Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, Հնդկաստանի եւ Բանգլադեշի տարածքում մոլեգնած «Այլա» արեւադարձային ուժեղ փոթորիկը երեկվա դրությամբ խլել է մոտ 120 մարդու կյանք, որոնցից 29-ը՝ Հնդկաստանում, 89-ը՝ Բանգլադեշում: Հզոր պտտահողմի մեջ են ընկել տեղի 330 հազար տներ, որոնք ամբողջությամբ ոչնչացվել են: Միլիոնավոր բնակիչներ մնացել են անտուն, իսկ մոտ 500 հազարը տեղավորվել է ժամանակավոր կացարաններում:
Տեղի իշխանությունները փորձում են տուժածներին ապահովել խմելու ջրով եւ առաջին սպառման ապրանքներով:
Օդերեւութաբանների հաղորդմամբ, այժմ մի փոքր թույլ ցիկլոնը շարժվում է դեպի հյուսիս: Այն տարածքների իշխանությունները, որոնց ուղղությամբ շարժվում է ցիկլոնը, պատրաստվում են դիմակայելու դրան: