Թեպետ բանակային կյանքի դժվարություններով չեն անցել
Ըստ «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» հ/կ-ի՝ կառավարության 17 տղամարդ պաշտոնյաներից զինվորական ծառայություն են անցել միայն 6-ը: Օրինակելիներն են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը: Մնացած նախարարները, հ/կ-ի տվյալներով, զինվորական ծառայություն չեն անցել: Այս հ/կ-ի նախագահ Ռուբեն Թորոսյանի խոսքերով, նախարարների զինվորական ծառայություն չանցնելը «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի խախտում է, ըստ որի՝ պետական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց համար պարտադիր է զինվորական ծառայությունը: «Առավել դժվար է պատկերացնել կրթության եւ գիտության ՀՀԿ-ական նախարարի վիճակը՝ ի՞նչ օրինակով պետք է բացատրի մեր երիտասարդներին, որ զինվորական ծառայություն անցնելը ոչ միայն օգտակար է տղամարդու համար, այլեւ՝ անհրաժեշտ է մեր հայրենիքի պաշտպանությանն ու անվտանգությանը: Կառավարության այս ցուցանիշը՝ 35%, թերեւս ամենացածրն է շարունակվող մեր հետազոտություններում»,- նշել է պարոն Թորոսյանը:
Այս առնչությամբ «Առավոտը» փորձեց պարզաբանումներ ստանալ այն նախարարներից, որոնք չեն ծառայել:
Այսպես. արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի զինվորական ծառայություն չանցնելը՝ նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն այսպես պատճառաբանեց. «Դիվանագիտական ծառայությունն էլ է ծառայություն: Ընդ որում, նա իր առաջին դիվանագիտական ծառայությունն անց է կացրել Լիբանանում, երբ այնտեղ քաղաքացիական պատերազմ էր ընթանում»: Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի չծառայելն էլ այս նախարարության մամուլի ծառայությունից պարզաբանեցին, որ «նրա սովորելու տարիներին համալսարաններում ուսանողները զինծառայություն անցել են զինվորական ամբիոնում: Քանի որ նա նաեւ սովորել է Սանկտ Պետերբուրգի Գերցենի անվան մանկավարժական համալսարանի ասպիրանտուրայում եւ պաշտպանել է գիտությունների թեկնածուի ատենախոսություն, ուստի զինվորական ծառայությունից ազատվել է»: Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ու կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, սովորելով Երեւանի բժշկական համալսարանում եւ ուսումը շարունակելով ասպիրանտուրայում, ինչպես նաեւ զինծառայություն անցնելով զինվորական ամբիոնում, կրկին ազատվել են բանակից: Նշենք, սակայն, որ Հարություն Քուշկյանն ունի սպայի կոչում, իսկ Արմեն Աշոտյանը՝ զինգրքույկ: Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի մամուլի քարտուղար Բաղդասար Մհերյանին այնքան էլ դուր չեկավ մեր հարցը, թե ինչո՞ւ իրենց նախարարը չի ծառայել: Նրա խոսքերով. «Այդ հ/կ-ի նախագահ Ռուբեն Թորոսյանին խորհուրդ եմ տալիս իր գործով զբաղվի, իսկ մեր նախարարի մոտ ամեն ինչ նորմալ է: Պարոն Վարդանյանը սովորել է Գյուղատնտեսական ինստիտուտում, որտեղ էլ մասնակցել է զինվորական ամբիոնի դասընթացներին եւ ունի սպայի կոչում»: Նա առիթը բաց չթողեց գովերգելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երեւանի ավագանու թեկնածու Հ. Քուշկյանին, քանի որ հանդիսանում է նաեւ ԲՀԿ-ի մամուլի քարտուղարը: Ըստ նրա՝ իրենց թեկնածուի մոտ էլ այդ հարցի կապակցությամբ ամեն ինչ նորմալ է:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Գեւորգ Պետրոսյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ու տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանն էլ են զինծառայություն անցել իրենց բուհերի զինվորական ամբիոններում, ինչպես նաեւ սովորել են ասպիրանտուրաներում, ինչի պատճառով էլ ազատվել են բանակից:
Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի զինծառայություն չանցնելու վերաբերյալ՝ այս նախարարության մամուլի ծառայությունից շաբաթվա ընթացքում որեւէ պարզաբանում այդպես էլ չտվեցին: Այս ցուցակում տեղ է գտել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Սակայն կառավարության մամուլի ծառայությունից «Առավոտին» պարզաբանեցին, որ Ժողովրդական տնտեսության ինստիտուտում նա մասնակցել է զինվորական ամբիոնի դասընթացներին: Բացի այդ, ուսումն ավարտելուց հետո նա մասնակցել է 1-ամսյա զինվորական հավաքի, որտեղ ստացել է զինվորական սպայի կոչում: