Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ «ՔՑԵՑԻՆ»

Մայիս 27,2009 00:00

Մարզպետարանի եւ «Դվին» կոնցեռնի պայմանավորվածությունից տուժել են գյուղացիները

Ապրել խաբվա՞ծ, թե՞ համբերել, սպասել: Սա խնդիր է Լոռու մարզի գյուղական համայնքների բնակիչների համար: Ցանքի ժամանակն անցնում է, իսկ գյուղացիները սպասում են պարարտանյութի եւ ցավով նշում, որ իրենք վաղուց արդեն վճարել են այդ պարարտանյութի համար: Գյուղացիները նշում են, որ եթե բերքը մշակեն առանց պարարտանյութի, ապա ակնկալիք բերքի հազիվ կեսը կունենան, իսկ եկամտի մասին մտածելն անտեղի է:

Խաբված են ոչ միայն գյուղացիներն ու գյուղապետարանը, այլ նաեւ Լոռու մարզպետարանը: Մենք եղանք Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում: Գյուղացիների այն հարցին, թե ինչու է ուշանում պարարտանյութը, գյուղապետ Սեյրան Անանյանը պատասխանում է, որ պարարտանյութը դրսից է ներմուծվելու, ինչը դեռեւս չի արվել: Իսկ թե ինչու՝ հայտնի չէ: Այս անմխիթար վիճակը տիրում է ամբողջ Լոռվա մարզում:

Մարգահովիտի գյուղապետը գյուղացիներին ասել է, թե եթե մեկ կամ երկու պարկ պարարտանյութ ներմուծվել է, ապա դրանք բախշվել են գյուղատնտեսության համար առավել բարենպաստ կլիմայական պայմաններ ունեցող տարածքներին:

Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Վոլոդյա Բունիաթյանի հետ զրույցից պարզ դարձավ, որ այս տարվա հունվար ամսից Լոռու մարզպետի եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարի փոխադարձ պայմանավորվածությամբ, վերջինս միջնորդել է «Դվին» կոնցեռնին, որպեսզի Լոռվա մարզի գյուղացիներին մատչելի գներով պարարտանյութ մատակարարվի: Փետրվարին կազմվել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, կնքվել է պայմանագիր, որում նշված է եղել, որ պարարտանյութի համար հաշվարկված գումարը փոխանցելու օրվանից տասնհինգ օրվա ընթացքում պարարտանյութը կներմուծվի: Փետրվարին ներկայացվել է չորս հարյուր յոթանասուն տոննա պարարտանյութի հայտ, գումարներն էլ հենց փետրվարին վճարվել են: Ապրիլին եւս հարյուր հիսուն տոննա պարարտանյութ է պահանջվել, ինչի համար եւս վճարվել է: Այս ամենից հետո՝ ապրիլի ութին ներմուծվել է հարյուր իննսուն տոննա պարարտանյութ, պահանջված եւ կանխավճարված 630 տոննայի փոխարեն:

Թե գյուղացիները ինչու չեն ստանում իրենց պարարտանյութը հարցին Վոլոդյա Բունիաթյանը պատասխանեց. «պարարտանյութ չկա»: Նա նաեւ նշեց, որ մինչ օրս բազմիցս դիմել են «Դվին» կոնցեռնին՝ թե գրավոր, թե բանավոր, սակայն պատասխան չեն ստացել:

Գյուղացիները մեղադրում են մարզպետարանին, իսկ մարզպետարանը՝ «Դվին» կոնցեռնին: Պարոն Բունիաթյանը կարծում է, որ եթե այս հարցը արագ լուծում չստանա, ապա այդ մարդիկ արդեն կդիմեն դատարան, եւ դատարանը կմիջնորդի, որ նրանք ստանան իրենց «յուղն ու բրինձը»:

Հ. Գ. Մայիսի 19-ին Շիրակի մարզի Հայկաձորի համայնքում է եղել մարզպետ Լիդա Նանյանը: Գյուղի բնակիչները մարզպետին ասել են, թե «գյուղացիներին խաբեցին, թե պարարտանյութ են տալու, փողերը փետրվար ամսին հավաքեցին, հիմա էլ ասում են՝ պարարտանյութ չկա։ Գյուղացիներն էլ հիմա նեղացել, հարկերը չեն ուզում վճարել»: Տիկին Նանյանը արձագանքել է. «Ես զարմացած եմ, որ նման խնդիր կա: Պարարտանյութ մատակարարում է «Դվին» հոլդինգը: Հիմա նա, փաստորեն, չարաշահել է բնակիչների վստահությունը, պետք է այլ մատակարարներ գտնել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել