Ուկրաինայի պաշտպանության նախարար Յուրի Յեխանուրովը վարչապետ Յուլյա Տիմոշենկոյից գրավոր պահանջել է, որ անձնապես ներողություն խնդրի՝ ՊՆ-ի ղեկավարությանը հրապարակայնորեն կոռուպցիայի մեջ մեղադրելու համար: Ինչպես գրում է ուկրաինական «Պրավդա Ուկրաինի» թերթը, որի մոտ է հայտնվել վարչապետին նախարարի գրած նամակի պատճենը, Յեխանուրովը նաեւ պահանջել է աշխատանքից ազատել հսկիչ-վերստուգիչ վարչության (ԿՌՈՒ) ներկայիս պետ Նիկոլայ Սիվուլսկիին: Նախարարը պնդում է, որ ԿՌՈՒ-ի ստուգումներն իրականացվել են կոպիտ խախտումներով, իսկ եզրահանգումներն արվել են «իրականությանը չհամապատասխանող կամ բացահայտ զեղծարարություն հանդիսացող» տեղեկությունների հիման վրա: «Այդուամենայնիվ, նախարարների կաբինետի մայիսի 20-ի նիստի ժամանակ ձեր արտահայտություններում դուք թույլ եք տվել «կոռուպցիա» տերմինի գործածումը, ինչը, գործող օրենսդրության համաձայն, իրավապահ մարմինների բացառիկ իրավասությունն է: Այդպիսով, դուք ձեր վրա եք վերցրել ձեր ռանգի պետական պաշտոնյային անհարիր գործառույթներ: Այս պահանջներիս հանդեպ համապատասխան ռեակցիայի բացակայության դեպքում ես ինձ՝ որպես սովորական քաղաքացի, դատական կարգով սեփական պատիվս ու արժանապատվությունս պաշտպանելու իրավունք եմ վերապահում»,- ասված է հայտարությոան մեջ:
Հիշեցնենք, որ մեկ օր առաջ նույն «Պրավդա Ուկրաինիի» ձեռքն էր ընկել մեկ այլ նամակ, որում տիկին Տիմոշենկոն էր նախագահ Յուշչենկոյից խնդրում աշխատանքից ազատել ՊՆ «կոռումպացված» ղեկավարին: