Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

ՈՒԹ ՀՈԳԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ

Մայիս 27,2009 00:00

\"\"Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ ավարտվեցին բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնության 1/8 եզրափակիչի հանդիպումները, որից հետո Հայաստանի հավաքականի 13 անդամներից պայքարը շարունակում է ութը:

Կրկին իրեն գերազանց դրսեւորեց 54 կգ քաշային Ջոնիկ Տոնոյանը, որից ընդամենը 1 րոպե 52 վայրկյան պահանջվեց Թաիլանդի միակ պատվիրակ Տանավատ Պինկաեւին շարքից հանելու համար:

Բավականին լուրջ փորձություն էր սպասվում 60 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Քաջոյանին: Նրա մրցակիցը բռնցքամարտի ուժեղ դպրոց ունեցող Լեհաստանի ներկայացուցիչ Մաթեուշ Բատզն էր: Սակայն հայ բռնցքամարտիկը բոլոր երեք ռաունդներն էլ անցկացրեց վստահ եւ 5:1 հաշվով վստահորեն պարտության մատնեց նրան:

Ոգեւորված թիմակիցների հաջողությամբ՝ ՄՀՀ-ի տրիբունաներում տեղ զբաղեցրած մարզասերներին անասելի ուրախություն պարգեւեց Հայկ Խաչատրյանը (70 կգ քաշային կարգ): Ղրղըզստանցի Նուրզան Աբդուլաեւի հետ պայքարի մեկնարկը ոչ մի լավ բան չէր խոստանում: Առաջին ռաունդից հետո մեր բռնցքամարտիկը պարտվում էր միավորների 1:3 տարբերությամբ: Երկրորդ ռաունդն անցավ հավասար պայքարում, եւ մրցակիցները մեկական միավոր փոխանակեցին: Ամեն բան որոշվելու էր վերջին խաղափուլում: Մեր պատանի մարզիկն, ի վերջո, կարողացավ համախմբել ուժերը եւ մեկը մյուսի հետեւից դիպուկ հարվածներով ոչ միայն վերականգնել հավասարակշռությունը, այլեւ կամային հաղթանակ տանել՝ 8:4:

Մեր հավաքականին չորրորդ հաղթանակը պարգեւեց 80 կգ քաշային Ալեքսան Նազանյանը, որը դժվարին պայքարում 4:3 հաշվով առավելության հասավ Իսրայելի ներկայացուցիչ Սաբեհ Զայադի նկատմամբ:

Ցավոք, երեկ Հայաստանի թիմը եւս մեկ կորուստ ունեցավ: 66 կգ քաշային Գոռիկ Թովմասյանը ոչինչ հակադրել ի վիճակի չեղավ ուկրաինացի Իգոր Ռոմաշչենկոյին, եւ ռինգի մրցավարը, ի նշան ուկրաինացու բացահայտ առավելության, արդեն երկրորդ ռաունդում կանգնեցրեց մարտը:

Աշխարհի պատանեկան առաջնության նախնական մենամարտերն ավարտվեցին: Այսօրվանից սկսվում է ամենապատասխանատու շրջանը: Պայքարը շարունակող պատանի բռնցքամարտիկները մրցելու են քառորդ եզրափակիչում: Թե արդեն ի՞նչ գին է ունենալու յուրաքանչյուր միավորը, դժվար չէ ենթադրել, քանի որ հաջողության հասնող բռնցքամարտիկն իր համար ապահովում է առնվազն բրոնզե մեդալ:

Կիսաեզրափակիչ անցնելու համար Հայաստանի տղաներն այսօր ուժերը չափելու են հետեւյալ երկրների ներկայացուցիչների հետ.

46 կգ Ջիաննի Գարսիա (Կուբա)-Կորյուն Սողոմոնյան

54 կգ Գեորգի Մանուկյան (Ռուսաստան)-Ջոնիկ Տոնոյան

60 կգ Ալեքսանդր Մալինին (Ռուսաստան)-Արթուր Քաջոյան

63 կգ Վոլոդյա Հայրապետյան-Սեմջայ Թոմաս (ԱՄՆ)

70 կգ Հայկ Խաչատրյան-Բուրակ Ակսիմ (Թուրքիա)

75 կգ Իդրիս Շախմանով (Ռուսաստան)-Սամվել Ոսկանյան

80 կգ Էր Դողան (Թուրքիա)-Ալեքսան Նազանյան

+80 կգ Գոռ Մարգարյան-Արտյոմ Վասիլյոնոկ (Ղազախստան):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել