Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Հայկական հոգու փառատոն

Մայիս 27,2009 00:00

\"\"Այս տարի արդեն երրորդ անգամ Հայաստանից դուրս ապրող հայերի եւ հայերի բարեկամերի նախաձեռնությամբ անցկացվում է հայկական միջազգային «Կարոտ» փառատոնը: Արմեն Ջիգարխանյան, Նիկիտա Սիմոնյան, Նիկոլայ Ռիժկով, Ջովանի Գույաթա. ահա ոչ լրիվ կազմը փառատոնի կազմակերպիչների: Ըստ նախաձեռնության հեղինակների, այս փառատոները ոչ միայն ազգային մշակույթի ցուցադրության պատեհ առիթ են, այլ նաեւ՝ հայերի միասնականության եւ համախմբվածության մասին ազդարարելու բացառիկ հնարավորություն:

Փառատոնի ծրագիրը բավականին հագեցած է. պոեզիայի երեկոներ, հայկական թատերախմբերի բեմադրություններ, «կլոր սեղաններ», մեր հայտնի հայրենակիցների հուշատախտակների բացում, տարատեսակ մրցույթներ, այդ թվում՝ հայկական ուտեստներ պատրաստող խոհարարների:

Այս տարի փառատոնին առաջին անգամ մասնակցում է նաեւ Բելառուսի հայկական համայնքը: Սա ուշագրավ է այնքանով, որ Բելառուսի հայերին համահայկական փառատոնին ներկայացնելու համար ընտրված ժյուրիում, բացի չորս հայերից՝ Մշակույթի ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանողուհի Իրինա Մեկրովյան, Բելառուսի երաժշտության պետական ակադեմիայի դասախոս Վալտեր Մնացականյան, Բելառուսի ֆիլհարմոնիայի մեներգչուհի Լուսինե Նալբանդյան, գործարար Արթուր Գալստյան, ընդգրկված են նաեւ Բելառուսի երաժշտության պետական ակադեմիայի 4-րդ կուրսի ուսանողուհի Սվետլանա Բորեյկոն եւ պրոդյուսեր Պավել Լոլոն: Իսկ փառատոնին Բելառուսի հայ համայնքից մասնակից լինելու հայտ էր ներկայացրել նաեւ երգիչների՝ Սերգեյ Կլոչկով-Ժակլին Բաղդասարյան զույգը: Սերգեյը հայերեն չգիտի, բայց իր խոսքով, մեկ անգամ լսել է հայկական դուդուկի ձայնը եւ հասկացել, որ հայկական մշակույթը ձգում է իրեն: Հիմա Սերգեյը հայկական կիրակնօրյա դպրոցի պոեզիայի երեկոների մշտական մասնակիցներից է:

Մրցույթի մեկ այլ մասնակից՝ Կարինե Դրպոյանը ծնվել եւ մեծացել է Բելառուսում, սակայն մեկ անգամ Հայաստանում լինելուց հետո՝ մշտապես կարոտում է հայրենիքը եւ կուզենար ապրել Հայաստանում:

Այժմ Բելառուսում անցկացվում են փառատոնի ընտրական փուլերը, դահլիճներում երեխաներն աշխույժ այսուայնկողմ են գնում-գալիս, ասես պատրաստվում են կյանքում ամենակարեւոր քննությանը: Մթնոլորտում զգացվում է հայկական ոգին եւ շունչը: Իսկ մայիսի 31-ին Մինսկում եզրափակիչն է, որին մասնակցելու իրավունք են ստացել Սերգեյ Կլոչկով-Ժակլին Բաղդասարյան զույգը, Կարեն Գրիգորյանը, «Ակունք» եւ «Շավիղ» մանկական երգչախմբերը:

Նախաձեռնության հեղինակները վստահ են, որ այսպիսի միջոցառումները նպաստում են հայկական մշակույթի տարածմանը եւ ամրապնդմանը՝ ողջ Սփյուռքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել