Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

ՎԱՌ ԳՈՒՅՆԵՐՈՎ ՆԻԿՈԼ ԱՂԱԲԱԲՅԱՆԸ

Մայիս 27,2009 00:00

«Կարմիրը, կապույտը, դեղինը գույներ են, պետք է գերիշխեն գեղանկարիչների ստեղծագործություններում: Մռայլությունը այնքան շատ է… Նկարիչը պետք է ձգտի աշխարհի բացերը լրացնել, հաղթահարի մռայլը ու լույս տարածի»,- ասում է գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը:

Երեկ Հովհ. Թումանյանի անվան թանգարանում Նիկոլ Աղաբաբյանի անհատական ցուցահանդեսն էր՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 140-ամյակին: Գեղանկարիչը ներկայացնում էր տարբեր տարիների ստեղծագործություններ՝ «Սուս», «Իմ Կյանքը», «Սարերն են կանչում», «Վառվում եմ», «Վերածնունդ կամ նոր սկիզբ» եւ այլ կտավներ: «Ինձ համար առավել կարեւոր Է հայրենիքում ցուցահանդեսներ ունենալ, թե չէ այլ երկրներում՝ Ֆրանսիայում, Իտալիայում… ցուցահանդեսներ շատ եմ ունեցել: Հայաստանը աշխարհի լավագույն երկիրն է, ժողովուրդը՝ եւս, պարզապես կան հայեր, որ վատ մտադրություններ ունեն,- նշում է Նիկոլ Աղաբաբյանը:- Հայաստանը կոնտրաստների երկիր է եւ՛ բնության, եւ՛ մարդկանց առումով»:

«Նիկոլ Աղաբաբյանի նկարները հայրենիքը պարզ տեսնելու, նրա համը զգալու արդյունք են: Տհաճ երեւույթների պատճառով մարդիկ օտարանում են իրենց հայրենիքից, նրա նկարները միահյուսում են քեզ հայրենի բնության հետ, դարձնում նրա անբաժանելի մասը»,- ասում է «Կարին» անսամբլի ղեկավար Գագիկ Գինոսյանը:

«Նիկոլը ապացուցեց, որ բնության գրկում ոչ միայն խնջույքն է լավ բան, այլ սարերում կորչելով՝ մի հրաշք կտավ ստեղծելը: Ամեն մի նկարի վերնագիր մի պատմություն է, կոմիկական, հասկանալի: Նա էլ է լոռեցի. մենք բոլորս էլ մի քիչ Սարո ենք, Գիքոր»,- ասում է դերասան Ազատ Գասպարյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել