Վերջերս «Առավոտին» էր դիմել 84-ամյա Լենա Թադեվոսյանը, որին վրդովեցրել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների վերաբերմունքը: Տիկին Լենայի պատմելով՝ 166 օր է, չի կարողանում իր 55 տարվա տունը սեփականաշնորհել, այնինչ դիմում տալու օրը քաղաքապետարանը նրան վստահեցրել էր, որ 40 օրվա ընթացքում գործերը կկարգավորեն: Մենք այս ամսվա 19-ին «Դիմումով չեն զբաղվում» հրապարակումով անդրադարձել էինք այդ խնդրին: Քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Արտյոմ Սարգսյանը մեզ հետ զրույցում վստահեցրել էր, որ եթե Լենա Թադեւոսյանը մոտենա պարոն Սարգսյանին եւ ներկայացնի խնդիրը, ապա այն կլուծեն: Իրավաբանական վարչության պետի նշած օրը տիկին Լենան հանդիպել է Ա. Սարգսյանին: Պարոն Սարգսյանը, տիկին Լենայի խոսքերով՝ վստահեցրել է, որ մեկ շաբաթից տիկինը կարող է իր տան սեփականության վկայականը ստանալ: Երեկ կրկին «Առավոտին» Լենա Թադեւոսյանը դժգոհեց, որ մեկ շաբաթն էլ անցավ, սակայն քաղաքապետարանը նորից անտեսեց իր հարցը. «Մեծ կին եմ, հազիվ եմ քայլում, չեն էլ ամաչում, խիղճները կորցրած՝ ամեն օր տանում-բերում են: Մի մեծահարուստ մոտները գնացած լիներ, պատկերացնում եմ, թե ի՜նչ արագությամբ ամեն ինչ կկարգավորեին»: