Կամ ազգագրական թատրոնի գաղափարը
Oրերս Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմ բարձրացավ Պարույր Սեւակի հանճարեղ պոեմը՝ «Կարին» ազգագրական պարի եւ երգի համույթի յուրօրինակ կատարմամբ: «Եվ այր մի՝ Մաշտոց անուն» ներկայացման մեջ տարվեցին առկա իրավիճակի եւ խնդիրների զուգահեռները՝ մեր պետության եւ հասարակության ներկա մարտահրավերների ծիրում: Չնայած համերգի մասին որեւէ հայտարարություն չէր արվել՝ դահլիճը լեփ-լեցուն էր, իսկ ներկայացումը մեծ հաջողություն ունեցավ ու ոգեւորությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից:
Այն խորիմաստ եւ ոգեղեն մի ուղերձ էր հայ երիտասարդությանը՝ նրանց, ովքեր այսօր ու վաղը պիտի կերտեն հայ պետությունը, հասարակությունը, մշակույթը… Ո՞վ ենք մենք՝ հայերս, որտեղի՞ց ենք եկել, ի՞նչ առաքելությամբ, ինչպե՞ս ենք գոյատեւել ու հասել մինչեւ այսօր՝ 21-րդ դարը, ի՞նչ արժեքներով ենք կրթվում ու ապրում եւ ո՞ւր ենք գնում… Ներկայացումը համեմված էր ազգագրական երգերի ու պարերի փնջով: Ժամանակի մեքենան մեզ փոխադրեց հեթանոսական Հայաստանից մինչեւ քրիստոնեության ընդունումը, հայոց գրերի գյուտից մինչեւ մերօրյա իրականությունը: Ականատես եղանք մեհենական պարերի՝ Էջմիածին եւ Աստվածածնա պարերով, բոցավառվեցինք ռազմական պարերով՝ Յարխուշտա, Ռոստամ Բազի, Քոչարի, վայելեցինք մոգական Գորանին ու Թարս պարը, վեհ Իշխանաց պարը, Շավալիի մեղեդու ներքո մասնակից դարձանք ավանդական հայկական հարսանիքի… Համերգի վերջում Մուսա լեռան հերոսամարտում հնչած հաղթական դհոլի զարկերի ներքո կրկին պայթեց առնական Յարխուշտան: Ոգեւորությունն այնքան մեծ էր, որ հանդիսատեսը միացավ պարողներին՝ բեմի վրա եւ դահլիճում: Իսկ ներկայացումից հետո ավանդական պարերի կարոտ երիտասարդությունը պար բռնեց հենց Ազնավուրի անվան հրապարակում:
«Եվ այր մի՝ Մաշտոց անուն»-ը «Կարինի» առաջին ներկայացումը չէր: Մի քանի տարի առաջ նրանց կողմից կյանքի կոչվեց հայկական նոր «ազգագրական թատրոնի» գաղափարը. բեմադրվեցին «Խնգահոտ Էրգիրը», «Հայոց երգի Հայրիկը»՝ նվիրված Հայրիկ Մուրադյանին: «Կարին» համույթի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, որը Հայրիկ Մուրադյանի աշակերտն է եղել, իր ուսուցչի մասին հաճախ է ասում. «Հայրիկը ե՛րգ չէր փրկում, այլ ազգի տեսակ»: Նույն ոգով ու առաքելությամբ էլ գործում են ինքն ու իր հիմնադրած խումբը:
«Կարին» պարի ու երգի համույթը, իր ստեղծման օրից ի վեր, ստանձնել է հայոց մշակութային ժառանգությունը վերհանելու եւ հայ ժողովրդին իր սեփական հոգեւոր արժեքներին հաղորդակից դարձնելու առաքելությունը: Գյուղերից ու քաղաքներից, ազգագրական գրականությունից, Հայաստանում եւ Հայաստանից դուրս նրանք պրպտում, գտնում եւ կենդանացնում են հայ պարերը՝ իրական, բարձրարժեք ազգային մշակույթը, որը դարեր ի վեր արարվել ու հղկվել է սերունդների կողմից, որպես մեր մարդկային հոգեկերտվածքին համահունչ մի մշակույթ: «Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգին բնորոշ գծերը, մանավանդ՝ բարքն ու քաղաքակրթության աստիճանը»,- ասել է Կոմիտասը: Այս պարերը դիտելով եւ հատկապես՝ պարելով, արթնացնում ենք մեր հոգում հաճախ թաքնված ազնվությունը, համարձակությունը, առաքինությունը, արժանապատվությունը: Իսկ այս հատկանիշները վերագտած ազգին հնարավոր չէ ծնկի բերել:
Հավատացած ենք, որ ավանդական մշակույթի պահպանումը եւ զարգացումը պետք է տեղ գտնեն մեր պետության ռազմավարական առաջնահերթությունների շարքում: Հայոց պատմությունն ու մշակույթը, որ դարերի ընթացքում ծնվել, զարգացել ու ձեւավորվել են մեր նախնիների արյուն-քրտինքով, հոգով ու մտքով եւ արտացոլվել են մեզ ժառանգած պարերի ու երգերի մեջ, անշուշտ, մեր պատմության ու մշակույթի մասն են հանդիսանում, սակայն դրանք չպետք է թանգարաններին հանձնել. դրանք պիտի ապրեն ամեն հայի ոգում եւ կենցաղում: