Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը նյարդային անկման մեջ է

Մայիս 27,2009 00:00

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծիքով, խոշոր հարկատուների «գլխին» հարկային տեսուչ նշանակելու

\"\"գաղափարը «բացարձակ հիմարություն եւ մաքուր անհեթեթություն է»:

Կառավարության կողմից ԱԺ ներկայացված «Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը պատգամավորների շրջանում, մեղմ ասած՝ խառնաշփոթ առաջացրեց: Բանն այն է, որ վերջիններիս մտահոգել էր օրինագծի հատկապես այն կետը, ըստ որի՝ Պետեկամուտների կոմիտեն կարող է խոշոր տնտեսվարողներին պատկանող ընկերություններում վերահսկող տեսուչ նշանակել: Երեկ օրենքի նախագծի վերաբերյալ ասուլիսում իր կարծիքը հայտնեց Հայաստանի նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը: Նա օրինագիծը որակեց «բացարձակ հիմարություն եւ մաքուր անհեթեթություն», ավելին, ըստ պարոն Բագրատյանի, հարկային տեսուչներ նշանակելը՝ կառավարության նյարդային անկման հետեւանքն է: Հ. Բագրատյանի ներկայացմամբ, անընդունելի է նաեւ այն, որ այս օրինագիծը տարածվում է միայն տեղական արտադրողների վրա, ներմուծողներին չի վերաբերում, մինչդեռ մեր ՀՆԱ-ի 40%-ը կազմում է ներմուծումը:

Տնտեսագետը քննադատաբար խոսեց նաեւ կառավարության հակաճգնաժամային ծրագրի վերաբերյալ՝ նշելով, որ, ըստ էության, նման ծրագիր գոյություն չունի. «$10 միլիոն տվել են լեռնահանքային արդյունաբերությանը: Ո՞ւմ են տվել՝ այդպես էլ չասացին: Եթե դա տվել են Քաջարանին, ապա ասեմ, որ լուրջ պրոբլեմներ կան Քաջարանի հետ կապված: Հիմա այդ գործարանը իրացման հետ կապված խնդիրներ ունի: Այդ օգնությունը տրված էր կոնկրետ մարդու: Եթե իրոք մեզ չբացատրեն, թե ով է Քաջարանի գործարանի տերը, եւ ինչպես է այն սեփականաշնորհվել: Սովորաբար փողը պարտքով են տալիս, բայց այս դեպքում հասկանալի չէ, թե այն ինչ պայմաններով են տրամադրել այդ գործարանին: Իսկ եթե դա վարկ է, ապա ինչու Ազգային ժողովը դա օրենքով չի հաստատում»: Հ. Բագրատյանի համար անհասկանալի է մնացել նաեւ այն, թե ինչպե՞ս է բաշխվելու ՌԴ-ի տրամադրած $500 միլիոնի վարկը. «Վարչապետը հայտարարում է՝ 30 միլիոն կտանք փոքր եւ միջին բիզնեսին, իսկ 470 միլիոնից ինչո՞ւ չեք խոսում: Փողը ստացել են, հիմա մտածում են, եթե հասարակությունը ընդվզի՝ մի երկու բացատրություն կտան, չընդվզեն՝ ոչ մի բացատրություն էլ չեն տա»: Տնտեսագետը չմոռացավ նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանին. «Այսօր գոյություն ունի լկտի բանկային ոլորտ, որը այդպես է դարձել Տիգրան Սարգսյանի շնորհիվ: Իսկ դրա համար պատժվելու փոխարեն՝ նա դարձավ վարչապետ»: Հ. Բագրատյանը հիշեցրեց նաեւ, որ ժամանակին, երբ երկրի իշխանությունն իրենց ձեռքերում էր, իրենք Տ. Սարգսյանի հանդեպ շատ մեծահոգի են եղել. «Մեր ժամանակ մենք լսում էինք օպոզիցիային: Նույն Տիգրան Սարգսյանին մենք առաջարկեցինք դառնալ բանկերի ասոցիացիաի նախագահ: Ինքը շատ լավ քաղաքական օպոզիցիա էր եւ առաջին նախագահի հասցեին թույլ էր տալիս այնպիսի բառեր, որ մենք մեզ թույլ չենք տալիս: Նրան անվանում էր անբան, ծույլ: Ասոցիացիայի նախագահ դառնալուց հետո էլ նա մեզ ընդդիմանում էր, մենք դա թույլ ենք տվել: Ես լավ եմ ճանաչում վարչապետին: Նրանից որեւէ լավ բան պետք չէ սպասել: Մենք մի բան չէինք գուցե, բայց այդքան մեծահոգի ենք եղել: Սրանք չեն հասկանում, որ իրենց փոքրոգությունը գալիս է ինտելեկտի պակասից»:

Տնտեսագետը կանխատեսեց, որ Հայաստանում տնտեսական անկումը կլինի 7-12%, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի կողմից կատարված ավելի լավատեսական կանխատեսումներին խորհուրդ տվեց լուրջ չվերաբերվել. «Արհամարհեք դա»: Նախկին վարչապետի համոզմամբ, այս իրավիճակի ելքը իշխանափոխությունն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել