Մազերի արհեստական երկարացումը վտանգ չի ներկայացնում, փոխարենը մեծ զգուշություն, ուշադրություն եւ խնամք է պահանջում:
Բոլոր ժամանակների կանանց համար երկար եւ փարթամ մազեր ունենալը միշտ ցանկալի է եղել: Ու քանի որ հնարավոր չէ մարդու մազերը բնական ճանապարհով մի քանի ժամում երկարացնել, կանայք հաճախ օգտվել են կեղծամներից: Բայց ժամանակի հետ փոխվում է ամեն ինչ ու արդեն այսօր յուրաքանչյուր ոք ցանկության դեպքում 1-2 ժամվա ընթացքում կարող է ունենալ շատ երկար մազեր: Այսօր ժամանակի հետ համընթաց քայլում են նաեւ Հայաստանում ու նորագույն տեխնոլոգիաներից օգտվում նաեւ հայ կանայք, այդ թվում դիմում են մազերի արհեստական երկարացման:
«Անահիտ դելյուքս» գեղեցկության սրահի ոճաբան Լիլիթ Պետրոսյանի հետ զրույցում պարզեցինք, որ մազերի արհեստական երկարացումը Հայաստանում եւս մեծ մասսայականություն է վայելում՝ մասնավորապես 25-40 տարեկան աղջիկների ու կանանց շրջանում:
Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում մազերի արհեստական երկարացումը, վտանգավոր չէ՞ այն առողջության համար եւ չի՞ խանգարում բնական մազերի աճին:
Ըստ Լ. Պետրոսյանի, մազերի արհեստական երկարացումը կարող է վտանգավոր լինել միայն անփույթ ամրացման եւ մշակման արդյունքում: «Մազերի արհեստական երկարացումը վտանգ չի ներկայացնում, պարզապես այն մեծ զգուշություն, ուշադրություն եւ խնամք է պահանջում»,- ասում է ոճաբանը:
Լիլիթի փոխանցմամբ՝ չնայած Հայաստանում մազերի արհեստական երկարացումը գրեթե նորույթ է, բայց պահանջարկն արդեն նվազել է. «Արդեն 6 տարի է, ինչ մազերի արհեստական երկարացումը մուտք է գործել Հայաստան: Սկզբնական շրջանում մազերի արհեստական երկարացման համար համապատասխան պայմաններ չկային, չունեինք նաեւ պրոֆեսիոնալ մասնագետներ: Ժամանակի ընթացքում, զգալով, որ մազերի արհեստական երկարացումը սկսում է պահանջված լինել, այդ ուղղությամբ մեծ աշխատանքներ սկսվեցին՝ մասնակցեցինք դրսում իրականացվող տարբեր սեմինարների, կազմակերպվեցին հատուկ դասընթացներ, մի խոսքով՝ պատրաստվեցին այդ գծով մասնագետներ: Քանի որ մազերի արհեստական երկարացումը պահանջում է հատուկ գիտելիքներ, այդ պատճառով էլ այս գործում մասնագետ լինելը պարտադիր պայման է: Եթե մազերն արհեստականորեն երկարացնողն իր գործի մասնագետը չէ, այն կարող է տարբեր առողջական խնդիրների պատճառ հանդիսանալ»:
Պահանջարկի մասին Լիլիթը ասաց. «Տարիներ առաջ, երբ նոր էինք սկսել ու դեռ առաջին քայլերն էինք անում մազերի արհեստական երկարացման ասպարեզում, այդ շրջանում պահանջարկը մեծ էր: Չեմ կարող ասել, թե դա ինչով էր պայմանավորված՝ գուցե նորույթ էր կամ մազերի աճի հետ կապված՝ հայ կանայք խնդիրներ ունեին: Պահանջարկը շուրջ 4 տարի ձգվեց: Սակայն վերջին երկու տարիների ընթացքում աստիճանաբար նվազեց: Այսօր քչերն են մեզ դիմում»: Լ.Պետրոսյանի փոխանցմամբ, մազերի արհեստական երկարացումը Հայաստան մուտք գործեց Ռուսաստանից՝ Մոսկվայից. «Եվրոպայում երկար մազերն առօրյայում, կենցաղում այնքան էլ հարգի չեն, այնտեղ ոչ ոք մազերը չի ֆենի եւ դուրս գա փողոց: Եվ հետո հայերը սիրում են երկար, խիտ, ուղիղ հարդարված եւ «թափված» մազեր»:
Մասնագետի մեկնաբանմամբ՝ մազերի արհեստական ճանապարհով երկարացումը մի քանի եղանակ ունի. «Եղանակները տարբեր են՝ կախված մազ երկարացնողի ցանկությունից, թե որքան ժամանակով է ուզում երկարացնել, քանի որ մազերի արհեստական երկարացումը ժամանակավոր բնույթ է կրում: Կա մազերի սառը երկարացում եւ տաք: Սառը երկարացումը կատարվում է հատուկ գործիքով. փոքրիկ օղակների միջոցով մազերն ամրացվում են մարդու բնական մազերին: Այսինքն՝ սա կատարվում է առանց որեւէ նյութի, հեղուկի: Տաք երկարացումն իրականացվում է հատուկ նյութերով, գելերով: Կատարվում է նաեւ կլիպսաների միջոցով մազերի ամրացում, որն ավելի շատ սիրողական բնույթ է կրում եւ ավելի հեշտ է ամրացնելը: Սա հնարավոր է օգտագործել տան պայմաններում, կարող են մի օր դնել, մի օր ոչ: Ամենաբարդը երկար ժամանակով մազերի արհեստական երկարացումն է: Սա իրականացվում է եւ տաք, եւ սառը եղանակով ու պահպանվում է 6 ամիս: Բայց 6 ամսով մազերի երկարացումը պահանջում է մեծ ուշադրություն, խնամք, ամիսը մեկ անգամ կորեկցիա, ինչպես եղունգների դեպքում է»:
Մազերի արհեստական երկարացման հետեւանքների մասին Լիլիթը նշեց. «Եթե ինչ-որ խնդիր առաջանա մազերի երկարացումից, ապա դա կարող է լինել միայն գլխամաշկի հետ կապված: Դա էլ կախված է ճիշտ մշակումից եւ ամրացումից: Եթե ամրացնողն իսկապես մասնագետ է, այլ ոչ թե սիրողական մոտեցմամբ, ուղղակի ձեւերն իմացող մի վարսահարդար, որը համաձայնում է անել զուտ գումար աշխատելու համար, ուրեմն խնդիրներից խուսափելը անհնար կլինի: Իմ պրակտիկայում եղել է մի դեպք. սխալ երկարացման, մշակման եւ ամրացման պատճառով տուժել էր հաճախորդներիցս մեկը: Նրան մազեր էին ամրացրել անհայտ հեղուկներով ու ստիպված խնդրեց հանել այդ մազերը: Մենք մի քանի հոգով աղջկա մազերը մի կերպ հանեցինք, նրա գլխամաշկը վնասել ենք, մազերի կեսը պոկել, որ այդ նյութը դուրս գար: Արդյունքում աղջիկը տրավմայի ենթարկվեց, կորցնելով իր բնական մազերի զգալի մասը: Եթե մազերի երկարացումն արվում է ճիշտ ու պրոֆեսիոնալ եղանակով, ապա բնական մազերի աճին այն չի կարող խանգարել: Մազերը պետք է դնել ու հանել ճիշտ ժամանակին եւ խնամել ճիշտ ճանապարհով: Սրանք այն պայմաններն են, որոնց հայերը չեն սիրում հետեւել: Նույն լինզաների օրինակը՝ լինզա դնելու, դրա հեղուկն օգտագործելու համար մասնագետը որոշակի ժամանակ է տալիս, ըստ դրա օգտագործման պայմանների: Հայերը չեն սիրում հետեւել մասնագետի խորհրդին, ասում են՝ դե լինզա է, էլի, ինչ պետք է լինի, որ մի քիչ էլ երկար օգտագործեմ այդ հեղուկը: Հետագայում, որ աչքերի հետ խնդիրներ են ունենում, մեղադրում են վաճառողին, մասնագետի սխալ ցուցումները, բժշկին: Իսկ իրականում դա իրենց սխալ օգտագործման եւ մասնագետին չլսելու արդյունքն է»:
Ինչպես պարզեցինք Լիլիթ Պետրոսյանից՝ մազերի արհեստական երկարացումը բավական թանկ հաճույք է. «Ըստ դրվող մազերի որակի, երկարացումն էժան եւ թանկ է լինում: Իսկ գները՝ սկսում են 200 դոլարից մինչեւ 1000-ը»: