Սեփականատերը՝ հարեւան սեփականատիրոջ դեմ
Մայրաքաղաքի Գայի 16 հասցեում է գտնվում Նազիկ Ղարիբյանի սեփականություն հանդիսացող քարե շինությունը: Դեռեւս 1998թ. նախ վարձակալության հիմունքներով, ապա սեփականության իրավունքով, Երեւանի քաղաքապետի որոշմամբ Ն. Ղարիբյանին է հատկացվում Նոր Նորքի 3-րդ զանգվածի թիվ 7 շուկայի հարեւանությամբ գտնվող հիշյալ շինությունը: Սակայն հարեւան սեփականատեր Վ. Գեղամյանն անցյալ տարվա հունիսին, առանց քաղաքաշինական փաստաթղթերի, սկսում է իրականացնել շինարարական աշխատանքներ՝ քանդելով Ն.Ղարիբյանի տանիքի մի մասը եւ ջրահեռացման թիթեղները: Ն.Ղարիբյանը դիմում է թաղապետ Դ. Պետրոսյանին, Երեւանի քաղաքապետին (հողի վերահսկողության վարչության պետին), ՀՀ նախագահի վերահսկողական վարչությանը, Մարդու իրավունքների պաշտպանին: Նոր Նորքի թաղապետը դեռ անցյալ տարի արձանագրում է ինքնակամ կառույց-ապօրինությունը, սակայն արձանագրությունը մնում է թղթի վրա: Քաղաքացին էլ մինչ օրս դժգոհում է, որովհետեւ մեկամյա ժամկետում, տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն, ապօրինի շինությունը կանխելուց կամ կասեցնելուց հետո թաղապետը պարտավոր էր ապահովել դրանց հետեւանքների վերացումը: Այն, որ Գեղամյանը բանի տեղ չի դնում հանրապետական թաղապետի խոսքը եւ պահանջը, հաստատվում է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի պաշտոնական գրությամբ (18.04.09թ):
Ըստ այդ գրության, «իրավախախտող Վ. Գեղամյանի կողմից ամբողջությամբ չեն կատարվել Նոր Նորքի թաղային համայնքի ղեկավարի վերոհիշյալ որոշման պահանջները, ուստի գրավոր առաջարկվել է թաղային համայնքի ղեկավարին, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ»: Ի դեպ, այսպիսի բովանդակությամբ մի գրություն էլ փոխքաղաքապետն ուղարկել էր ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դ. Սարգսյանին, այն էլ, երբ Ն. Ղարիբյանը իր սեփականության պաշտպանության խնդիրը բարձրացրել էր նաեւ ՀՀ կառավարությունում:
Նոր Նորքի թաղապետի առանձին որոշմամբ (05.08.08) Վ. Գեղամյանը ենթարկվում է վարչական տույժի՝ տուգանվելով 200 000 դրամով, սակայն իր կառուցած ապօրինի շինությունը չի քանդում՝ էական վնաս հասցնելով հարեւան սեփականատիրոջը՝ Ն. Ղարիբյանին: Վերջինս ճարահատյալ դիմում է քաղաքաշինական պետական տեսչությանը, որը որոշում է դիմել Նորքի թաղապետին, պահանջելով դադարեցնել ինքնակամ շինարարական աշխատանքները, Վ. Գեղամյանին տալ պարտադիր քանդման մասին ցուցում, իսկ ինքնակամ կառույցի համար էլ միջոցներ ձեռնարկել դրա հետեւանքները վերացնելու ուղղությամբ:
Երեկ մեր տեսախցիկն արձանագրեց հետեւյալ պատկերը: Անձրեւաջրերն ու աղբը լցվել էին Ն. Ղարիբյանի տարածքը, իսկ իրավախախտման հետեւանքները «աճել» էին: