Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

ԱՐՎԵՍՏԸ ՄՇՏԱՊԵՍ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

Մայիս 27,2009 00:00

Պարգեւատրվեցին լավագույնները

«Չեմ հիշում՝ վերջին անգամ ո՞ր կոմպոզիտորն էր այս բեմում մրցանակ ստացել»,- «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում «Գիտական, ստեղծագործական լավագույն աշխատանքներ-2008» մրցանակաբաշխության ժամանակ ասաց Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը:

Երկուշաբթի օրը կոմպոզիտորների, նկարիչների, ժուռնալիստների, գրողների միությունները, Գիտությունների ազգային ակադեմիայի անդամները հավաքվել էին մեկ հարկի տակ: Առիթը «Տաշիր» ընկերության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախաձեռնությամբ, ԳԱԱ-ի եւ ստեղծագործական միությունների հետ համատեղ իրականացվող մրցանակաբաշխությունն էր, որը Հայաստանում անցկացվում է երկրորդ անգամ: Մրցանակներ ստացան Հայաստանի 5 ստեղծագործական միություններից 34 մասնակից. ԳԱԱ-ում անցկացված մրցույթում՝ 5 գիտնական, կոմպոզիտորների եւ երաժշտագետների մրցույթում՝ 8 արվեստագետ, Գրողների միության մրցույթում՝ 3 արձակագիր, Ժուռնալիստների միությունից՝ 8 լրագրող եւ լրատվամիջոց եւ այլք: Մաեստրո Հովհաննես Չեքիջյանը եւ հայկական դուդուկի մեծանուն վարպետ Ջիվան Գասպարյանը պարգեւատրվեցին Ռուսաստանի հայերի միության ադամանդակուռ «Ոսկե խաչ» շքանշանով: Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի խոսքով, գիտության եւ մշակույթի գործիչներին պետք է մեծ ուշադրություն եւ հնարավորինս աջակցություն ցուցաբերել. «Այսօր բիզնեսը շուռ է գալիս դեպի մտավորականությունը, գիտությունը, մշակույթը: Նպատակ ունենք մյուս տարվանից մրցույթը դարձնել համահայկական, քանի որ Սփյուռքի մտավորականությունը նույնպես ուշադրության, մեծարման կարիք ունի»: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցանկություն հայտնեց, որ նմանատիպ միջոցառումները հաճախ կազմակերպվեն: Նրա խոսքերով. «Այն նախաձեռնությունը, որով հանդես է գալիս Համաշխարհային հայկական կոնգրեսը, թող լինի վարակիչ նաեւ այլ ձեռներեցների համար եւ դառնա մշակույթը խթանող ձեռնարկ»:

Դուդուկահար Ջիվան Գասպարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չնայած ինքը շատ մրցանակներ ունի, շուրջ 18 միջազգային մրցույթների դափնեկիր է, բայց այս մրցանակն ավելի կարեւոր է. «Սա ամբողջ հայության գնահատականն է: Մրցանակները յուրաքանչյուր ստեղծագործող մարդու համար մեծ կարեւորություն ունեն, բայց դա պատասխանատվության մեծ պայման է կրում է իր մեջ. ստանալը այլ բան է, բայց պահպանելը, մրցանակի արժանի լինելը՝ մեկ այլ բան»:

Մրցանակակիր, Հայ գինեգործության միության նախագահ, գիտնական Ավագ Հարությունյանն «Առավոտի» հետ զրույցում նշեց. «Գիտության ոլորտում աշխատող մարդու համար մրցանակը միայն կարող է ոգեւորել: Հասկանում ես, որ անտեսված չես, աշխատությունդ արձագանք է ստանում, գնահատվում: Մրցույթին ներկայացված աշխատության վրա աշխատել եմ 97 թվականից, հետազոտել Մատենադարանի հարյուրավոր ձեռագրեր, խաղողագործության եւ գինեգործության պատմությունը՝ սկսած Քրիստոսից 6-7 հազար տարի առաջ»:

«Տեր ողորմյա» երգչախմբային ցիկլի համար մրցանակ ստացած Կոմպոզիտորների միության երիտասարդ անդամ Աննա Հակոբջանյանն էլ շեշտեց. «Նման խառնաշփոթ ժամանակներում դասական արվեստը միշտ կարոտ է պետական հովանավորության եւ ուշադրության, որովհետեւ կենցաղային արվեստը մշտապես առիթ ունենում է նման մրցանակների եւ մշտապես հասարակության ուշադրության կենտրոնում է: Անգամ այս շրջանակներում նման ուշադրությունը անչափ կարեւոր է, որովհետեւ մի նոր ալիք է բարձրանում եւ ոգեւորությունը իսկապես մեծ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել