Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Եվ դարձյալ իշխանափոխություն

Մայիս 27,2009 00:00

Խոստանում է Երեւանի ավագանու ընտրություններում առաջադրված ՀԱԿ-ը՝ իր նախընտրական ծրագրում

«Առավոտը» մայիսի 7-ին «Երեւանյան իրավահարաբերություններ» հոդվածում անդրադարձել է մայրաքաղաքում ավագանու ընտրությունների համար առաջադրված կուսակցությունների նախընտրական ծրագրերի այն դրույթներին, որոնք վերաբերում էին քաղաքի բնակիչների իրավունքներին: Այդ ժամանակ Հայ ազգային կոնգրեսը դեռ չէր հրապարակել իր նախընտրական ծրագիրը: Այսօր, երբ ձեռքի տակ ունենք նաեւ ՀԱԿ-ի ծրագիրը, անդրադառնանք, թե ինչն է կարեւորում Կոնգրեսը՝ մայրաքաղաքի իրավական ոլորտում:

Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ծրագիրն ավելի շատ հիշեցնում է Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքային ելույթները: Երկրում ստեղծված «ավազակապետական» ռեժիմի տապալման հույսը ՀԱԿ-ը կապում է իշխանափոխության հետ, որի համար բացառիկ հնարավորություն են համարվում Երեւանի ավագանու ընտրությունները, որը «կշտկի մարտի 1-ի սպանդի կործանարար հետեւանքները»: «Այս ընտրություններում հաղթանակի պարագայում ՀԱԿ-ն իրագործելու է ամբողջ Հայաստանում քաղաքական եւ սոցիալ-տնտեսական համակարգի արմատական վերափոխում՝ այդ վերափոխման սկիզբը դնելով Երեւանից», ընտրողին հույս է տալիս ընդդիմությունը:

Հարկ է նշել, որ ՀԱԿ-ի ծրագիրը բավականին հարուստ է մարդու իրավունքների, երկրում սահմանադրական կարգը վերականգնելու ու ամրապնդելու եւ, առհասարակ, կարգ ու կանոն ապահովելու դրույթներով: Կոնգրեսը խոստանում է. «Կվերականգնվեն հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելու քաղաքացիների իրավունքները: Բոլոր քաղաքական ուժերին հնարավորություն կտրվի ազատորեն օգտվել Երեւանի հրապարակներից եւ փողոցներից՝ զանգվածային միջոցառումներ անցկացնելու համար»: Կոնգրեսը, ի տարբերություն մրցակից կուսակցությունների, չի մոռացել «Ա1+»-ը եւ իր ծրագրում կարեւորում է նաեւ ազատ խոսքի ու մամուլի ապահովումը եւ խոստանում է, որ «Երեւանում կստեղծվի մալուխային հեռուստատեսություն, որով հեռարձակվելու հնարավորություն կստանան բոլոր ցանկացող հեռուստաընկերությունները, այդ թվում նաեւ նրանք, որ փակվել են իշխանությունների կողմից: Կճեղքվի իշխանությունների կողմից պարտադրված տեղեկատվական շրջափակումը եւ վերահսկողությունը էլեկտրոնային լրատվամիջոցների նկատմամբ»:

ՀԱԿ-ի նախընտրական ծրագիրը երեւանցիներին խոստանում է «փլուզել ավազակապետական կոռուպցիոն բուրգը»: Այնտեղ ասվում է. «Հայաստանում ստեղծված կոռուպցիոն համակարգում իր զգալի մասնակցությունն ունի Երեւանի քաղաքապետարանը: Հողհատկացումները, երթուղային գծերի բաշխումը, ճանապարհաշինությունը, գնումների իրականացումը եւ շահութաբեր գործունեության այլ տեսակներ յուրայիններին հատկացնելը դարձել է Երեւանի քաղաքապետի հիմնական գործառույթը՝ նրան դարձնելով կոռուպցիոն սխեմաների կարեւոր օղակ»: ՀԱԿ-ը կարծում է, որ երկրում տապալված է սահմանադրական կարգը եւ այն կարող է վերականգնվել միայն իրենց իշխանության գալով. «Ընդդիմության կողմից ձեւավորված քաղաքային իշխանությունը, գործով ցույց տալով իր որակների տրամագծային տարբերությունը ապօրինի վարչախմբի նկատմամբ, հնարավոր կդարձնի քաղաքական մեխանիզմներով հասնել խորհրդարանական եւ նախագահական արտահերթ ընտրությունների միջոցով երկրում լեգիտիմ իշխանության ձեւավորմանը եւ սահմանադրական կարգի վերականգնմանը»: Քաղաքային իշխանությունները պատասխանատու կլինեն բացառապես օրենքի եւ երեւանցիների առջեւ: Երեւանցիների հետ հանրային քննարկումների միջոցով կմշակվեն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենսդրությունը բարեփոխելու վերաբերյալ առաջարկներ, մասնավորապես՝ կնախաձեռնվի «Երեւանի մասին» օրենքի բազմաթիվ թերությունների եւ այլ օրենքների հետ հակասությունների վերացումը:

Կոնգրեսը խոստանում է նաեւ Երեւանի կառավարման քաղաքական նոր մշակույթ. քաղաքապետարանի աշխատանքը կլինի թափանցիկ, իսկ նրա պաշտոնյաները՝ քաղաքացիների առջեւ հաշվետու: Բավականին ողջունելի է ՀԱԿ-ի ծրագրային այն դրույթը, որը նախատեսում է Երեւանի հատակագիծը յուրաքանչյուր քաղաքացու համար դարձնել մատչելի. «Այն կտեղադրվի նաեւ համացանցում՝ ինտերնետում, ինչը թույլ կտա վերացնել ինֆորմացիայի նկատմամբ վերահսկողության շահարկումը կոռուպցիոն նպատակներով եւ հավասար պայմաններ կստեղծի բիզնեսի զարգացման եւ առքուվաճառքի պլանավորման համար»:

ՀԱԿ-ը կարեւորում է նաեւ քաղաքացիների իրավունքների, սեփականության եւ օրինական շահերի պաշտպանությունը եւ խոստանում ստեղծել հասարակական կարգը պահպանող համապատասխան ծառայություն, որը «կապահովի քաղաքացիների համակեցության կանոնները»: Իսկ սեփականության իրավունքի վերաբերյալ կոնգրեսի նախընտրական ծրագրում գրված է. «Կճանաչվի 10 եւ ավելի տարի հողը եւ դրա վրա կառուցված գույքը բարեխիղճ, բացահայտ եւ անընդմեջ տիրապետողների, մասնավորապես նախկին այգեգործական ընկերությունների անդամների սեփականության իրավունքը: 2000-2008թթ. իրացման գոտիներում հայտնված եւ տուժած քաղաքացիները կստանան արդարացի հատուցում: Հատուցման կարգը եւ սկզբունքները կհամաձայնեցվեն տուժողների կամ նրանց շահերը ներկայացնող կազմակերպությունների հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել