճակատամարտի կազմակերպիչներից մեկի՝ Սեդրակ Ջալալյանի եւ ճակատի հրամանատար Դրաստամատ Կանայանի կիսանդրիների մոտ, իսկ հետո նախատեսված է քայլարշավ եւ միտինգ, վերջում էլ կլինի ապարանյան հյուրասիրություն: «Մենք այսօր պատմության ասպարեզում կանք, քանի որ ե՛ւ 451 թվականին, ե՛ւ 1918թ. մայիսին կարողացանք միասին լինել՝ անկախ սոցիալական ծագումից, դասային պատկանելությունից, կուսակցական տարբեր գաղափարախոսություններից: Պետք է հասնենք նրան, որ մեր թոռները, ծոռներն աշխարհում ամենալավ տեղն իրենց համար համարեն Հայաստանը»,- նշեց Տ. Պետրոսյանցը: Բանախոսը նաեւ համոզված է, որ անկախ տարբեր քաղաքական գույներից, ժողովուրդն իր հողի համար կպայքարի նույն ձեւով, ինչպես արել է 1918 թվականին, 90-ականներին: Բանախոսի կարծիքով՝ Նիգ-Ապարանը ստեղծման օրից կանգնած է ոչ թե իշխանության, այլ պետականության կողքին, անկախ նրանից՝ երկրի ղեկավար եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը:
Առաջիկա ընտրությունների հետ կապված էլ Տ. Պետրոսյանցը չթաքցրեց, որ պաշտպանելու են ՀՀԿ-ին, հետո էլ ավելացրեց. «Ես համոզված չեմ, որ պետությունները ստեղծվում են նրա համար, որ լինեն շատ թափանցիկ, պատմաբան եմ եւ գիտեմ մի բան, որ ցանկացած պետականություն, որ ստեղծվում է, վարչական ճնշման գործիք է որոշակի տարածքի նկատմամբ… Ցանկացած ընտրության ելքը տեսնում եմ միայն մաքուր ընտրություններում, կողմ չեմ, որ մարդը հոգեբանորեն ինչ-որ անձի չուզենալով՝ գնա նրան ընտրի: Կամային ընտրության արդյունքում ո՛ր ուժն էլ հաղթի, նրա կողքին կկանգնեմ, իսկ այս ընտրություններում ով կհաղթի՝ փա՛ռք իրեն: Թող մարդիկ բարի լինեն, իրենց գիտակցական աստիճանով տարբերվելով կենդանիներից՝ չգնան «գնվելուն»: