Դպրոցի ազատամարտիկ փոխտնօրեն Սմբատ Ուռումյանը կալանավայրում է հայտնվել տնօրենի հետ անհամաձայն լինելուց հետո:
Արցախյան ազատամարտի վետերան Սմբատ Ուռումյանը 2008 թվականի նոյեմբերից կալանավորված է: Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության մեջ գրված է. «18 հատուկ դպրոցի փոխտնօրեն՝ 55-ամյա Սմբատ Ուռումյանը դրդել է նույն դպրոցի սաներ՝ 14 եւ 17 տարեկան Լեւոն Ա.-ին եւ Մեհրաբ Բ.-ին զբաղվել մուրացկանությամբ եւ հավաքած գումարը տալ իրեն: Հակառակ դեպքում՝ սպառնացել է ծեծի ենթարկել նրանց»: Խմբագրություն այցելած Սմբատի կինը՝ Զոյան, ով ամուսնու կալանքի տակ եղած ժամանակահատվածում հասցրել է «վայելել» իրենց բաժին հասած ճակատագրի «քաղցր պատառները», այս պատմության սեփական տարբերակն ունի, որն էապես տարբերվում է պաշտոնականից:
Նախապատմությունը, ըստ Զոյայի, այսպիսին է. ամուսինն ամիսներ առաջ աշխատանքի է անցել թիվ 18 դպրոցում: Մոտ երկու ամիս անց՝ 2008-ի սեպտեմբերի 1-ին, տնօրենի՝ Ծովինար Գեւորգյանի առաջարկով ստանձնում է փոխտնօրենի պարտականությունները: Այդտեղից էլ սկիզբ է առնում Ուռումյանների ընտանիքի «սեւ օրերի» շարանը: Տիկին տնօրենը իր մեծահոգության դիմաց «մաղարիչ» է ակնկալում՝ գումարի տեսքով, նույնիսկ չափն է ասում՝ $1500: Այս խոսակցությունները նոր որակ են ստանում հոկտեմբերի 20-ից հետո՝ կամ $1500-ը, կամ չորս ամսվա աշխատավարձը: Սմբատը, բնականաբար, հրաժարվում է այս «փոխշահավետ» գործարքից: Տնօրենն այլ տարբերակ է առաջարկում՝ երեխաներին ուղարկել մուրացկանության եւ այդ կերպ մարել «պարտքը»: Սմբատ Ուռումյանը մերժում է նաեւ այս տարբերակը:
Արդեն ավելի ուշ, ըստ տիկին Զոյայի, ամուսինը տեղեկանում է, որ դպրոցի երեխաներից ոմանց համար մուրացկանությունն արդեն մասնագիտություն է, եւ այս գործում իր լուման ունի տնօրեն Ծովինար Գեւորգյանը: Ավելի ուշ, արդեն Սմբատի կնոջը՝ Զոյային, Ծովինարն առաջարկում է օգնել իրեն: Օգնությունը սովորական չէր. Զոյան իր հարեւան-բարեկամների միջոցով պետք է իրացներ տնօրենից ստացած ապրանքները, որոնք դպրոցի համար ստացվում էին տարբեր ծրագրերով եւ նախատեսված էին դպրոցի սաների ու նրանց կարիքները հոգալու համար: Այս մի առաջարկն էլ է մերժվում: Այս հակամարտության արդյունքը դպրոցի սաներ Լեւոնի ու Մեհրաբի ցուցմունքներն են, թե իրենք դպրոցի փոխտնօրեն Սմբատ Ուռումյանի դրդմամբ մուրացկանությամբ են զբաղվել: Իհարկե, ավելի ուշ երեխաները խոստովանում են, որ ցուցմունքներն իրենք գրել են այն բանից հետո, երբ Ծովինար Գեւորգյանն իրենց վախեցրել է, երբ Էրեբունու ոստիկանական բաժանմունքում հերթական անգամ իրենց ծեծել են: Ի դեպ, ցուցմունքը գրելուց հետո երեխաներին այլեւս թույլ չեն տալիս դպրոց մտնել:
Տիկին Զոյայի պատմելով՝ երեխաները զղջում են իրենց արածի համար, հասկացել են, որ վատ բան են արել, անգամ որոշել են գնալ ոստիկանություն եւ ճշմարտությունը պատմել, բայց այնտեղ նրանց ասել են, որ իրենք արդեն պատմել են ճշմարտությունը: Ավելին, սպառնացել են, որ պատասխանատվություն կկրեն սուտ ցուցմունք տալու համար: Տնօրեն Ծովինար Գեւորգյանը, իհարկե, հերքում է այս ամենը եւ մեզ հետ հեռախոսազրույցում ջանում էր սիրալիր, հոգատար մանկավարժ երեւալ: Ոստիկանությունում հրաժարվում են այս գործի մանրամասներից խոսել, ասում են՝ նախաքննության փուլն է դեռ: Իսկ ազատազրկված ազատամարտիկի կինը՝ Զոյան, նոր մանրամասներ է բացահայտում: «Թարմացվել» է դպրոցի ողջ ուսուցչական եւ տեխնիկական աշխատակազմը՝ հիմնական աշխատողները տնօրենի ազգականներն են: Դպրոցի երկարամյա ուսուցչուհիներից մեկն էլ վերջերս է ազատվել աշխատանքից՝ այն բանից հետո, երբ համարձակվել է ի պաշտպանություն Սմբատ Ուռումյանի կարծիք հայտնել:
Սմբատի մարտական ընկերները նույնպես ապշած են այս պատմությունից: Նրանք դույզն-ինչ չեն կասկածում Սմբատին, որովհետեւ, նրանց բնութագրմամբ՝ Սմբատի նման բարի, ազնիվ ու առաքինի մարդը, ով կյանքն էր դրել հանուն հայրենիքի, չէր կարող խաղաղ պայմաններում նման քայլերի գնալ:
«Առավոտը» սեփական աղբյուրներից տեղեկություններ հավաքեց տիկին Ծովինար Գեւորգյանի մանկավարժական անցյալի վերաբերյալ: Այն բավականին ուշագրավ է. տարբեր ժամանակներում Ծովինար Գեւորգյանը աշխատել է Նոր Հաճընի, թիվ 125, թիվ 70 եւ 2-րդ գիշերօթիկ դպրոցներում, եւ ամենուր նրա աշխատանքային կարիերան ուղեկցվել է աղմկոտ պատմություններով: Մեկ անգամ նա նույնիսկ զրկվել է մանկավարժական գործունեություն ծավալելու իրավունքից, սակայն ՀՅԴ-ական որոշ շրջանակների հետ իր կապերի շնորհիվ վերականգնել է իր «բարի» համբավը: