Թե՞ նորից կգործեն քննական հայտնի «գնացուցակները»
Շուտով ՀՀ պետական եւ ոչ պետական բուհերում կընթանան տարեվերջյան ավարտական քննությունները: «Առավոտը» փոքրիկ հարցախույզ կատարեց մի քանի բուհերի ուսանողների շրջանում եւ հայտնաբերեց, որ ուսանողներից շատերն արդեն տարբեր տեղեկություններ են տարածում «քննական գնացուցակների» մասին: Քանի որ շատ ուսանողներ իրենք էլ օգտվում են այս գնացուցակից, չցանկացան նշել իրենց անունները՝ պարզապես փոխանցելով քննական գները:
Օրինակ՝ Երեւանի պետական մանկավարժական համալսարանը գնային առումով ամենահամեստներից է: Այստեղ կարելի է քննություն ստանալ 5-15 հազար դրամով կամ նույնիսկ հեռախոսի 5000 դրամանոց լիցքավորման քարտով: ԵՊՀ-ում, ըստ ուսանողների, հիմնականում այսպիսի հարաբերություններ առաջանում են ռոմանագերմանական, իրավաբանական եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետներում: Քննական-շուկայական հարաբերությունների բովում թրծված ուսանողների տվյալներով՝ մեկ քննության համար, կախված գնահատականից, ռոմանագերմանական ֆակուլտետում վճարվում է $200-300, միջազգային հարաբերություններում՝ $300-400, իրավաբանականում՝ $500-600: Իսկ ըստ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի (ԵՊՏՀ) ուսանողների՝ այստեղ ընդունվում են «կոլեկտիվ» հայտեր: Օրինակ՝ այս կամ այն ամբիոնում, որոշ տատանումներով՝ 3 քննությունից «բավարար» եւ ավելի բարձր գնահատական ստանալը կկազմի $600-700:
Այդուհանդերձ, ԵՊՀ ուսանողուհի Հրանուշ Հայրապետյանն «Առավոտին» փոխանցեց. «Այսպիսի տեղեկություններ տարածում են հիմնականում այն ուսանողները, որոնք դիմում են ցանկացած քայլի, միայն թե քննությանը չպատրաստվեն՝ ինչպես որ հարկն է: Չեմ կարծում, որ գերազանց գիտելիքների տեր ուսանողին որեւէ դասախոս փորձի ցածր գնահատել»: «Միասին» շարժման հայտնի ակցիայից հետո, երբ քաղաքի պատերին փակցվեցին իբր կաշառակեր դասախոսների նկարները, բուհերի ռեկտորները հայտարարեցին, որ ուշադրությունն ավելի է մեծանալու քննաշրջանի ժամանակ: Ուստի «Առավոտը» զրուցեց ԵՊՀ ուսումնական վարչության պետ Հրանտ Ժամհարյանի հետ, պարզելու՝ վերահսկողության ի՞նչ մեխանիզմներ են օգտագործելու: Նա նկատեց. «Այսօր ուսանողության մեջ կա մի հատված, որ չի սովորում: Բուհ են գալիս կամ պարզապես ժամանցի, կամ դիպլոմի ապահովման համար: Կան նաեւ այնպիսի ուսանողներ, որոնց մեջքներին բարի քեռիներ կան կանգնած, որոնք փորձում են ֆինանսական կամ պաշտոնական եղանակներով միջնորդություններ կատարել»: Հետո պարոն Ժամհարյանն ասաց. «Թերթերը թող կոչով հանդես գան, որ պաշտոնյաները զերծ մնան բոլոր կարգի միջնորդություններից: Թող ուսանողներն ինքնուրույն գործեն, այդ դեպքում դասախոսները եւս ինքնուրույն կգործեն»: Մեր հարցին՝ գուցե բուհն ի՞նքը մշակի ինքնապաշտպանական մեխանիզմներ եւ ինչ-որ կերպ դիմակայի ճնշումներին, Հ. Ժամհարյանն ասաց. «Դասախոսն ումի՞ց պաշտպանվի՝ Ազգային ժողովի պատգամավորի՞ց, ԱԱԾ-ի, ոստիկանության աշխատակիցների՞ց: Պատահում է, որ թերթի խմբագիրներն էլ են միջնորդությամբ դիմում դասախոսին: Ճնշում չի գործադրվում միայն այն դասախոսների վրա, որոնք բոլորին կամ բարձր են նշանակում, կամ մեխանիկորեն ստուգարք են նշանակում: Ասում են՝ դնեմ-պրծնեմ, ազատագրվեմ»: Խոսելով միջնորդություն կոչված արատավոր երեւույթի մասին, ուսումնական վարչության պետն ասաց. «Յուրաքանչյուր ուսանող պետք է սկսի ինքնամաքրումից: Պետք է իրենց ընկերներին ասեն, որ հավասար պայմաններում ազնիվ ճանապարհով քննություն հանձնեն»: Հ. Ժամհարյանը նաեւ պատմեց. «Հունվար-փետրվարին ԵՊՀ-ից եւ այլ բուհերից ներկայացուցիչներ էին հյուրընկալվել Էստոնիայում՝ ծանոթանալու նրանց կրթահամակարգին: Երբ հարցրինք՝ ո՞նց են պայքարում միջնորդությունների, արտագրությունների դեմ, նրանք զարմացած աչքերով նայեցին մեզ: Երբ ուսանողը քննական շրջանից մեկ ամիս առաջ դեռ գիրքը չի գտել, դա լուրջ մտածելու տեղիք է տալիս. նշանակում է, որ ուսանողը չի պատրաստվել: Կրեդիտային համակարգը հնարավորություն է տալիս գնահատականը վաստակել դեռ ուսումնական տարվա ընթացքում, բայց ուսանողները չեն ուզում դա անել: Միգուցե ուսխորհուրդները տանեն բարոյախրատական աշխատանք, որ ուսանողությունը զերծ մնա կեղծիքներից, կողմնապահությունից, միջնորդություններից, իր մեջ ուժ գտնի՝ ինքնուրույն իր գնահատականը վաստակելու»: