Չնայած անցյալի դառը էջերին, հայ եւ թուրք լրագրողներն արդեն գիտեն, որ «թուրքերը մարդակեր չեն, հայերն էլ դավաճան չեն»:
Օսման Օքքանը եւ Ֆեթհիյե Չեթինը՝ Հրանտ Դինքին նվիրված
ֆիլմի շնորհանդեսի ժամանակ:
«Միանգամայն ճիշտ է, որ թուրքական մամուլը հիմնականում անդրադառնում է հայ-թուրքական հարաբերություններին, երբ ինչ-որ կարեւոր իրադարձություն կամ դրա ակնկալիք կա: Այլ փուլերում, երբ կարծես որեւէ կարեւոր իրադարձություն տեղի չի ունենում, թուրքական մամուլը այդ հարաբերություններին շատ քիչ է անդրադառնում: Վերջին 9 տարվա մեր հետազոտությունները համոզում են, որ հենց այդ ուղղությամբ է զարգանում Հայաստանի եւ հայ-թուրքական հարաբերությունների լուսաբանումը թուրքական մամուլում: Հայաստանում ավելի հետեւողական են հարցերին անդրադառնալու առումով, բայց հետաքրքրությունը նեղ ոլորտների է վերաբերում՝ ցեղասպանություն, սահմանի բացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում»,- ասում է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Խորը լուսաբանման արհեստական խրախուսում
Լրագրողական փոխանակման ծրագիրը, որի շնորհիվ տարիներ հետո նորից հայտնվեցի Ստամբուլում, նախաձեռնել էր հենց Երեւանի մամուլի ակումբը՝ Ֆրիդրիխ Նաումանի, Ֆրիդրիխ Էբերտի եւ «Եվրասիա» հիմնադրամների աջակցությամբ: ԵՄԱ-ի գործընկերը Թուրքիայում հայտնի «ԱՐԻ մուվմենթն» է՝ նա էր ընտրում Հայաստան այցելելու պատրաստ լրագրողներին: Երկու կողմն էլ պատրաստ են ջանքեր ներդնել՝ լրագրողական փոխլուսաբանումն ավանդույթ դարձնելու համար:
«Մեր նպատակն էր շահագրգռել Հայաստանի եւ Թուրքիայի լրագրողներին եւ առաջատար լրատվամիջոցներին՝ ուշադրություն դարձնել հայ-թուրքական հարաբերությունների տարբեր ուղղություններին եւ, եթե հնարավոր է, նաեւ համապատասխան հետաքննական նյութեր պատրաստել՝ երկխոսության համատեքստում տարբեր նախաձեռնությունների արդյունավետության եւ հեռանկարների մասին»,- պատմում է Բորիս Նավասարդյանը:
Այս ծրագրով 4 հայաստանցի եւ 6 թուրքական լրագրողներ փոխայցելություններ են կատարել հարեւան երկիր, լուսաբանել երկու երկրների կյանքի տարբեր ոլորտներում վերջին տարիներին համատեղ իրականացված ծրագրեր, ինչպես նաեւ երկու երկրների քաղաքականության, ժողովրդական դիվանագիտության, մշակույթի, տնտեսական եւ այլ հարցեր: Ի տարբերություն հետազոտող կազմակերպությունների, որոնք շատ չեն այս գործում, լրագրողներն ավելի պարզ լեզվով են իրենց հասարակությանը ներկայացրել հարեւաններին: Պետք է նկատել, որ որոշ նյութերում արտահայտվել են նաեւ հասարակություններում առկա ստերեոտիպերը միմյանց մասին:
Բորիս Նավասարդյանը նկատում է, որ, ի տարբերություն առանցքային քաղաքական իրադարձությունների, հիմնական լրատվամիջոցների տեսադաշտից վրիպում են հարեւան երկրի կյանքի ավելի խորը շերտերի լուսաբանումը, երկկողմ քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք քիչ ներդրում չունեն հայ-թուրքական երկխոսության մեջ. «Այդ լուսաբանման մի քիչ արհեստական ակտիվացում միշտ էլ պետք է լինի, եւ ո՞վ, եթե ոչ հասարակական կազմակերպությունները, մանավանդ՝ եթե աշխատում են լրագրողական ոլորտում, պետք է այդ արհեստական խրախուսումն ապահովեն՝ օգտագործելով նաեւ միջազգային կազմակերպությունների տրամադրած հնարավորությունները»:
«Չեմ ուզում մեղավոր զգալ պապիս փոխարեն»
Թուրքիայում մեզ հանդիպած լրագրողները, ինչպես եւ հայաստանցիները, միաբերան պնդում էին, որ նման ծրագրերը շատ օգտակար են, գոհ էին իրենց ուղեւորությունից եւ պատրաստ էին հնարավորության դեպքում նորից այցելել Հայաստան, չնայած նրանցից ոմանք դեմ էին առել այնպիսի իրողությունների եւ զգացողությունների, որոնք ընդունելն այնքան էլ հեշտ չէ:
«Ես չեմ ուզում մեղավոր զգալ, երբ գալիս եմ Հայաստան: Ես ի՞նչ կապ ունեմ՝ պապս ինչ է արել, գուցե նա սրիկա էր, ե՛ս ինչ կապ ունեմ: Բոլորն ինձ այնպես են նայում, կարծես՝ ահա սա այն թուրքի թոռն է, որ… Ես չեմ ուզում ինձ այդպես նայեն»,- Գալաթա կամուրջի սքանչելի տեսարանի առջեւ մի փոքրիկ բացօթյա թեյարանում այսպես սկսեց մեր զրույցը «Աքշամ» թերթի թղթակից Նագեհան Ալջըն: Մեր հարցին ի պատասխան նա ասաց, որ իրեն նման բան չեն ասել, շատ բարի էին իր հանդեպ, այլ այդպես նայել են: Սահմանի երկու կողմում չգիտեն, որ թուրքերը մարդակեր չեն, հայերն էլ դավաճան չեն, ասում էր Նագեհանը:
Հայաստանը փոքր է, իր մեջ ներփակված, եւ ազգայնականությունն աճում է այնտեղ, այդպիսի տպավորություն էր ստացել Նագեհանը. «Ես հասկանում եմ այդ ազգայնականությունը. դա գուցե զոհ լինելու զգացումից է: Բայց եթե մենք ուզում ենք հարաբերություններ կարգավորել, պետք է ազատվենք այդ զգացումից: Մենք էլ՝ թուրքերս, չենք սիրում մեղավոր լինելու զգացումը, երբ հանդիպում ենք հայերի: Կարծում եմ, հայերն էլ չպետք է այդպիսի զգացողություն թողնեն՝ «սա նրանք են, որ անցյալում այդ բանն են արել»: Երկու կողմից էլ սխալ է վերաբերմունքը: Ես ոչ մեկին չեմ փնովում: Մենք բոլորս միասին ենք մեծացել, բայց իրար չենք ճանաչում»:
«Հուրիեթի» թղթակից Վերջիհան Զիլֆիօղլուի համոզմամբ, թշնամանքի հիմնական պատճառը իրար չճանաչելն է. «Մարդիկ չգիտեն անցյալում ինչ է եղել: Պետք չէ նրանց քննադատել, որովհետեւ իրենց ոչ մի բան չեն պատմել»: Եվ Վերջիհան Զիլֆիօղլուն պատմում է: Վերջերս նա շահեց Թուրքիայի լրագրողների ասոցիացիայի մրցանակը՝ Փարաջանովի մասին իր հրապարակումների համար: Նույն կազմակերպության մյուս գլխավոր մրցանակը տրվեց նույնպես «հայկական թեմայի»՝ համշենցի մի լրագրողի՝ համշենահայերի մասին նյութի հրապարակմանը:
Մինչդեռ նախկինում, ասում էր Վերջիհանը, Հայաստանի եւ հայերի մասին լավ նյութեր դժվար էր գտնել թուրքական մամուլում. «Հայերը հեռու կղզու նման էին թուրք լրագրողների համար, եւ նյութերը երբեմն նույնիսկ վիրավորական կարող էին դառնալ: Օրինակ՝ մեկը մյուսին սպանում է, նշում են, որ սպանողը հայկական ծագումով էր: Այսինքն, հայ, հրեա կամ հույն ինքնությունն ավելի էր կարեւորվում, քան ինքը՝ դեպքը, որ ամեն երկրում պատահում է»:
Խոսքը ոչ միայն եւ ոչ այնքան Հայաստանի մասին է, այլ ընդհանրապես հայերի, ովքեր Թուրքիային միշտ հիշեցնում են պատմական անցյալը: Սակայն վերջին տարում թուրքական մամուլում դրական միտումներ են նկատվում: Մանավանդ Հրանտ Դինքի սպանությունից հետո թուրքական թերթերն ավելի շատ են անդրադառնում հայկական թեմաների՝ դեպի ապագա ուղղված հայացքով: Գործընկերը, որ Հայաստան գնալուց առաջ մտահոգվել էր՝ «ինձ այնտեղ կվնասե՞ն», վերադարձել էր ամենադրական տպավորություններով:
Թուրքական մամուլի հայ լրագրողը
Վերջիհանն ազգությամբ հայ է, եւ լեզվի իմացությունը նրան շատ է օգնում: Առաջին անգամ Հայաստան է եկել հենց «Հուրիեթի» հանձնարարությամբ: Վերջին 2,5 տարում հիմնականում գրում է հայերի, հատկապես՝ Թուրքիայի հայերի մասին: «Մարդիկ զարմանում էին եւ անընդհատ ինձ հարցնում՝ իսկապե՞ս Թուրքիայում նման բաներ եղել են, իսկապե՞ս թուրքական թատրոնը հայերն են հիմնել»,- Վերջիհանն ասում էր, որ դա գրեթե նորություն էր թուրքական մամուլի համար:
Մեզ հետ զրույցում Վերջիհանն ասաց, որ իր հայկական ինքնության հետ կապված դժվարություններ չի ունեցել 11 տարվա կարիերայի ընթացքում: Իր մեկ այլ մրցանակ, որ դարձյալ հայկական թեմայի համար շնորհել էր Շվեդական ակադեմիայի «Աննա Լինդ» հիմնադրամը, Աթենք էր հասցրել նաեւ Թուրքիայի մշակույթի նախարարին եւ բանկետում գլխավոր քննարկման առարկա էր դարձրել հայերին ու Հայաստանը:
«Ես հավատացի, որ պետք է դեպի ապագա նայել: Այո, շատ վատ բաներ են ապրվել, բայց ես մտածեցի, որ ապագայի համար, մեր ապագա սերունդների համար պետք է լավ հիմքեր թողնել»,- ասաց Վերջիհան Զիլֆիօղլուն:
Ընթերցողները ստիպված են իմանալ
«Ջումհուրիեթի» փորձառու լրագրող Լեյլա Թավշանօղլուն թուրքական մամուլի առաջին ներկայացուցիչներից էր, որ այցելեց Հայաստան՝ ընկերակցելով Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին: Դրանից հետո նրան բազմիցս հրավիրել են, այդ թվում՝ ԵՄԱ-ն: Նա նույնիսկ ընդգրկվել է կանանց հայ-թուրքական մի խմբում եւ հասարակական նախաձեռնությունների շրջանակում բազմիցս այցելել Հայաստան:
«Նման նախաձեռնությունները պետք է խրախուսվեն: Ուզում եմ ասել, որ ժողովրդական դիվանագիտությունը շատ օգտակար է՝ ծանոթանալ իրար հետ, տեսնել, որ ոչ հայերը, ոչ թուրքերը բարբարոսներ չեն, մեզ նման սովորական մարդիկ են: Ծանոթանալ, բարեկամանալ, ընկերությունն էլ շատ կարեւոր բան է: Լրագրողները քաղաքացիական հասարակության մի մասն են, եւ այս կապերը պետք է ավելի ու ավելի խրախուսվեն»,- ասում է նա:
Մեզ հետ զրույցում Լեյլան հավատացրեց, որ մինչեւ Հայաստան ոտք դնելն էլ ոչ մի նախապաշարմունք չուներ՝ գալիս էր ծանոթանալու: «Ինձ երբեք չեն մերժել: Ես գնում եմ Երեւան, ներկայանում եմ, առաջարկում եմ հարցազրույց, եւ նրանք համաձայնում են: Նույն բանն արել եմ Արման Կիրակոսյանի հետ: Մեկ ժամում: Նա մի մեծ կոնֆերանսում էր: Նույնը Օսկանյանի հետ: Նա ինձ հրավիրեց Երեւան՝ հարցազրույցի համար: Շատ լավ դիվանագետ է: Երեւանում երբեք դժվարություն չեմ ունեցել: Երբեք»:
Լեյլա Թավշանօղլուն ասում է, որ իրեն գնահատում են որպես ոչ կողմնակալ լրագրողի, «վստահում են, եւ դա փոխադարձ է»: Դրա շնորհիվ նա իր աղբյուրներն ունի Հայաստանում, եւ եթե իր տեղեկությունն առաջին ձեռքից չէ, միշտ կարողանում է ստուգել հայկական լրատվամիջոցներից ստացված տեղեկությունները:
Հայաստանում պատրաստած նյութերից ամենից շատ զրուցակիցս հավանում է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի հետ հարցազրույցները. «Ինձ դուր եկան իրատեսական պատասխանները, որ ինձ տվեցին: Ես շատ կողմնակալ էի երջանկահիշատակ կաթողիկոսի նկատմամբ: Նա հրաշալի ջենթլմեն էր, ինձ շատ դուր եկավ: Շատ առաջադեմ էր: Եվ նրա, եւ Օսկանյանի պատասխանները շատ կառուցողական էին հարաբերությունների համար: Հիմնական ուղերձն այն էր, որ ուզում էր հարաբերությունները կարգավորված տեսնել առանց որեւէ նախապայմանի: Այստեղ արձագանքը շատ լավն էր»:
Լեյլան հաստատեց Ստամբուլում ստացած մեր տպավորությունը, որ «հայկական թեման» հիմա «մոդայիկ» է թուրքական մամուլում: Նրա դիտարկմամբ. «Դա սկսվել է AKP կուսակցության իշխանության գալուց հետո, երբ նրանք հայկական սահմանը բացելու գաղափարով հանդես եկան: Լրագրողները քաջալերվեցին գնալ Հայաստան, տարբեր հասարակական կազմակերպություններ հրավիրում էին: Բորիսը լրագրողական հանդիպումներ կազմակերպելու նախաձեռնողներից մեկն էր, եւ հիմա էլ շարունակում է»:
Յուրօրինակ էր Թավշանօղլուի պատասխանը հարցիս՝ ո՞րն է այն ուղերձը, որ ընթերցողներն ուզում են լսել ձեզնից, կամ գուցե այն ցավոտ հարցերը, որոնց մասին չեն ուզում լսել: «Բայց ստիպված են,- ասաց նա,- այո, ստիպված են: Փաստեր կան, ես չեմ կարող դրանք սրբել պատմությունից, էնպես որ՝ պետք է գրեմ այդ մասին»:
Խոսքի ազատություն՝ առանց սահմանների
Թուրքիայում խոսքի ազատության լուրջ սահմանափակում համարվող 301-րդ հոդվածը Քրեական օրենսգրքում վերաձեւակերպվել է, բայց դրանից հետո էլ այդ հոդվածով հետապնդվող մարդիկ կան: Հրանտ Դինքի եւ նրա ընտանիքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը, ում հանդիպեցինք Դինքին նվիրված մի ֆիլմի շնորհանդեսում, այսպես գնահատեց օրենքը. «Փոփոխությունը սկզբունքորեն մեծ չէ, բայց փաստը, որ այն փոխվել է, դրական ազդեցություն է ունեցել ընթացիկ գործերի վրա»:
Շնորհանդեսը տեղի էր ունենում Ստամբուլի առաջատար՝ Բիլգի համալսարանում: Ֆիլմի հեղինակը Գերմանիայում վերաբնակված թուրք լրագրող, ռեժիսոր Օսման Օքքանն էր: Մինչ այդ նա դեռեւս միայն Գերմանիայում է արել ֆիլմի շնորհանդեսը (առաջինը՝ Նյուրնբերգում) եւ այն պետք է նաեւ Երեւան բերի: Այդ լուրն ինքս հայտնեցի Ջիվան Գասպարյանին՝ երաժշտության հեղինակին, երբ Երեւանում գտնվող թուրք գործընկերոջս ուղեկցել էի նրա հետ հարցազրույցի:
Ֆիլմը պատմում է Թուրքիայում ապրող եւ ապրած հայերի մասին: Դինքը պետք է լիներ ֆիլմի խորհրդատուն, բայց սպանությունից հետո դարձավ այն կերպարը, ում միջոցով Օսման Օքքանը փորձում էր հասցնել իր ասելիքը. «Հրանտը փորձում էր բացատրել մարդկանց, որ պետք է սովորեն սեփական պատմությունը, խոսեն իրար հետ, ինչը շատ կօգնի: Թուրքերը պետք է հասկանան, թե ինչպես են հայերն ապրում, ինչ խնդիրներ ունեն, ինչ են զգում: Սա երկար ճանապարհ է, բայց Թուրքիան պետք է քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ, եւ, հուսով ենք, հաջողության կհասնի: Կարծում եմ, որ Հրանտը շատ բան փոխեց, ինչպես եւ նրա մահը փոխեց շատ բան: 5 տարի առաջ դուք չէիք կարող նման ֆիլմ տեսնել Ստամբուլում, հիմա կարող եք»: